Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն դեպքում, երբ հենց Ադրբեջանն է խոչընդոտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացմանը Լեռնային Ղարաբաղում՝ հետագա ոչնչացումները կանխելու և առկա ժառանգությունը փաստագրելու համար, Ադրբեջանը ինքն է խոսում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի իրականացման մասին և այն էլ Հայաստանում». հայտարարություն

Մայիս 21,2025 23:48

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անտեսելով Եվրոպական Խորհրդարանի զեկույցներն ու բանաձևերը, Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցների կիրառման որոշումները, որոնք փաստում են Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական մշակութային ժառանգության կանխամտածված, ռասայական ատելության հիմքով ոչնչացման, յուրացման և խեղաթյուրման մասին՝ ուղերձ է հղել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում սույն թվականի մայիսի 21-ին անցկացվող խորհրդաժողովին, նշելով, որ «Հայաստանը պետք է հրաժարվի հարևան պետությունների նկատմամբ տարածքային պահանջներից, քայլեր ձեռնարկի մեր մշակութային ժառանգությունը վերականգնելու և պահպանելու համար, թույլ տա ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը մոնիթորինգ անցկացնել այս նպատակով, ինչպես նաև երկխոսություն սկսի Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ վերադարձի հարցի շուրջ»։

Այն դեպքում, երբ աշխարհի ժողովրդավարական ամենամեծ ներկայացուցչական մարմիններից մեկը՝ Եվրոպական խորհրդարանն իր 2023/2119(INI) զեկույցով Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության վրա Ադրբեջանի հարձակումներն ու դրանց հետևանքները, ներառյալ շուրջ 120․000 մարդկանց բռնի տեղահանումը համարել է էթնիկ զտումներ, իսկ 2024 թվականի հոկտեմբերի 23-ի բանաձևում արձանագրել մարդու իրավունքների զանգվածային խախտումների մասին, Ադրբեջանը փորձում է հայելային քաղաքականությամբ ձեռնպահ մնալ միջազգային իր իսկ ստանձնած պարտավորությունները կատարելու պատասխանատվությունից։

Այն դեպքում, երբ հենց Ադրբեջանն է խոչընդոտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացմանը Լեռնային Ղարաբաղում՝ հետագա ոչնչացումները կանխելու և առկա ժառանգությունը փաստագրելու համար, Ադրբեջանը ինքն է խոսում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի իրականացման մասին և այն էլ Հայաստանում։

Մինչդեռ Եվրախորհրդարանի 2022 թվականի «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը (N 2582) կոչ է անում Ադրբեջանին ձեռնարկել քայլեր՝ կանխելու հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերը, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել այդ գործողությունների հեղինակներին, Ադրբեջանը, շարունակում է վարել ժխտողական և իր իսկ պատասխանատվությունը մերժող քաղաքականություն։

Անկարայում անցկացված միջազգային խորհրդաժողովում, որը կրել է «Արևմտյան Ադրբեջան վերադարձը՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» խորագիրը, Իլհամ Ալիևը նշել է նաև, որ Արևմտյան Ադրբեջանի համայնքի խաղաղ նախաձեռնությունները, որոնք համապատասխանում են միջազգային իրավունքին, աջակցություն են ստանում միջազգային հանրության կողմից։ Մինչդեռ հենց միջազգային հանրությունն է բազմիցս նշել, որ Ադրբեջանը խախտել է մարդու իրավունքները, որոնք հասել են ահագնացող չափերի։

Լեռնային Ղարաբաղի փախստականների միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ցեղասպան, հայատյաց, հայ ժողովրդի հիմնարար իրավունքները ոտնահարող հռետորաբանությունը, պատմական փաստերի խեղաթյուրումը, տարածքային պահանջներն ու միջազգային իրավունքի անարգման հետևողական քաղաքականությունը։ Մենք հիշեցնում ենք, որ մի ողջ ժողովրդի իր պատմական հայրենիքից բռնի հեռացումը, իրագործված պատերազմական հանցանքներն ու միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ անարգումը չեն կարող անպատիժ մնալ։

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ դեմ գնալ Ադրբեջանի սպառնալիքներին, պաշտպանել հայ ժողովրդի անքակտելի իրավունքները, դատապարտել էթնիկ զտումները, մշակութային ցեղասպանությունն ու պատմության կեղծումը, և գործնական քայլերով արձագանքել շարունակվող խտրականությանն ու ատելության տարածմանը։

ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031