Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփի «Մերձավոր Արեւելքի ոսկեդարի» խոստումն ու Թեհրանի՝ Վաշինգտոնի նկատմամբ «զրո վստահությունը»

Ապրիլ 14,2026 11:00 Share

Պատերազմի 40-րդ օրը ԱՄՆ-ը եւ Իրանը երկշաբաթյա հրադադար հաստատեցին

Փետրվարի 28-ից ԱՄՆ-Իսրայել համատեղ հարձակումն ընդդեմ Իրանի փոթորկեցին Մերձավոր Արեւելքը, ողջ աշխարհի ուշադրությունը սեւեռված է դեպի Իրանի դեմ պատերազմն ու դրա հետեւանքները։ Մեկնարկած բանակցությունները հույս արթնացրեցին, որ հնարավոր կլինի խուսափել ավելի մեծ ու վտանգավոր բախումից։

Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անգամ սպառնաց. «Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կվերանա, եթե Թեհրանը չընդունի պատերազմը դադարեցնելու ԱՄՆ առաջարկները եւ չբացի Հորմուզի նեղուցը»։ Մինչ այդ Թրամփը սպառնացել էր մեկ գիշերում ամբողջովին ոչնչացնել Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքները, եթե Թեհրանը չհամաձայնի ԱՄՆ-ի առաջարկներին։

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, ում անունը չէր նշվել, մինչ այդ Reuters-ին ասել էր, որ Թեհրանը մերժել է ժամանակավոր հրադադարի վերաբերյալ բոլոր առաջարկները եւ նախապայմաններ է ներկայացրել՝ ԱՄՆ-ի հետ «երկարատեւ խաղաղության» շուրջ բանակցելու համար։ Ըստ այդմ՝ պետք է անհապաղ դադարեցվեն հարվածները, երաշխիքներ տրվեն, որ դրանք չեն կրկնվի ապագայում, եւ վնասի փոխհատուցում տրամադրվի։

Չնայած առկա լարվածությանը, Իրանն, այնուամենայնիվ, դրական գնահատեց Պակիստանի կողմից առաջարկված երկշաբաթյա հրադադարի խնդրանքը։ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը ԱՄՆ նախագահին խնդրել էր երկու շաբաթով երկարաձգել Իրանին տված վերջնաժամկետը։ Պակիստանի վարչապետը նաեւ դիմել է Իրանին՝ որպես բարի կամքի դրսեւորում, երկու շաբաթով բացել Հորմուզի նեղուցը։

Ահա, պատերազմի 40-րդ օրը Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնեցին երկշաբաթյա անհապաղ հրադադար հաստատել։ Պակիստանի վարչապետը հայտնեց, որ իրանական եւ ամերիկյան պատվիրակություններին հրավիրել է Իսլամաբադ՝ բանակցությունների։ Իրանը հաստատեց իր մասնակցությունը։

Իսկ ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ համաձայնել է հրադադարին, քանի որ Իրանում գերազանցել են բոլոր ռազմական նպատակները եւ մեծ առաջընթաց ունեն «երկարաժամկետ խաղաղության հասնելու» հարցում։

Այնուհետեւ Թրամփը սոցցանցում հայտնեց, որ ԱՄՆ-ը Իրանից նոր առաջարկներ է ստացել, որոնք գործնական հիմք են բանակցությունների համար։ Նա նաեւ նշել էր, որ նախկինում վիճելի գրեթե բոլոր կետերի շուրջ համաձայնել են, իսկ 14-օրյա ժամկետը թույլ կտա վերջնական տեսքի բերել համաձայնագիրը։

Ավելի ուշ Թրամփը մեկ այլ գրառում էր արել. «Կարեւոր օր է համաշխարհային խաղաղության համար։ Իրանն ուզում է դա, նրանք բավականին հյուծվել են այս պատերազմի հետեւանքով։ Նույնը վերաբերում է նաեւ մյուսներին։ ԱՄՆ-ը կօգնի կարգավորել Հորմուզի նեղուցով երթեւեկությունը։ Շատ գումար հնարավոր կլինի աշխատել»։ Սպիտակ տան ղեկավարը անգամ նշել էր, որ ԱՄՆ-ն կօգնի Իրանի վերակառուցմանը. «Սա կարող է Մերձավոր Արեւելքի ոսկեդարը լինել»։

Մեկ այլ գրառմամբ էլ Թրամփը խոստանում էր, թե՝ ԱՄՆ-ը սերտ կհամագործակցի Իրանի հետ, որտեղ, ըստ նրա, «ռեժիմի փոփոխություն է տեղի ունեցել»։ Ապա շեշտել էր՝ Իրանը չի կարող հարստացնել ուրան, իսկ արդեն հարստացվածն էլ դուրս կբերվի երկրից, եւ ԱՄՆ-ը կքննարկի նաեւ Իրանի նկատմամբ մաքսատուրքերի եւ պատժամիջոցների մեղմացման հարցը։ Նա նաեւ սպառնացել էր՝ Իրանին զենք մատակարարող ցանկացած երկրի համար ԱՄՆ-ն անմիջապես 50 տոկոս մաքսատուրք կսահմանի։

