Ռուսական պետական «Честный знак» պիտակավորման համակարգը կասեցրել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի առցանց եւ օֆլայն վաճառքը: ՌԴ առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի (պիտակավորման օպերատոր) գլխավոր տնօրենի տեղակալ Ռեւազ Յուսուպովը РБК-ին ասել էր, որ շրջանառության մեջ է եղել 338,000 շիշ, որոնք այժմ արգելափակված են՝ ստուգում անցնելու նպատակով։
Նշվում էր, որ կասեցումը իբր պայմանավորված է «Ռոսպոտրեբնադզորի» նամակով, որում գործակալությունը նշել է «անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին՝ Ռուսաստանի քաղաքացիների կյանքին եւ առողջությանը հնարավոր վնասը կանխելու համար»: Արգելափակման պատճառը «պարտադիր պահանջների խախտումներն» են։
Հաղորդվում է, որ արգելվել են 2026թ. փետրվարի 17-ի եւ 2026թ. մարտի 5-ի արտադրության ամսաթվերով ապրանքները: Յուսուպովի խոսքով՝ «դրանք սպառողներին չեն հասնի մինչեւ ստուգման ավարտը»։
Գործակալությունը հաղորդում է նաեւ, թե 2024 թ.-ին Հյուսիսային Օսիայի բնակչի թունավորումից հետո պիտակավորման համակարգն արդեն կասեցրել էր «Ջերմուկի» 2.5 միլիոն շշի վաճառքը։ «Պարզվել էր, որ շշի մեջ հանքային ջրի փոխարեն քացախաթթու էր պարունակվել», հայտնում է РБК-ն։


















































