Լրահոս
Օրվա լրահոսը

Դժվարին իրավիճակներում, հատկապես արցախյան պատերազմի ընթացքում Արգենտինան մշտապես զորակից է եղել հայ ժողովրդին. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Նոյեմբեր 04,2025 21:44

Նոյեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայի Հանրապետության օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին։

Հանդիպմանը սենատոր Խուան Կառլոս Ռոմերոն Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ պատվիրակությունն այցելել է Հայաստան զորացնելու հայ-արգենտինական կապերը, ինչպես նաև ծանոթանալու հայկական հոգևոր, մշակութային ժառանգությանը, Հայ Եկեղեցու պատմությանն ու գործունեությանը։

Նորին Սրբությունը, իր օրհնությունը բերելով ներկաներին, անդրադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ հայ ժողովրդի կյանքում կարևոր դերակատարությանը՝ հոգևոր, մշակութային արժեքների, ազգային ինքնության կերտման և ազգապահպան առաքելությանը։

Խոսելով երկու երկրների սերտ հարաբերությունների մասին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ ընդգծեց, որ դժվարին իրավիճակներում, հատկապես արցախյան պատերազմի ընթացքում Արգենտինան մշտապես զորակից է եղել հայ ժողովրդին։ Հայոց Հայրապետը գնահատանքով անդրադարձավ նաև հայ համայնքի նկատմամբ Արգենտինայի իշխանությունների հոգածու վերաբերմունքին, ինչպես և արգենտինահայերի կարևոր ներդրմանը երկրի զարգացման գործում:

Վերջում Նորին Սրբությունը բարի արդյունքներ մաղթեց պատվիրակության առաքելությանը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների բարօրության։

 

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930