Իրանի արտգործնախարարն ԱՄՆ-ին մեղադրել է դիվանագիտական ջանքերը խարխլելու համար: Աբբաս Արաղչին սոցցանցում գրել է, որ ամեն անգամ, երբ սեղանին է դրվում դիվանագիտական լուծում, ԱՄՆ-ն ընտրում է ռազմական անխոհեմ արկածախնդրություն։
«Սա կոպիտ ճնշման մարտավարությո՞ւն է։ Թե՞ արդյունքն է նրա, որ ինչ-որ մեկը կրկին նախագահին խաբեությամբ տանում է դեպի մեկ այլ ճահիճ։ Անկախ պատճառներից՝ արդյունքը նույնն է. իրանցիները երբեք չեն ընկրկում ճնշմանը», – ըստ «Ազատության» նշել է Իրանի ԱԳ նախարարը։
Արաղչին նաև պնդել է, թե Իրանի հրթիռային պահուստները և արձակման հզորությունը փետրվարի 28-ի համեմատ ոչ թե 75 տոկոս է, այլ՝ 120 տոկոս։
Ամերիկյան և իրանական ուժերը գիշերը Հորմուզի նեղուցում կրակել են միմյանց վրա, առավոտյան արդեն Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել են, որ օդային հարձակման տակ են և ակտիվացրել են հակաօդային պաշտպանությունը։
Չնայած գիշերային բախումներին՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները շատ լավ են ընթանում, իսկ հրադադարը դեռևս ուժի մեջ է։ Միաժամանակ ԱՄՆ նախագահը կրկին սպառնացել է լուրջ հետևանքներով, եթե Իրանն արագ չհամաձայնի պատերազմը դադարեցնելու շուրջ։
«Նրանք պետք է արագ ստորագրեն այդ համաձայնագիրը։ Բանակցությունները շատ լավ են ընթանում։ Բայց նրանք պետք է հասկանան, որ եթե դա չստորագրվի, շատ դժվարություններ կունենան… Ասեմ ձեզ, որ նրանք ավելի շատ են ուզում դա ստորագրել, քան ես»,- ըստ ռադիոկայանի՝ նշել է ԱՄՆ նախագահ Թրամփը։
Ամերիկյան և իրանական ուժերի միջև բախումը տեղի է ունենում երկու օր անց այն բանից հետո, երբ Թեհրանը հայտարարեց, որ ուսումնասիրում է պատերազմն ավարտելու վերաբերյալ ամերիկյան վերջին առաջարկը և իր տեսակետը կփոխանցի միջնորդ Պակիստանին։


















