Իսրայելն էլ իր հերթին հայտարարեց, թե սատարում է ԱՄՆ որոշումը, վստահեցրեց, որ դադարեցրել է Իրանի դեմ ռազմական գործողությունները։

Թեեւ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարեց, որ առաջիկա երկու շաբաթներին Հորմուզի նեղուցով անվտանգ երթեւեկությունը կապահովի Իրանի զինուժը, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լեւիթը նկատել էր. «Ճշմարտությունն այն է, որ նախագահ Թրամփը եւ մեր հզոր զինված ուժերը համոզեցին Իրանին համաձայնվել Հորմուզի նեղուցը վերաբացել, եւ բանակցությունները կշարունակվեն»։

Ի դեպ, երբ Թրամփին հարցրել էին գործարքի խզման դեպքում Իրանի քաղաքացիական էլեկտրակայաններն ու կամուրջները ոչնչացնելու իր սկզբնական սպառնալիքների մասին, նա պատասխանել էր. «Դուք պետք է դա տեսնեք»։ Թրամփը պնդել էր՝ Իրանի միջուկային ծրագրի հարցը կընդգրկվի ցանկացած խաղաղության համաձայնագրում։

Ապրիլի 10-ին Պակիստան մեկնելուց առաջ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ընդգծեց, որ անհամբեր սպասում է Իրանի հետ առաջիկա բանակցություններին, եւ որ ակնկալում է, որ Իսլամաբադում ծրագրված բանակցությունները դրական կլինեն։

Իրանական կողմը բանակցությունների գնաց Վաշինգտոնի նկատմամբ «զրո վստահությամբ»

Ապրիլի 11-ին Իրանի եւ ԱՄՆ-ի պատվիրակություններն Իսլամաբադում էին, որտեղ այդ օրն ավելի ուշ պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցություններն էին նախանշված։ Ամերիկյան պատվիրակությունը ղեկավարում էր փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդվեց նաեւ, որ բանակցություններին կմասնակցեն հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները։ Իրանական պատվիրակությունը ղեկավարում էր խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, նշվում էր, որ իրանական պատվիրակության կազմում 71 մարդ է ընդգրկված, այդ թվում՝ երկրի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Պարզ էր, որ Վաշինգտոնն ու Թեհրանը մի շարք տարաձայնություններով էին մեկնարկելու բանակցությունները։ Իրանը պնդում էր, որ երկշաբաթյա հրադադարը պետք է տարածվի նաեւ Լիբանանի վրա, պետք է վերացվեն պատժամիջոցները, ապասառեցվեն իրանական ակտիվները, ճանաչվի Հորմուզի նեղուցի նկատմամբ Թեհրանի ինքնիշխանությունը, իսկ նեղուցն ամբողջությամբ կբացվի Լիբանանում հրադադարից հետո։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին ասել էր, որ իրանական ակտիվների ապասառեցումը եւս ուղիղ կապ ունի նեղուցն ամբողջությամբ վերաբացելու հետ։ Ըստ նրա՝ այս պահանջով Թեհրանը ցանկանում է համոզվել՝ արդյոք ԱՄՆ-ն լուրջ է տրամադրված կայուն խաղաղության հասնելուն։ Պաշտոնյան նաեւ նշել էր, որ Վաշինգտոնը համաձայնել է ապասառեցնել իրանական ակտիվները։ ԱՄՆ-ը, մինչդեռ, պնդում էր, որ Լիբանանը հրադադարի գործարքի մաս չէ, Հորմուզը պետք է բացվի անմիջապես, Իրանն էլ պետք է հրաժարվի միջուկային ծրագրից։

Բանակցություններից առաջ ԱՄՆ նախագահը կրկնել էր՝ Իրանը չի կարող միջուկային ծրագիր ունենալ։ Թրամփը նաեւ նշել է, որ Հորմուզի նեղուցը այսպես թե այնպես շուտով կբացվի։ «Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ Բայց միեւնույն է՝ մենք կբացենք նեղուցը։ Մի՛ մոռացեք, որ մենք չենք օգտվում այդ նեղուցից, այլ երկրներ են օգտագործում այն», նկատել էր Թրամփը։

Իրանի խորհրդարանի խոսնակն, ի դեպ, կարծիք էր հայտնել, որ Թեհրանը բարի մտադրություններ ունի, սակայն չի վստահում ԱՄՆ-ին. «Ամերիկացիների հետ բանակցությունների մեր փորձերը միշտ ձախողվել են, տրված խոստումները խախտվել են»։

