Լրահոս
Օրվա լրահոսը

Անձրևանոցներով համերգ․ լեփ-լեցուն հրապարակ․ ի՞նչ չհասցրեց անել Գյումրիում Էմանուել Մակրոնը

Մայիս 05,2026 22:10 Share

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր Հայաստանի երկրորդ քաղաք՝ Գյումրի իր այցը պիտի սկսեր ֆրանսիական թեքում ունեցող թիվ 10 դպրոցից, որտեղ նրան էին սպասում ֆրանսախոս գյումրեցիները։ Նրանց թիվը Գյումրիում բավական մեծ է։

Այստեղ անվտանգության աշխատակիցները ցուցակով էին ներս թողնում՝ ճշտելով անուն-ազգանուններն ու հատուկ ստուգում անցկացնելով։

Դպրոցի տնօրեն Լիանա Վարդանյանը Էմանուել Մակրոնի այցը համարեց պատմական, ասաց, որ հետագայում այն ոսկե տառերով է գրվելու դպրոցի պատմության մեջ, աշակերտները նրան դիմավորելու են հայկական պարով ու ֆրանսիական երգով։

Սակայն երկար սպասելուց հետո պարզ արձավ, որ Ֆրանսիայի նախագահը չի կարողանալու հանդիպել ֆրանսախոսների հետ, քանի որ նրա այցը նախատեսված գրաֆիկից հետ է ընկել։

Էմանուել Մակրոնը միանգամից եկավ «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու բակ՝ ծաղկեպսակ տեղադրելով երկրաշարժի զոհերի հիշատակին։

Այստեղ նրան էին սպասում ՀՀ վարչապետը, նախագահը, նախարարները։

Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր հարգանքի տուրքը մատուցեց Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործության կենդանի հնչյունների տակ։

Ի դեպ, եկեղեցու բակի շատրվանները «պարում էին» ֆրանսիական երաժշտության ներքո, դիմացի կառույցները ծածկված էին Ֆրանսիայի դրոշի գույներով։

Էմանուել Մակրոնին Գյումրիում դիմավորեցին ծափահարություններով․ ընդամենը մեկ քայլ հեռավորության վրա գտնվող Վարդանանց հրապարակ նա հասավ 30-40 րոպեում․ մարդիկ հեռախոսներով նկարում էին նրան, ցանկություն հայտնում լուսանկարվելու։ Նկատենք, որ ոստիկանական մեծ ուժեր էին կենտրոնացած Գյումրիում, որոնք չէին թույլատրում տեղաշարժվել։

Սա այն դեպքն էր, երբ Գյումրի էին եկել ոչ միայն Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները՝ ՀՀ նախագահի, վարչապետի գլխավորությամբ, դիվանագետները, Հայաստանում տարբեր երկրների դեսպանները, այլ հենց գյումրեցիներն էին մեծ թիվ կազմում։

Գյումրիում եղանակն այսօր փոփոխական էր՝ մերթ ցրտաշունչ հորդառատ անձրև, մերթ՝ արև։ Մինչ Էմանուել Մակրոնը երկրաշարժի զոհերի հուշարձանից հասավ Վարդանանց հրապարակ, որտեղ պիտի տեղի ունենար «Երաժշտական կամուրջ․ Ֆրանսիա-Հայաստան» խորագրով համերգը, սկսվեց հորդառատ անձրև։

Մարդիկ համերգի էին եկել փոքրիկ երեխաների հետ, շատ դեպքերում՝ նրանց գրկած։ Կային նույնիսկ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ, որոնք Վարդանանց հրապարակ էին հասել սայլակներով։

Չնայած ցուրտ եղանակին՝ հորդառատ անձրևին, մարդիկ չէին հեռանում՝ համերգին մասնակցելով անձրևանոցներով։

Համերգը վարում էին Գյումրու թատրոնի վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը և Լուսինե Թովմասյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031