«Հենակետ» վերլուծական կենտրոնի տնօրեն Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանի քաղաքական օրակարգում շրջանառվում է հերթական տրամաբանական խզումներով լի պարադոքս։ Մի կողմից՝ իշխանության բարձրագույն օղակներից պարբերաբար հնչում են հայտարարություններ այն մասին, որ Հայաստանը գտնվում է հիբրիդային պատերազմի մեջ և զուգահեռաբար, նույն մարդիկ շրջանառում են «խաղաղության դարաշրջանի» թեզը: Այս հակասական պատկերը ստեղծում է մի իրավիճակ, որտեղ «հպարտ քաղաքացին» հայտնվում է երկու իրարամերժ իրականությունների արանքում։
Ինչպե՞ս կարող է պետությունը միաժամանակ լինել պատերազմի մեջ (թեկուզ հիբրիդային) և հավակնել լիարժեք խաղաղության։
Այս ամենը յոթ տարի միևնույն դասարանում մնացած տգետի՞ն բնորոշ վարքագիծ է, թե՞ դասական մանիպուլյացիա։ Եթե դա տգիտություն է, ապա մենք գործ ունենք կառավարման ճգնաժամի հետ, որտեղ պատասխանատուները չեն գիտակցում իրենց խոսքի քաշն ու հետևանքները։ Իսկ եթե դա մանիպուլյացիա է, ապա նպատակը մեկն է՝ հասարակությանը պահել մշտական անորոշության և տագնապի մեջ, որպեսզի ցանկացած ձախողում հնարավոր լինի բարդել «հիբրիդային պատերազմի» վրա:
Հիբրիդային պատերազմը ենթադրում է մոբիլիզացիա, զգոնություն և հստակ պաշտպանական մեխանիզմներ բոլոր ոլորտներում։ Եթե իշխանությունը հայտարարում է պատերազմի մասին, բայց վարվում է այնպես, կարծես ամեն ինչ լավ է, և բոլորը կարող են հանգիստ կուկուռուզ ուտել, ապա նա փաստացի զինաթափում է սեփական ժողովրդին տեղեկատվական և հոգեբանական դաշտում։
Կարդացեք նաև
Եվ ուրեմն.
եթե Հայաստանում հիբրիդային պատերազմ է , ապա մենք ապրում ենք հիբրիդային խաղաղության մեջ:


















































