«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը
Վերջին օրերին մենք ականատես ենք լինում մի նողկալի օրինաչափության. պետության ղեկավարի կարգավիճակում գտնվող մարդը շրջում է երկրի ներսում՝ որպես վիճող, հակադարձող, երբեմն՝ վիրավորող անհատ։
Մետրոյի վագոնում, փողոցում, պատահական շփումների մեջ՝ պետության առաջին դեմքը մտնում է բանավեճերի մեջ, իջնում է անձնական մակարդակ, և ամենավտանգավորն ու անթույլատրելին՝ կորցնում է իր ինստիտուցիոնալ բարձրությունը։
Սա այլևս մեկ միջադեպ չէ։ Սա վարքագծային մոդել է։
Կարդացեք նաև
Երբ վարչապետը քաղաքացիների հետ խոսում է հուզական, երբեմն կոշտ բառապաշարով, երբ ազգային ողբերգության թեմաները վեր է ածում վիճաբանության նյութի, երբ պետության անունից խոսող մարդը չի տարբերակում պաշտոնը և անձնական էմոցիան, ապա ավելի է խորանում առկախված հիմնարար հարցը․ արդյո՞ք սա համատեղելի է պետական առաջնորդության հետ։
Պետության ղեկավարի առաքելությունը մեկն է՝ լինել ոչ թե ամենաբարձր ձայն ունեցողը, այլ՝ ամենաբարձր պատասխանատվություն կրողը։
Նա պետք է լարումը մեղմի, ոչ թե խորացնի, խոսքը կշռի, ոչ թե արձակի, ցավը հասկանա, ոչ թե վիճարկի, հասարակությանը միավորի, ոչ թե բաժանի։
Պետության կառավարումը երկրի ղեկավարից պահանջում է լռելու կարողություն, զսպվածություն և, ամենակարևորը՝ իր տեղը հասկանալու գիտակցություն։
Արտաքին անվտանգային հիմնախնդիրներին բախված պետության պարագայում առաջնորդի ճգնաժամը պարզապես անձի խնդիր չէ։
Դա պետության գոյութենական խնդիր է։


















































