Լրահոս
Գործ, թե՞ խոսք
Օրվա լրահոսը

Ամեն պատեհ առիթ օգտագործել եմ մեր երկիրը ավելի ճանաչելի դարձնելու, պատշաճ ներկայացնելու համար․ Չեք նկատե՞լ, որովհետեւ տգետ եք․ Աննա Հակոբյան

Մայիս 24,2025 20:09

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Տարիներ շարունակ, երբ Հայաստանում եւ Հայաստանից դուրս տարբեր մարդիկ իրենց ինտելեկտի, արժեքային համակարգի եւ բարոյական ընկալումների սահմաններում ամենատարբեր հարցերի շուրջ ինձ թիրախավորում էին ամենապիղծ պիտակավորումներով և նվաստացումներով, ես զբաղված էի գործով։ Այո՛, հենց գործով իմ երկրի, հայրենիքի, ժողովրդի և պետության համար: Եվ, դե իհարկե՜, իրական գործն ու շոշափելի արդյունքներն ի՜նչ են, որ տեղ ունենան մամուլում առկա աղբի ու տգետ պարսավանքների կողքին, չէ՞ որ «Խելացի ուղեղները քննարկում են գաղափարներ, միջին ուղեղները՝ իրադարձություններ, փոքր ուղեղները՝ մարդկանց», իսկ ձերը դեռ ուղեղիկ է:

2018թ․-ից ի վեր ամեն պատեհ առիթ օգտագործել եմ մեր երկիրը միջազգային հարթակներում ավելի ճանաչելի դարձնելու, պատշաճ ներկայացնելու և նոր կապեր, համագործակցություններ ստեղծելու համար:

Չեք նկատե՞լ: Իհարկե` չեք նկատել: Ինչո՞ւ: Որովհետեւ տգետ եք: Ինչո՞ւ: Որովհետեւ այն ուժերից, որոնցից սնվում եք եւ որոնց ծառայում եք, հանձնարարություն ունեք՝ չնկատել:

Ներկայացնում եմ վարչապետի տիկնոջ կարգավիճակը ստանձնելուց հետո իմ կատարած աշխատանքի մի մասը: Նորից փորձեք չնկատել։ Կամ այնպիսի ոռնոց ու վայնասուն բարձրացրեք, մեր միջավայրն այնպես ապականեք, որ ոչ ոք ոչինչ չնկատի։

2018-ի ամռանը նախաձեռնել եմ «Կանայք հանուն խաղաղության» արշավը, միամտաբար հավատալով, որ գուցե հնարավոր կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի կանանց՝ մայրերին, քույրերին, դուստրերին, հարսներին, ոտքի հանել՝ կանխելու պատերազմը, տղամարդկանց ստիպելու ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով հանգուցալուծել: Արշավ, որ մինչեւ վերջ չտարա, քանի որ բավարար չափով գիտելիք չունեի դա անելու համար, ժամանակից շուտ հանձնվեցի:

• Մասնակցել եմ կանանց միջազգային ամենամյա համաժողովների և այլ համաշխարհային համագումարների ու գագաթնաժողովների, ելույթներ եմ ունեցել հեղինակավոր միջազգային հարթակներում, ինչպիսիք են` ԱՄՆ կոնգրեսը, «Կարնեգի» հիմնադրամը և այլն:

21.09.2018-Ելույթ Կանանց եվրասիական համաժողովում։

01.10.2018-Ելույթ Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովում։

08.02.2019-Ելույթ Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի (POEM) տարեկան գիտաժողովի բացման արարողությանը։

03.04.2019-Ելույթ ԱՄՆ Կոնգրեսում ։

04.04.2019-Ելույթ «Կարնեգի» հիմնադրամում https://annahakobyan.am/ելույթներ/2019/04/04/աննա-հակոբյանի-ելույթը-կարնեգի/։

05.04.2019 -«Մենք այստեղ ենք ինչ-որ մեկի կյանքը փոխելու համար». ելույթ Վաշինգտոնում «Ժպիտների քաղաք» հիմնադրամի բարեգործական գալա-ընթրիքին։

19.10.2019-Ararat challenge փառատոնի ժամանակ խոսել եմ խաղաղության անհրաժեշտության մասին, ներկայացրել ‹‹Կանայք հանուն խաղաղության›› նախաձեռնության նպատակը։

15.10.2021-Մասնակցել եմ Կանանց եվրասիական երրորդ համաժողովին Սանկտ Պետերբուրգում։

25.05.2022-Դավոսում մասնակցել եմ «Կին քաղաքական առաջնորդներ» ամենամյա միջոցառմանը։

08.11.2022-Ներկա եմ եղել «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորում. կին առաջնորդներ» խորագրով համաժողովին։

21.01.2023-Ելույթ «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարի» եզրափակիչ նիստում Իրանում https://annahakobyan.am/այցեր/2023/01/21/խաղաղությունը-վերացական-գաղափար-չէ/։

10.05.2023-Խորվաթիայի Հանրապետությունում մասնակցել եմ «Եվրոպական առաջնորդների տիկնանց/ամուսինների գագաթնաժողովին»։

