Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի իշխանություններն արել են ամեն ինչ, որ ռուսները հեռանան Արցախից, Ղարաբաղի կորուստը Պրահայում ստորագրած հայտարարության հետեւանք է»․ Ռոբերտ Քոչարյան

Նոյեմբեր 09,2025 22:06

5-րդ ալիքին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ հարցին, թե սպասելի՞ էր, որ հինգ տարին չլրացած՝ ռուսները կգնան Արցախից։ «Իմ տպավորությամբ Հայաստանի իշխանությունների կողմից արվել է ամեն ինչ, որ ռուսները հեռանան Արցախից»,- ասաց Քոչարյանը։

Նա նշեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության տակ կար նաեւ ՌԴ նախագահի ստորագրությունը, իրենք պատասխանատվություն են ստանձնել անվտանգության համար եւ տեղաբաշխել են խաղաղապահ ուժեր։

«Բայց ի՞նչ կատարվեց՝ Հայաստանը միակողմանի ուղղակի հրաժարվեց այդ պրոցեսին մասնակցել։ Ի՞նչ է ասել Հայաստանը Պրահայում՝ ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը։ Դրանից հետո ՌԴ-ն ի՞նչ դերում է հայտնվում Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Միջնորդական դերակատարությունը Հայաստանի այդ հայտարարությամբ զրոյացվել է։ Այսինքն՝ կոնֆլիկտի ամբողջ կոնֆիգուրացիան փոխվել է, որովհետեւ եռակողմ հայտարարությունը ստորագրված էր Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ։ Ղարաբաղի կարգավիճակը մնում էր անորոշ՝ հետագա քննարկումների առարկա պիտի լիներ։ Եվ տվյալ դեպքում Հայաստանն ասում է՝ ես չկամ այս գործում, գնացեք դուք Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցը ոնց ուզում եք, լուծեք։ Սա նաեւ Ռուսաստանի խաղաղապահների ներկայության կարգավիճակը ոչ թե անորոշ է դարձրել, անհասկանալի է դարձրել։ Ղարաբաղի կորուստն ուղղակի Պրահայում ստորագրած հայտարարության հետեւանք է։ Եթե Հայաստանն այդ քայլը չաներ, ես չեմ կասկածում, որ 5 տարին կերկարաձգվեր եւս 5 տարով, եւ կլիներ քաղաքական լուծման ինչ-որ առաջարկ»,- նշեց Քոչարյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930