Իրանի արտգործնախարարը եւս հայտարարել էր՝ Թեհրանը բանակցությունների է գնում Վաշինգտոնի նկատմամբ զրո վստահությամբ։

ԱՄՆ եւ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների ամենաբարձր մակարդակի բանակցությունները

Ապրիլի 11-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում ամերիկացի եւ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների բանակցություններն ընթացան մի քանի փուլերով։ Նշվում էր, որ դա վերջին հիսուն տարում ամենաբարձր մակարդակի բանակցություններն էին, որոնք անցկացրել էին երկու պետությունները։ Ընդ որում, ի տարբերություն նախորդ միջնորդավորված բանակցությունների, այս անգամ բանակցությունները դեմ առ դեմ ձեւաչափով էին ընթացել։

Ինչպես հաղորդել էր Tasnim գործակալությունը, իրանական կողմը չէր բացառել, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններն Իսլամաբադում կարող են երկարացվել եւս մեկ օրով։ Tasnim գործակալությունը հայտնում էր՝ իրանական եւ ամերիկյան պատվիրակություններն «անցել են մանրամասների քննարկման եւ տեխնիկական բանավեճերի մի շարք խնդիրների շուրջ», եւ, չնայած «բանակցությունները նախատեսված էին մեկ օրով, հավանականություն կա, որ դրանք երկարացվեն եւս մեկ օրով»։ Իսկ Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ը բանակցությունների ընթացքում չափազանց մեծ պահանջներ է ներկայացնում։

ԱՄՆ եւ Իրանի բանակցություններում փակուղին պահպանվում է Հորմուզի նեղուցի վերահսկման հարցում, հայտնել էր Financial Times-ը՝ հղում անելով երկու աղբյուրների։ Զրուցակիցներից մեկը պարբերականին հայտնել էր, որ Իրանը պնդում էր, որպեսզի իրենք վերահսկեն նեղուցը եւ իրավունք ունենան վճար գանձել նավերի անցման համար։ Ինչպես նշվել էր հոդվածում, իրանցի բանակցողները մերժում են նեղուցի «համատեղ վերահսկման» գաղափարը։

Միայն Իրանը կարող է ցուցում տալ բացել Հորմուզի նեղուցը նավագնացության համար, Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ բանակցությունների ֆոնին հայտարարել էր Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար Էբրահիմ Ազիզին։

Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը, այս մասին գրել էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Ժողովրդին մեր ծառայությունը ոչ մի վայրկյան չի դադարում, եւ բանակցություններից ինչպիսի արդյունք էլ ստացվի՝ կառավարությունը հավատարիմ է մնում ժողովրդի կողքին լինելու իր պարտավորությանը», նշել էր նա։

Հարկ է նկատել, որ Թեհրանը «ինտենսիվ» էր որակել Իսլամաբադի բանակցությունները, սակայն, փաստորեն, արդյունքների հասնելու մասին տեղեկություններ չստացվեցին։ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային բանակցությունների հաջորդ օրը ամերիկյան կողմի հետ բանակցությունները բնութագրել էր «ինտենսիվ»՝ նշելով, որ դրանց հաջողությունը «կախված է հակառակ կողմի լրջությունից եւ բարի կամքից»։ Սոցցանցում արված գրառման մեջ Բաղային նաեւ կոչ էր արել Վաշինգտոնին զերծ մնալ «մաքսիմալիստական պահանջներից», «անօրինական խնդրանքներից» եւ ընդունել Իրանի «օրինական իրավունքներն ու շահերը»։ Նրա խոսքով՝ քննարկվող թեմաների թվում էին՝ Հորմուզի նեղուցը, Իրանի միջուկային ծրագիրը եւ «Իրանում պատերազմի լիակատար դադարեցումը»։

Նկատենք, որ դեռեւս շաբաթ օրը, բանակցություններից ժամեր անց, Tasnim գործակալությունը հայտնեց, որ Իրան-ԱՄՆ բանակցությունները մտել են փորձագիտական փուլ, իրանական պատվիրակության տեխնիկական հանձնաժողովների հիմնական անդամներն ուղղակիորեն ներգրավվել են աշխատանքներում։ «Երբ քննարկումները թեւակոխել են փորձագիտական փուլ, իրանական պատվիրակության մասնագիտացված հանձնաժողովների մի շարք անդամներ ուղեւորվել են բանակցությունների վայր»։ Անգամ հայտնում էին, որ իրանական եւ ամերիկյան բանակցող պատվիրակությունների փորձագիտական թիմերը առերես բանակցությունների փուլն ավարտելուց հետո իրականացնում են քննարկվող թեմաների վերաբերյալ գրավոր տեքստերի փոխանակում։