08.06.2023-Ելույթ «Կին քաղաքական առաջնորդներ 2023» գագաթնաժողովին։

06.09.2023-Կիևում մասնակցել եմ «Առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին»։

01.09.2024-Ելույթ «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային երկօրյա համաժողովին։

11.09.2024-Ելույթ Չինաստանում «Շանհայի համագործակցության կազմակերպության» կանանց համաժողովի բացման արարողությանը https://annahakobyan.am/այցեր/2024/09/11/հհ-վարչապետի-տիկին-իմ-քայլը-բարեգոր-5/։

07.11.2024-Ելույթ «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․արժանապատիվ աշխատանք» խորագիրը կրող միջազգային համաժողովի ժամանակ։

20.11.2024-Մասնակցել եմ Հռոմի պապի հրապարակային ունկնդրությանը, խաղաղության օրակարգով միջոցառումներին։

• Համագործակցության ուղիներ եմ քննարկել միջազգային գործընկերների հետ, որոշ դեպքերում ստեղծել եմ ամուր կապեր և արդյունքում ձևավորվել են լավ, բարեկամական հարաբերություններ:

13.12.2018-Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին ներկայացրել եմ «Կանայք հանուն խաղաղության» արշավը։

14.12.2018-Շվեյցարական «Genolier» կլինիկայի հետ համագործակցության ուղիներ եմ քննարկել։

01.02.2019-Բեռլինում հանդիպել եմ ԳԴՀ կառավարության մարդու իրավունքների և հումանիտար օգնության հարցերով հանձնակատար Բերբել Քոֆլերին. քննարկել եմ երկկողմ համագործակցության ուղիներ։

15.04.2019-Հայաստանն առաջին պետությունն է, որ միացավ St. Jude Global Alliance-ին։

09.10.2019-Բեռլինի «Շարիտե» համալսարանական կլինիկայի ուռուցքաբանության և արյունաբանության կենտրոնի տնօրենի հետ քննարկել եմ համագործակցության մի շարք հարցեր։

03.03.2020-Սինգապուրի ազգային համալսարանի միջազգային բժշկական կոմիտեի ավագ տնօրեն Ռաջա Կամալի հետ քննարկել եմ մանկական ուռուցքաբանության ոլորտում համագործակցության ուղիները։

05.03.2020-Վաշինգտոնում քննարկել եմ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի միջև համագործակցության ուղիները։

28.06.2022-Մոնակոյում հանդիպել եմ «Երեխաներ և ապագա», «Երեխաների բարեկամության համաշխարհային ասոցիացիա» հիմնադրամների ղեկավարներին։

20.01.2023-Հայկական պատվիրակությունը իմ գլխավորությամբ մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի հետ պատվիրակությունների անդամների հանդիպմանը «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարի» շրջանակում։

05.04.2024-«Պողոսյան» հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկել եմ Հայաստանում համատեղ ցուցահանդես կազմակերպելու հնարավորությունները։

10.09.2024-Հանդիպել եմ Համաչինական կանանց ֆեդերացիայի նախագահ Շեն Յիցինին։

10.09.2024-Այցելել եմ Ցինդաո քաղաքում գտնվող Չինագիտության համաշխարհային կենտրոն։

13.09.2024-Հաջող համագործակցության արդյունքում «Իմ Քայլը» և Չինաստանի «Soong Ching Ling» բարեգործական հիմնադրամները պայմանավորվել են գործակցել մի շարք ծրագրերի շրջանակում. Ստորագրվեց հուշագիր։

24.09.2024-Նյու Յորք այցի ընթացքում մասնակցել եմ ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենի անունից ընդունելությանը, Օլենա Զելենսկայի հրավերով ներկա եմ եղել երեխաների ապագայի վերաբերյալ գագաթնաժողովին: Մասնակցել եմ նաև մի շարք այլ հանդիպումների, ձեռք եմ բերել պայմանավորվածություններ, գործակցության նոր եզրեր։

09.02.2025-Քննարկումներն առավել առարկայական դաշտ բերելու նպատակով ստորագրվեց համատեղ հուշագիր «Իմ Քայլը» հիմնադրամի և «Qatar Foundation for Social Work»-ի միջև։

• 2020-ի պատերազմի առաջին իսկ օրից սկսած եղել եմ Լեռնային Ղարաբաղում: Հոկտեմբերի 26-ին ստեղծել եմ կանանց ջոկատ և մարտական հերթապահություն իրականացրել: Պատերազմից հետո առանձնահատուկ ուշադրության կենտրոնում եմ պահել զոհված զինծառայողների ընտանիքներին, մայրերին, երեխաներին, ծանոթացել իրենց պատմություններին, զորակցել և աջակցել նրանց:

15.09.2018-Հանդիպել եմ ապրիլյան պատերազմի մասնակիցների ծնողներին։

27.09.2020 -Պատերազմի առաջին իսկ օրերից Ղարաբաղում էի, իսկ արդեն հոկտեմբերի 26-ից կազմեցի կանանց ջոկատ։

