Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե մարդը ծխի համար դատապարտվելու է ահաբեկչության հոդվածով, իրավաբանությունն այդտեղ անզոր է. Մելիքյան

Օգոստոս 22,2025 15:35

Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ այսօր շարունակեց Բագրատ սրբազանի եւ մյուսների ՝ ահաբեկչության նախապատրաստման գործով դատական նիստը: Հանրային մեղադրողը միջնորդեց գործով մեղադրյալ Տիգրան Գալստյանի խափանման միջոց կալանքը թողնել անփոփոխ ու երկարաձգել եւս երեք ամսով ՝ պահպանելով նրա նկատմամբ կիրառված սահմանափակումները: Իր այս միջնորդությունը մեղադրող կողմը հիմնավորեց մեղադրյալի՝ դատաքննությանը խոչընդոտելու, վկաների վրա ազդեցություն թողնելու հնարավորությունը:

Գալստյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը առարկեց ներկայացված միջնորդությունը ՝ ասելով, որ այն գործողությունները, որոնք որակված են որպես ահաբեկչության նախապատրաստություն, իշխանության զավթման նախապատրաստություն բացարձակ առնչություն չունեն քրեական օրենսգրքում նկարագրված հանցակազմին:

Ըստ Մելիքյանի՝ խոսքը վերաբերում է քաղաքական գործընթացի օրինական պլանավորմանը եւ նույնիսկ այդ օրինական պլանավորման գործողություններին որեւէ առնչություն Գալստյանը չի ունեցել:

Անդրադառնալով գաղտնալսումներին, հրապարակված զրույցի արձանագրությանը՝ պարոն Մելիքյանը նկատեց, որ Գալստյանը այդ զրույցին չի մասնակցել, որեւէ բառ չի ասում այդ զրույցի ժամանակ:

Պարոն Մելիքյանը նաեւ ասաց, որ հրապարակված զրույցն էլ իրենից կրիմինալ չի ներկայացնում: Նրան խոսքով ծխերի մասին է իր պաշտպանյալը խոսել , վերջինիս  մոտից էլ այլ բան չի հայտնաբերվել, միայն ծխեր, որոնք ազատ վաճառվում են. «Այսօր գենդեր փարթիները առանց այդ ծխերի հնարավոր չէ պատկերացնել» :

Պաշտպանը նկատեց, որ իրենք գործ ունեն այս փաստերի հետ, ապա հարց առաջ քաշեց՝ ում վրա պետք է ազդենք, ինչպես կարող ենք ժխտված համարել ծխերի հարցը, գաղտնալսումը կա, խուզարկությունը կա, մարդն ընդունում է, ինչու պետք է ազդենք վկաների վրա. «Եթե մարդը ծխի համար դատապարտվելու է ահաբեկչության հոդվածով, իրավաբանությունն այդտեղ անզոր է, ես այդտեղ ոչինչ անել չեմ կարող»:

Դատարանը որոշեց խափանման միջոցը թողնել անփոփոխ, երկարաձգել եւս երեք ամսով:

Նիստի մասնակիցները ամոթանք տվեցին նիստը նախագահողին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031