Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեր կառավարության ղեկավարի ուղերձի վերաբերյալ իր անհանգստությունն էր հայտնել Լեմկինի ինստիտուտը. Էդգար Ղազարյանը՝ Վահան Կոստանյանին

Նոյեմբեր 11,2024 15:43 Share

«Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը ԵԽ, նաեւ ԵԱՀԿ անդամ պետություններ են: ԵԽ-ին երկու պետություններն էլ անդամակցել են՝ ստանձնելով որոշակի պարտավորություններ, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի խնդիրը խաղաղ հանգուցալուծելու նպատակով: Եվ ձեւավորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահությունը այդ խնդիրը՝ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների հիման վրա լուծելու համար: 2020թ ԵԽ տարածքում, անկախ դրանից, թե վարչական պատկանելությունը եղել է հայկական, թե ադրբեջանական, ադրբեջանական կողմը սանձազերծել է լայնամասշտաբ պատերազմական գործողություններ, որի հետեւանքով տուժել են ոչ միայն զինված ուժերի հազարավոր զինծառայողներ, այլեւ սպանվել են, այդ թվում խաղաղ բնակչություն եւ երեխաներ;

Դուք ներկայացնում եք մի կառավարություն, որն իր գործունեության ծրագրով թե 2018թ, թե 2021-26թթ, պարտավորություն է ստանձնել ապահովելու Արցախի Հանրապետության եւ Արցախի ժողովրդի անվտանգությունը: Ես խնդրում եմ, որպեսզի դուք գնահատեք, թե ինչ արդյունավետությամբ եք կատարել ձեր ստանձնած պարտավորությունները որպես կառավարություն՝ Արցախի ժողովրդի, այդ թվում երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ»,- խորհրդարանական լսումների ժամանակ, որտեղ քննարկվում էր ՀՀ չորրորդ ազգային զեկույցում երեխայի իրավունքների վերաբերյալ ներկայացվելիք հարցերը» թեման, արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանից հետաքրքրվեց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանը:

«Ես հիշում եմ նաեւ, որ Արցախը Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ պահելու ժամանակահատվածում դուք ինքներդ էիք ղեկավարում եւ համակարգում Արցախին մարդասիրական օգնություն հասցնելու Հայաստանի կառավարության նախաձեռնությունը, որն այդպես էլ տեղ չհասավ: Ավելին, դրա փոխարեն 2023թ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ագրեսիա իրականացրեց Արցախի այլեւս խաղաղ բնակչության նկատմամբ, եւ դա պատճառ հանդիսացավ ցեղասպանության եւ Արցախի ողջ հայ էթնիկ բնակչության տեղահանության: Խնդրում եմ, գնահատեք ձեր կառավարության գործունեության արդյունավետությունն այդ առումով եւ ասեք նաեւ, թե ազգային զեկույցում ինչ անդրադարձ է կատարվել այս ցեղասպանության խնդրին, մանավանդ որ դուք ասացիք, որ ձեր ուշադրության կենտրոնում են նաեւ ցեղասպանության խնդիրները, չնայած որ ձեր կառավարության ղեկավարի ապրիլի 24-ի ուղերձի կապակցությամբ իր անհանգստությունն էր հայտնել նաեւ Լեմկինի ինստիտուտը»,-հավելեց Էդգար Ղազարյանը:

Լսումները նախագահող ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանն ասաց, որ պետք է թեմայի շրջանակում հարցերը լինեն, պատասխանները՝ նույնպես: Էդգար Ղազարյանը հետաքրքրվեց, թե թեմայից շեղում որտե՞ղ է տեսել եւ խնդրեց սուբյեկտիվ դատողություններով չխանգարել:

«Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության վերաբերյալ ձեր գնահատականները, թույլ տվեք չկիսել, այն հարցերի վերաբերյալ, որոնք ձեր կողմից բարձրացվեցին, դրանց մեծ մասի պատասխանները բազմիցս հնչել են եւ հնչում են: Հաշվի առնելով այս լսումների նախագահող պարոն Բաքոյանի հորդորը՝ մնալ թեմայի շրջանակներում, ինչպես նաեւ հաշվի առնելով այսօրվա թեմայի կարեւորությունը, ես ընդամենը կնշեմ, որ այս զեկույցում բնականաբար տեղ են գտնելու մեր գնահատականները երեխաների իրավունքների պաշտպանության նկատմամբ առկա մարտահրավերների վերաբերյալ՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների վերաբերյալ:

Այս ուղղությամբ գաղտնիք չէ այն մեծածավալ աշխատանքը, որ իրականացվել է նախորդ մեկ տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից: Եվ վստահաբար այս աշխատանքները շարունակվելու են իրականացվել: Հույս ունեմ, որ այսօր ընթացող լսումների ընթացքում կգտնվեն նաեւ նոր լուծումներ, առաջարկներ կհնչեն, թե ինչպես Հայաստանի Հանրապետության ընտրված իշխանությունները պիտի հասցեագրեն ձեր կողմից բարձրացված խնդիրները, պարոն նախկին դեսպան»,-ասաց Կոստանյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930