2020-2022-Աշխատանք անմահացած հերոսների մայրերի հետ, նրանց պաշտպանելու համար կարծրատիպային մտածողությունից, թե նրանք այլեւս ապրելու իրավունք չունեն, պետք է ողջ-ողջ թաղվեն: «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրի շրջանակում աշխատանք` պատերազմում հաշմանդամություն ստացած տղաներին կյանքին վերաինտեգրելու, արժանապատիվ ապրելու համար վերապրոֆիլավորվելու ուղղությամբ (ծրագիրը շարունակվում է) https://mystep.foundation/…/pilot-program-for…/։

26.03.2022-Ելույթ. «Պատերազմում անմահացած մեր հերոսների մայրերն ու այրիները հաճախ բախվում են հանրային պարսավանքի»։

07.04.2023-«Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում». իմ նախաձեռնությամբ Դիլիջանում անցկացվել է պանելային քննարկում։

• Հարցազրույցներ եմ տվել միջազգային հեղինակավոր մեդիա հարթակներում:

06.12.2018-Արաբական Al Jazeera հեռուստաընկերությանը պատմել եմ Թավշյա հեղափոխության մասին https://annahakobyan.am/news/2018/12/06/աննա-հակոբյանը-արաբական-al-jazeera/,

08.04.2019-Հարցազրույց ամերիկյան «KTLA 5» հեռուստաընկերությանը,

10.04.2019-Հարցազրույց ամերիկյան Fox 11 հեռուստաընկերությանը,

04.07.2019-Հարցազրույց լիբանանյան Lorient lejour պարբերականին։

• 2018-ին հիմնադրել եմ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը և եղել հոգաբարձուների խորհրդի նախագահ, իսկ 2024թ-ից գործունեությունս ծավալում եմ որպես հիմնադրամի գործադիր տնօրեն:
Իմ գլխավորությամբ «Իմ քայլը» հիմնադրամն իրականացրել և իրականացնում է տարբեր մարդասիրական, սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթական ծրագրեր` նպատակ ունենալով բացահայտել մեր երկրի կարևորագույն և մշտապես վերարտադրելի ռեսուրսը՝ մարդկային ներուժը, ներդրում կատարել դրանում՝ ձևավորելով առավել որակյալ և մրցունակ հասարակություն:

Գործունեությանս վերջին մեկ տարվա ընթացքում հիմնադրամի գրանցած թվային ցուցանիշները ավելի քան խոսուն են` 303.7% բյուջեի աճ, 647.8% շահառուների քանակի աճ:

• Նպատակ ունենալով բարձրացնել հանրային մտածողության մակարդակը, վերափոխել մեդիա ոլորտում համատարած տգիտության մթնոլորտը` նախաձեռնել եմ «Կրթվելը նորաձև է» կրթարշավը, որը ամիսների ընթացքում ինքնաբուխ կերպով վերածվել է մասշտաբային հանրային Շարժման, որն արդեն ընդգրկում է 6000-ից ավել մասնակից, Հայաստանի 17 համայնք: https://mystep.foundation/…/education-is-fashionable-2/

«Կրթվելը նորաձև է» (https://shorturl.at/HTrnM) շարժման նպատակն է ամեն ինչ, ամեն ինչից, անընդհատ և անհագուրդ սովորելու հանդեպ սերը դարձնել վարակիչ, համընդհանուր արժեք և հասցնել Հայաստանի ամենահեռավոր համայնքի ամենավերջին տանն ապրող մարդուն:
Վերոնշյալ նպատակին հասնելու համար ձևավորվել են կենտրոնական և տեղական կոմիտեներ, մշակվել է շարժման ռազմավարությունը, իրականացվում է բանախոսությունների շարք ողջ Հայաստանով մեկ:

Շուտով «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում «Իմ քայլը» հիմնադրամը սկսելու է ողջ ՀՀ տարածքում իրականացնել տարաբնույթ կրթական միջոցառումներ, բանախոսություններ, ծրագրեր, նախաձեռնություններ:

Սա կոչվում է աշխատանք, ջանք: Սա կոչվում է անել ավելին, քան կարող ես, սա կոչվում է աշխատել ինքդ քեզ վրա, հաղթահարել ինքդ քեզ, շրջանցել կարծրատիպեր, ձեռնոց նետել բարդույթներին, կրթվել, փոխվել, առաջ շարժվել, նպաստել անձնական եւ պետական առաջընթացին:

Այսօր արդեն մտել ենք ինքնակրթվելու, ինքնազարգացման, լուսավորության մեծ դարաշրջան: Սա մեր երկրի ապագան է: Սա մեր պետականության առհավատչյան է: Եվ դուք ձեր իսկ կամքով դուրս եք մնացել այս ճանապարհից։ Եթե ժամ առաջ կանգ չառնեք, չմտորեք, եւ չմիանաք մեզ, ապա ես ձեզ ցավակցում եմ, պարզապես կշարունակեք ստրուկի կարգավիճակում ծառայել տգիտության իշխանությանը, իսկ մեր պետության մեջ ընդամենը կմնաք լուսանցքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031