Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողին դիմած և օժանդակած անձանց վերաբերյալ վարույթը հանձնվել է դատարան

Նոյեմբեր 11,2025 17:28 Share

Դատախազը 2025 թվականի նոյեմբերի 3-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ի.-ին դիմած և նրան օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2024 թվականի դեկտեմբերին Մ.Թ.-ն պահանջ է ներկայացրել իր եղբայր Լ.Թ.-ին՝ Լ.Թ.-ի ընտանիքին փաստացի պատկանող և սեփականության իրավունքով Լ.Թ.-ի կնոջ անվամբ հաշվառված՝ 139 միլիոն 629 հազար դրամ արժեքով, Երևան քաղաքի Պռոշյան փողոցում գտնվող հողամասի և շինության 1/2 բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքն իրեն փոխանցելու վերաբերյալ:

Լ.Թ.-ն մերժել է եղբոր՝ Մ.Թ.-ի պահանջը, որից հետո Մ.Թ.-ն դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ի.-ին՝ նրա անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով գույքի բաժնեմաս ձեռք բերելու համար: Պայմանավորվածությունը կատարելու դիմաց՝ Մ.Թ.-ն համաձայնվել է Լ.Թ.-ից անշարժ գույքը ստանալուց հետո, դրա 1/2 բաժնեմասը տրամադրել Ա.Ի.-ին:

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ի.-ն, իր մտերիմներից Ա.Թ.-ի միջոցով, 2025 թվականի հունվարի 15-ին Երևան քաղաքի Ավանեսովի փողոցում գտնվող տարածքում հանդիպում է կազմակերպել Լ.Թ.-ի հետ և անօրինական պահանջ ներկայացրել՝ անշարժ գույքի 1/2 բաժնեմասը Մ.Թ.-ին հատկացնելու վերաբերյալ: Լ.Թ.-ն առարկել է. պայմանավորվել են հարցի քննարկումը շարունակել 2025 թվականի հունվարի 17-ին:

2025 թվականի հունվարի 17-ին Լ.Թ.-ն իր փաստաբանի և աներորդու հետ գնացել է հանդիպման վայր: Լ.Թ.-ին հրավիրել են հարևանությամբ գտնվող սենյակ, որտեղ,  Լ.Թ.-ից կրկին ստանալով բացասական պատասխան, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ի.-ն, ինքնությունները դեռևս չպարզված այլ անձանց հետ, հարվածներ է հասցրել Լ.Թ.-ի մարմնի տարբեր մասերին՝ նրան պատճառելով գլխի, դեմքի, ձախ դաստակի շրջանների փափուկ հյուսվածքների սալջարդ, բազմաթիվ արյունազեղումների ձևով մարմնական վնասվածներ:

2025 թվականի հունվարի 21-ին դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ի.-ի նկատմամբ՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելու և առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ՝ մեղադրյալ Ա.Ի.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը. մեղադրյալ Ա.Ի.-ին հայտնաբերելու նպատակով հայտարարվել է հետախուզում:

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել նաև Մ.Թ.-ի նկատմամբ՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ի.-ին դիմելու և Ա.Ի.-ի անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական օգուտ ստանալու համար: Մեղադրյալ Մ.Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը:

Ա.Թ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելուն օժանդակելու համար: Նրա նկատմամբ ընտրված են այլընտրանքային խափանման միջոցներ՝ վարչական հսկողություն և 4 միլիոն 5 հարյուր հազար դրամ գրավ:

2025 թվականի նոյեմբերի 3-ին Ա.Թ.-ի և Մ.Թ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930