Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավաքներին մասնակցության նյութական ապահովումը չի համարվում քրեորեն պատժելի». ՍԴ որոշման մեկնաբանություն

Մայիս 06,2026 20:33 Share

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը դրույթը համապատասխանում է Սահմանադրությանը: Այս որոշումը Սահմանադրական դատարանինն է, որը հրապարակվել է այսօր:

Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Սահմանադրական դատարանի այս որոշումը վերաբերում էր ԱԺ պատգամավորների 1/5-րդի դիմումին, որով պատգամավորները վիճարկում էին ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի (հավաքներին նյութապես շահագրգռել)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։

«Բոլոր այն դեպքերում, երբ նյութական շահագրգռվածությունը չի ազդում անձի ազատ կամքի վրա։ Այսինքն՝ այն դեպքերում, երբ անձը ցանկանում է մասնակցել հավաքի, սակայն դրա համար պետք են որոշակի նյութական պայմաններ՝ տրանսպորտ, սնունդ, կեցություն և այլն, այդ բոլոր դեպքերը չեն կարող համարվել քրեորեն պատժելի կամ նյութապես շահագրգռել։ Հետևաբար, նախաքննական մարմինները չեն կարող ու չպետք է այդ դեպքերում իրականացնեն նախաքննություն»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես է մեկնաբանում Սահմանադրական դատարանի որոշումը փաստաբան Վահե Գրիգորյանը:

Ըստ պատգամավորների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի՝ «Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի որոշումը՝ հարուցված գործերը պետք է կարճվեն, իսկ դատարանում գտնվող գործերը, ըստ էության, արդարացման հիմքով պետք է ավարտվեն»։

ՍԴ-ն նշել է, որ «նյութապես շահագրգռել» չեն կարող որակվել հավաքի անցկացմամբ հետապնդվող նպատակներից ու արդյունքներից ակնկալվող իրավաչափ նյութական շահը, հավաքի կազմակերպման ու անցկացման ընթացքում կազմակերպչական անհրաժեշտ ծախսերը։ Պատկան մարմինները պարտավոր են «նյութապես շահագրգռել» ձևակերպումը սահմանափակել միայն այնպիսի վարքագծով, որն ազդեցություն ունի անձի կամքի ձևավորման վրա: Դրանով խախտվում է անհատի՝ որոշում կայացնելու ազատ կամարտահայտությունը, մասնակցությունը կամ մասնակցելուց հրաժարվելը, որը վերածվում է «գնված» վարքագծի։

Հղում անելով Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքին՝ ՍԴ-ն նշել է, որ մյուս կողմից, պետք է նկատի ունենալ, որ նյութատեխնիկական (լոգիստիկ) ապահովման այնպիսի եղանակները, ինչպիսիք են ցուցարարների տեղափոխումը, սննդի, կացարանի ապահովումը կամ հիմնական բանախոսների ծախսերի փոխհատուցումը, խաղաղ հավաքի կազմակերպման ստանդարտ գործընթացներ են:

ՍԴ-ն արձանագրել է, որ «նյութապես շահագրգռել» հասկացության պատշաճ մեկնաբանման խնդիրը վարույթն իրականացնող մարմնի, այդ թվում՝ եռաստիճան դատական համակարգի գնահատման տիրույթում է: 

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031