«Նախնական զրույցներից ու խորհրդակցություններից հետո իրանական եւ ամերիկյան պատվիրակությունների միջեւ երկխոսությունն այժմ անցել է որոշ ընդհանուր կետերից եւ թեւակոխել է մանրամասների ու տեխնիկական քննարկումների փուլ՝ որոշակի թեմաների շուրջ», հայտնել էր Tasnim-ը։ Իսկ իրանական Press TV հեռուստաալիքը բանակցություններից հետո հայտնել էր, որ Թեհրանը ներկայացրել է ողջամիտ առաջարկներ, եւ այժմ ամեն ինչ կախված է Վաշինգտոնից։ Ավելին, անգամ Պակիստանը հայտարարեց, որ կշարունակի միջնորդությունը Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ։ «Չափազանց կարեւոր է, որ Իրանն ու ԱՄՆ-ն շարունակեն պահպանել հրադադարի պարտավորությունը», նշել էր Պակիստանի ԱԳ նախարար Մուհամադ Իսհակ Դարը։ «Պակիստանը միջնորդական դեր է խաղացել եւ կշարունակի խաղալ առաջիկա օրերին Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ փոխգործակցությանը եւ երկխոսությանը նպաստելու հարցում», նշել էր նա։

«Անհարկի պահանջները խանգարել են համաձայնության հասնելուն»

Ապրիլի 12-ին լրատվամիջոցները հայտնեցին, որ իրանական պատվիրակությունը 21 ժամ շարունակ ճնշման տակ բանակցություններ է վարել՝ նպատակ ունենալով պաշտպանել իրանցի ժողովրդի ազգային շահերը։ Մասնավորապես, IRIB-ը հայտնել էր. «Չնայած իրանական պատվիրակության տարբեր նախաձեռնություններին՝ ամերիկյան կողմի անհիմն պահանջները խոչընդոտել են բանակցությունների առաջընթացին։ Բանակցություններն ավարտվել են։ Ամերիկացիների անհարկի պահանջները խանգարել են համաձայնության հասնելուն։ Տարբեր հարցեր, այդ թվում՝ Հորմուզի նեղուցը, միջուկային իրավունքները եւ այլն, մնում են վիճելի»։

Նկատենք, որ միջազգային հանրության կողմից իրանա-ամերիկյան բանակցություններին զուգահեռ իրանական կողմի հետ շփումներն ակտիվ էին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեռ շաբաթ օրը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել էր, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկության ապահովման հարցում։ «Ես ընդգծել եմ Իրանի կողմից նավագնացության ազատության եւ Հորմուզի նեղուցում անվտանգության շուտափույթ վերականգնման անհրաժեշտությունը, եւ Ֆրանսիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել այս հարցում։ Ես պնդել եմ հրադադարի ռեժիմի լիակատար պահպանման կարեւորությունը, այդ թվում՝ Լիբանանում», Մակրոնի խոսքերը մեջբերել էր Reuters գործակալությունը։

Իսկ ահա Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն քննադատել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ԱՄՆ-Իրան բանակցությունների հանդեպ ունեցած դիրքորոշման եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին արված արտահայտությունների համար։ «Նեթանյահուի նպատակը շարունակվող խաղաղ բանակցությունները խափանելն է եւ իր էքսպանսիոնիստական քաղաքականության շարունակումը տարածաշրջանում։ Հակառակ դեպքում նա կկանգնի սեփական երկրի դատարանի առջեւ եւ, հավանաբար, կբանտարկվի», նշել էին ԱԳՆ-ից։ «Թուրքիան մնում է անմեղ խաղաղ բնակիչների պաշտպանության դիրքերում», ընդգծել էին գերատեսչությունում։ Թուրքական իշխանությունների նշյալ արձագանքը, թերեւս, պայմանավորված էր Նեթանյահուի՝ X-ում ավելի վաղ արած գրառման հետ, որում նա քննադատել էր Էրդողանին՝ Իրանի եւ տարածաշրջանում նրան աջակցող ուժերի նկատմամբ իր վերաբերմունքի համար, ինչպես նաեւ հիշատակել էր թուրքական ղեկավարության քաղաքականությունը քրդերի նկատմամբ։

Իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին հեռախոսազրույց էին ունեցել նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նրանք քննարկել էին Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող վերջին զարգացումները, իրանա-ամերիկյան բանակցությունները։ ՌԴ նախագահը ընդգծել էր Մերձավոր Արեւելքում հակամարտության քաղաքական եւ դիվանագիտական կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամությունը։

Իրանը պատրաստ է հավասարակշռված եւ արդար գործարքի ԱՄՆ-ի հետ, եւ Թեհրանի շահերը մնում են կարմիր գիծ, Պուտինի հետ զրույցում վստահեցրել էր Իրանի նախագահ Փեզեշքիանը։

Ամփոփումը՝ վաղվա համարում։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.04.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930