Լրահոս
Օրվա լրահոսը

«Այլ սկզբունք չի քննարկվում, հասարակությանը տհաճ անակնկալներ չունենք»․ Արարատ Միրզոյանը՝ Կանոնակարգի շրջանակում Ադրբեջանի հետ, Ալմաթայից բացի, այլ սկզբունքի քննարկման հարցի առիթով

Սեպտեմբեր 09,2024 14:50 Share

«Մենք հենց այսօր ունենք ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության պաշտոնական մեկնարկ»,- Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա վստահեցրեց՝ ՀՀ-ի օրակարգի կարևոր մաս են ՀՀ-ԵՄ հարաբերությունները, այժմ նոր գործընկերության օրակարգի վերջնականացման փուլում ենք։ ՀՀ ԱԳ նախարարը հայտնեց՝ ՀՀ-ն փոխանցել է Ադրբեջանին խաղաղության պայմանագրի նախագծի 10-րդ խմբագրությունը․ «Մենք հավատացած ենք, որ իրական հնարավորություն կա սեղմ ժամկետներում ստորագրել խաղաղության պայմանագիրը և Հարավային Կովկասում մեր մասով երկարատև կայունության և խաղաղության դարաշրջան բացել։ Մեր մոտեցումները ենթակառուցվածքների հարցում հանրահռչակված են՝ պատրաստ ենք օր առաջ, րոպե առաջ սկսել ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը մեզ բոլորիս հայտնի խաղաղության խաչմերուկի հայեցակարգում ներկայացված սկզբունքների շրջանակում»։

Փաստմանը՝ ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի շուրջ դեռ տարաձայնություններ ունեն և հարցին՝ արդյոք Ալմաթայի հռչակագիրը նախագծում ամրագրելը այդ տարաձայնությունների շարքո՞ւմ է, Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Այն տեքստը, որն այս պահին առաջարկել ենք՝ մեր վերջին խմբագրական առաջարկը, ամբողջապես համաձայնեցված տեքստ է։ Այսինքն՝ դրանք կամ հոդվածներ են, որոնք նախկինում ամբողջապես են համաձայնեցվել կամ հոդվածների այն մասերը, որոնք արդեն հաջողվել էր համաձայնեցնել։ Ստացվում է՝ տեխնիկապես և փաստացի՝ ամբողջ տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է։ Սա է եղել մեր առաջարկը՝ ստորագրել այն, ինչ հաջողվել է այս ընթացքում համաձայնեցնել։ Հետևաբար` տեքստի շուրջ անհամաձայնություն չունենք։ Այլ բան, որ երբեմն ադրբեջանական կողմն այլ նախապայմաններ կամ այլ խնդիրներ է փորձում ներառել ընդհանուր բանակցային գործընթացում։ Մեր մոտեցումն այն է, որ մենք կարող ենք օր, րոպե առաջ արդեն համաձայնեցված տեքստը ստորագրել։ Իհարկե, մի պայմանագրով բոլոր հարցերը հնարավոր չի լինի կարգավորել, մնացյալը կմնա հետագա բանակցություններին կողմերի՝ երկուստեք հետաքրքրության դեպքում այս կամ այն հարցում»։

Մյուս հարցին՝ «ՀՀ-ի Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և ՀՀ-ի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում երբ խոսվում է՝ Ալմաթայից բացի այլ սկզբունք ամրագրելու հնարավորության մասին, ի՞նչ սկզբունքի մասին է խոսքը, ի՞նչ է քննարկվում, արդյոք Ադրբեջանն այլ սկզբո՞ւնք է առաջ մղում, Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Վախենամ՝ մի փոքր շփոթ կա․ ասվում է՝ հիմքը Ալմաթայի հռչակագիրն է, և եթե այլ սկզբունք կամրագրվի հարաբերությունների հաստատման պայմանագրում, ապա մենք կփոխենք համապատասխանաբար։ Այլ սկզբունք չի քննարկվում։ Տեքստում այն, ինչ նկատի ունեիք, կա․ համաձայնեցված հատվածում է։ Չեմ ուզում առաջ անցնել և առանձին դետալներ բացահայտել, թեև շատ մեծ գաղտնիք էլ չէ իրականում, բայց բանակցային էթիկետ չխախտելու համար։ Մենք մեր հասարակությունից գաղտնիք չունենք, տհաճ անակնկալներ էլ չունենք, բայց այլ սկզբունք, որը կփոխեր նա, այս պահին չի քննարկվում»։

Հստակեցմանը՝ խաղաղության համաձայնագրում ի վերջո քանի՞ կետ կա, քանի որ վարչապետը երկու տարբեր թվեր ասաց, Արարատ Միրզոյանն այսպես արձագանքեց․ «Հավանաբար վարչապետը նաև նախաբանն է առանձին դիտարկել, բայց տեխնիկապես հիմա ունենք 16 հոդված, որոնցից 13-ը ամբողջապես համաձայնեցված էին, երեքը՝ մասնակի համաձայնեցված հոդվածներից էին»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30