ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն խստիվ դատապարտում է ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական հետապնդումներն ու բռնաճնշումները՝ ընդդիմության, ՀՅԴ անդամների եւ Արցախի քաղաքական գործիչների` այդ թվում Արցախի խորհրդարանականների նկատմամբ։
Բռնի տեղահանությունից հետո՝ բազմաթիվ արցախցիներ, ովքեր պայքարում էին Արցախի ժողովրդի իրավունքների ճանաչման, Արցախ վերադարձի համար, ենթարկվում էին հետապնդումների եւ ճնշումների։ Այսօր, ՀՀ ներկա իշխանությունները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դառնալով Ադրբեջանի եւ Թուրքիայի կամակատարները, ստանձնել են հայ ժողովրդի ներքին թշնամու դերը։ Իշխանությունների թիրախում են հատկապես ազգային կառույցները, այդ թվում Հայ Առաքելական սուրբ եկեղեցին, ազգային մտածողություն ունեցող մարդիկ եւ այն բոլոր հայորդիները, ովքեր չեն հանդուրժում թրքահպատակ այս ռեժիմը։
Արցախի ժողովուրդը միշտ պայքարել է հայ ժողովրդի իրավունքների համար եւ երբեք չի խուսափել անարդարության դեմ սեփական կեցվածքը ցուցաբերելուց։ Մեր ժողովուրդը միշտ աջակցել է Հայաստանի Հանրապետության այն ուժերին, ովքեր պաշտպանում են Արցախի դատը, ազգային նպատակների իրագործման կրողն են եւ այսուհետ եւս իր վճռական աջակցությունն է հայտնելու բոլոր նրանց, ովքեր պայքարելու են այս բռնակալ ռեժիմի դեմ։
ՀՅԴ Արցախի ԿԿ-ն իր զորակցությունն է հայտնում բռնադատված մեր հայրենակիցներին` կոչ անելով համախմբվել ազգային օրակարգերի շուրջ։ Բռնատիրության տապալումն անխուսափելի է։
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե
26 հունիս, 2025թ․