Լրահոս
Օրվա լրահոսը

Լսեցի, որ գալու եք Ազգային ժողով` հերթական ներկայացման. Բագրատ Սրբազանը նամակ է հղել Գլխավոր դատախազին

Ապրիլ 29,2026 14:46 Share

«Սրբազան պայքար». Բագրատ Սրբազանը Գեղամ Մանուկյանի միջոցով նամակ է hղել Գլխավոր դատախազին.

«Լսեցի, որ գալու եք Ազգային ժողով հերթական ներկայացման: Քանի որ անցնող տասն ամիսների ընթացքին մի քանի հրապարակային դիմում-հարցադրումներիս, ինչպես նաև դատարանի դահլիճում հնչեցրածս հարադրումներին որևէ պատասխան չեք տվել ակնհայտորեն խուսափելով, այժմ վերստին կրկնում եմ հարցերս և խնդրում պատգամավորներին հնչեցնել դրանք ուղիղ պատասխանի ակնկալիքով: Հուսամ այս անգամ քաջություն կունենաք ուղիղ պատասխան տալու.

ա) 2025թ-ի հուլիսի 7-ին Գլխավոր դատախազը խորհրդարանի ամբիոնից և ապա Հանրային հեռուստատեսությամբ ասել է «քննության շրջանակներում փորձաքննություններ իրականացվում են, այդ թվում` ձայնային համընկումները ստուգելու նպատակով»

Հարցս. արդյո՞ք այդ, այսպես կոչված, «գաղտնալսումները» փորձաքննության ենթարկվե՞լ են, թե՞ ոչ, արդյո՞ք կարող եք ասել` դրանք մոնտաժվա՞ծ են, թե՞ ոչ, քարոզչական նպատակներով կեղծվա՞ծ են, թե՞ ոչ:

բ) Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ մեղադրական եզրակացության մեջ և դրանից դուրս գտնվող, այսպես կոչված, գաղտնալսումների շուրջ 50%-ի մասով գրված է «չի լսվում»: «Չի լսվում» քանի որ որևէ մեկ կառույցի կողմից միջամտությո՞ւն է եղել` այն միտումնավոր ջնջելու, թե՞ իսկապես չի լսվում:

Կանխավ նշեմ, որ երկու դեպքում էլ ակնհայտ է հանցանքի տարրը:

Առաջինի դեպքում առկա է հստակ հանցագործությունը, երկրորդի դեպքում` դարձյալ հանցագործություն է, որ գրեթե հավասարածավալ տեղեկությունը չի լսվում և առանց համապարփակ վերլուծության ու քննության մեղադրական եզրակացություն եք գրել անմեղ մարդկանց նկատմամբ:

գ) Ինչի՞ն է վերաբերվում հանրահայտ «2 հոգու գյուլլելու և 15 հոգու բանտ դնելու» այդքան չարչրկված արտահայտությունը, արդյո՞ք այն առնչություն ունի ձեր բնութագրած ահաբեկչության հետ, որն այնքան մեծ սիրով և ջանասիրությամբ դարձրեցիք որպես այս գործի առանցքը, որի մասին առանց վարանելու Հանրայինով խոսել է նաև ձեր վարչապետը:

դ) Արդյո՞ք ճիշտ են «ավտոբուսներ վառելու» մեղադրանքները, որ մեծ ծավալով շրջանառության մեջ է դրվել թե’ խորհրդարանի ամբիոնից, և թե’ Հանրային հեռուստատեսությամբ և այլ միջոցներով: «Աստղիկները» գտա՞ք, ինչպես խոստացել էիք:

ե) 2025թ-ի նոյեմբերի 5-ին Քննչական կոմիտեի ղեկավարը հայտարարել է, որ «առկա է իմ ձեռքով գրված  ահաբեկչության պլան» անունով ինչ-որ թուղթ:

Հարցս. ի՞նչ լեզվով է գրված այդ թուղթը, ի՞նչ է դրա բովանդակությունը, արդյո՞ք այն ենթարկվել է դատաձեռագրաբանական փորձաքննության և արդյո՞ք դա իմ ձեռագիրն է:

Հուսամ` այս անգամ, ինչպես նշեցի, քաջություն կունենաք ուղիղ և հստակ պատասխանելու վերոնշյալ հարցերին և ինքներդ ձեզ կփորձեք ազատագրել կեղծիքի և ստի բեռից:

Իմիջիայլոց, ասեմ, որ գրված կեղծիքի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե և ո՜վ զարմանք… այն վարույթ չի ընդունվել: Այսինքն` այս լուրջ մեղադրանքով անգամ հարկ չեն համարել քննություն անցկացնել և պարզել, որ մենք «զրպարտում ենք» խեղճ և անմեղ, արդարամիտ մարդկանց:

Ամփոփեմ. եթե այս անգամ ևս հատուկ և ուղիղ բացատրություն չտրվի Գլխավոր դատախազի և Քննչական կոմիտեի ղեկավարի կողմից, ապա վերստին կհաստատեք, որ դուք պարզապես կեղծիք գործած, զրպարտիչ, հանցագործներ եք, որոնք պարզապես քաղաքական նպատակահարմարության և հրահանգավորման պատճառով 18 հոգու կյանքը, պատիվն ու հեղինակությունն եք ցանկացել վնասել, որն անշուշտ չի հաջողվել և չի էլ հաջողվի:

Հայրենիքի կալանավոր

Բագրատ արք. Գալստանյան

Հ.Գ. Նշեմ, որ պաշտպանս` պարոն Հովհաննես Խուդոյանը դատարանում միջնորդել է ձեզ վկայի կարգավիճակով հրավիրել դատարան:

Վստահ եմ, որ ձեր ճշմարտությունն ու արդարամտությունն այնքան վեր է ամեն բանից, որ չեք խուսափելու ներկա գտնվել և փախուստ չեք տա:

Սպասում եմ…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930