Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ եղե՞լ նախկինում ստեղ, հա, Աննան է եղել»․Նիկոլ Փաշինյանն Արթիկում ելակ համտեսեց, բաժակ բարձրացրեց

Ապրիլ 22,2026 17:44 Share

Նիկոլ Փաշինյանն այսօր այցելեց նաև Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնք, որտեղ կառավարության աջակցությամբ մասնավորի կողմից հիմնվել է 9 հա ելակի և 1,4 հա հատապտղի ջերմատուն։

Նրան զեկուցեցին, որ ջերմատունը՝ 6 հեկտար տարածությամբ, կառուցվել է 2019 թվականին՝ նոր տեխնոլոգիաներով։ Կառավարության աջակցությունը եղել է այն, որ ջերմոցի ներմուծման ժամանակ ազատվել են մաքսատուրքից, օգտվել նաև սարքավորումներից։

Նիկոլ Փաշինյանը շրջայց կատարեց, փորձեց հասկանալ, թե ինչով կարող են օգնել արտադրողին։ Նրան զեկուցեցին, որ համակարգը ավտոմատացված է, որին ի պատասխան՝ վարչապետը հետաքրքրվեց, թե ո՞րն է նորությունը, ինքն ուզում է նորությունը տեսնել ու հարցրեց․ «Ես չեմ եղե՞լ նախկինում ստեղ»։ Նրան պատասխանեց՝ ոչ, Նիկոլ Փաշինյանը շարունակեց․ «Հա, Աննան է եղել»։

Այդուհանդերձ, արտադրողները Նիկոլ Փաշինյանին հիշեցրեցին, որ ջերմատունը նրա օրոք է բացվել։ «Սա էլ է նոր, ձեր ժամանակով է կառուցված՝ 19 թվականին»,-ասաց տնօրենը։

«Գիտեմ, ես նկատի ունեմ նոր բան՝ նախորդ տարի, այս տարի»,-ասաց վարչապետը։

Տնօրենը բացատրեց, որ բելգիական արտադրության սարքավորումներ են տեղադրված՝ լրիվ ավտոմատացված, աշխատում են առանց աշխատողների միջամտության։ Տնօրենը նաև նշեց, որ ՀՀ-ում առաջինը իրենք են ներդրել սարքավորումները։

Նիկոլ Փաշինյանին ցույց տվեցին ռոբոտը, որն աշխատում է գիշերը, ուլտրամանուշակագույն լույսի միջոցով կանխարգելում է սնկային հիվանդությունները, ու դրա շնորհիվ օրգանիկ ապրանք են ստանում։

«Այ քեզ բան, շատ լավ է»,- զարմացած ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հետաքրքրվելով, թե սարքավորումները լիզինգի ծրագրո՞վ են ձեռք բերել։

«Լիզինգի ծրագրով մենք 10 տոկոսն ենք սուբիսիդավորո՞ւմ», -հարցրեց Փաշինյանը։

«Սա է գյուղատնտեսությունը, որ ասում են՝ մեր իմացած գյուղատնտեսությունը կամաց-կամաց էլ չի լինելու, սա է», -շարունակեց նա։

Կառավարության ղեկավարին զեկուցեցին, որ բնության, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված՝ Շիրակը մեծ ներուժ ունի, որպեսզի ինտենսիվ այգիներ հիմնվեն, բացի այդ՝ տեխնոլոգիաներն ամեն ինչ հնարավոր են դարձնում ՝ անկախ կլիմայից։

Ջերմատանը Նիկոլ Փաշինյանը ելակ համտեսեց, ասաց՝ շատ համով է, գործընկերներին ևս հյուրասիրեց։

Նրան կոնյակ հյուրասիրեցին, բաժակ բարձրացրեց, սակայն ասաց, որ չի կարող խմել։

«Շատ քիչ լցրեք ինձ, որովհետև չեմ խմելու, չխկցնելու եմ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ջերմատանը խնդրեցին լուսանկարվել իրենց երեխաների հետ ու երեխաներին հուշեցին՝ «Պարոն վարչապետից դրոշ ուզելո՞ւ եք»։ Նիկոլ Փաշինյանն անմիջապես հանեց այսպես ասած «իրական Հայաստանի» քարտեզը ու նվիրեց։

Նիկոլ Փաշինյանը արտադրողների հետ խոսեց իրացումից, ասաց, որ կարող են բանակցել ավիաընկերությունների հետ․ եթե համապատասխան քանակ լինի արտադրանքի, կարող են աջակցել՝ տարբեր երկրներ իրացնելով։ Նա խոստացավ խոսել նաև Եվրամիության գործընկերների հետ։

«Այնպես պիտի անենք, որ ծավալներն էլ աճեն»,-ասաց Փաշինյանը։

Ըստ վարչապետի, վարդի շուկայում մեծ արտադրություն ունեն, պիտի կարողանան արտադրողներին համոզել, որ միավորվեն՝ ծավալ ապահովելու համար։

«Որակի հարցը լուծված է, ծավալի հարցը չենք կարողանում լուծել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ այս ուղղությամբ պիտի կայացած ընկերությունների հետ աշխատեն, փորձեն նրանց համախմբել, որպեսզի միասնական լինեն ու կարողանան մեծ ծավալով արտահանել։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930