«Ես կդատապարտեի բռնությունը և հիմա էլ եմ դատապարտում ֆիզիկական, վերբալ, հոգեբանական բռնությունը։ Բոլոր տեսակի բռնությունները դատապարտել եմ այն ժամանակ, հիմա և ապագայում։ Ես կարծում եմ ու համոզմունք ունեմ, որ բռնությունը մեր քաղաքական մշակույթում պետք է տեղ չունենա»,-հարցին՝ 2018 թվականից առաջ, երբ Հայկ Կոնջորյանը լրատվական գործունեություն էր ծավալում, եթե Տարոն Մարգարյանը լիներ քաղաքապետ, և նրա վարչական շրջանի ղեկավարը ուղիղ եթերում մարդ ծեծեր, ինչպես տեղի ունեցավ Նոր Նորքի թաղապետարանում, ինչպիսի՞ հաղորդում կնկարեր Հայկ Կոնջորյանը, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Լրագրողների հարցին՝ մի՞թե չպետք է լինի քաղաքական պատասխանատվություն Նոր Նորքի թաղապետարանում կատարվածի համար, Հայկ Կոնջորյանն այսպես պատասխանեց․ «Քանի որ Նոր Նորքի թաղապետն այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, կարծում եմ դա իրենց քաղաքական պատասխանատվության տիրույթում է և քաղաքապետարանի քաղաքական պատասխանատվության տիրույթում է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