Լրահոս
Օրվա լրահոսը

«Լիքը մարդ ոգևորված է, որ ապացուցեն, որ սա խաղաղություն չէ։ Ես ասում եմ՝ մենք կփորձենք ապացուցել հակառակը»․ Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 29,2025 18:02

«Խաղաղությունը համեմատել եմ նոր ծնված երեխայի հետ։ Նոր ծնված երեխան պետք է մեծանա, կայանա։ Էսօր հանդիպումներից մեկի ժամանակ ես էդ օրինակը բերեցի, ասացի՝ մի ասացվածք ունենք՝ երեխան հիվանդանալով է մեծանում։ Էս երեխան էլ է հիվանդանալով մեծանալու, գրիպ էլ է ընկնելու, մրսելու է, ջերմությունը բարձրանալու է։ Երեխան ոչ մի անբուժելի հիվանդությամբ վարակված չէ, ձեզ կարող եմ վստահեցնել»,- Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Նիկոլ Փաշինյանն այսօր Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղարի, ԵԽԽՎ նախագահի, ՄԻԵԴ նախագահի և այլոց հետ։ Սեպտեմբերի 30-ին նա Վեհաժողովում հանդես կգա հայտարարությամբ, կպատասխանի պատվիրակների հարցերին։

Խաղաղության մասին խոսելից՝ նա հիշեց Նեսոյի քարաբաղնիսը ու ծիծաղով ասաց․ «Նեսոյի քարաբաղնիսի օրինակն ինչո՞ւ բերեցի, որ դիագնոզը կարևոր չէ, մեկ է՝ բուժումը նույնն է․ դոշակները լցնել վրան, նստել, որ քրտնի։ Բայց հասկանանք՝ քրտնելն օգո՞ւտ է, թե՞ վնաս»։

Նա նաև հայտնեց, որ բացի այն, որ անգիր գիտի սաղմոսները, այսօր էլ որոշում է կայացրել անգիր սովորել Առակացի առաջինը, որը Մեսրոպ Մաշտոցը թարգմանել է ու ասաց․ «Մենք պետք է հասկանանք՝ ինչո՞ւ է Մեսրոպ Մաշտոցը հենց դրանից սկսել, որովհետև կարող է մեր պրոբլեմը նույնն է Մեսրոպ Մաշտոցի ժամանակներից մինչև հիմա․ մենք խնդիր ունենք հասկանալու մեր միջավայրը»։

Նիկոլ Փաշինյանը նաև արձանագրեց, որ մեր խաղաղությունը՝ նոր ծնված մանուկը, 20-21 օրական է․ «Մենք պետք է հոգ տանենք գիտելիքով։ Նրանք, ովքեր տենց խոսում են, ուզում են, որ էրեխեն ոչ միայն հիվանդանա, այլև մահանա։ Լիքը մարդ ոգևորված է, որ ապացուցեն, որ սա խաղաղություն չէ։ Ես ասում եմ՝ մենք կփորձենք ապացուցել հակառակը և թույլ տվեք համոզմունք արտահայտել, որ կապացուցենք հակառակը»։

Լրագրողների դիտարկմանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից Ալիևը մեղադրում է Հայաստանին, մեզ բռունցք են ցույց տալիս և հարցին՝ երբ միակողմանի խոսում եք խաղաղության մասին, արդյոք ցանկալին իրականության տեղ չե՞ք ներկայացնում, Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց․ «Ես միակողմանի չեմ խոսում․ մենք խաղաղության մասին փաստաթղթեր ունենք ստորագրված։ Այնպես չէ, որ միայն ես եմ խոսում խաղաղության մասին, Ադրբեջանն էլ։ Խաղաղության մասով այդտեղ տարընթերցումներ չկան։ Որոշակի տարընթերցում կա հարակից թեմաների հետ կապված»։

 

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930