Մայիսի 9-ին Հռոմի Սուրբ Վլաս եկեղեցում Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրական և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Խաժակ արք. Պարսամյանի օրհնությամբ և ձեռամբ Սուրբ Մկրտության արժանացան Հայաստանից Հռոմ ուսման նպատակով եկած հինգ ուսանողուհիներ։
Անցնող ամիսներին, մասնակցելով կիրակնօրյա Սուրբ Պատարագներին և ծանոթանալով Սուրբ Մկրտության խորհրդին, վերջիններս մեծ խանդավառությամբ և սրտի թրթիռով սպասում էին մկրտվելու՝ քրիստոնյա կոչմանն արժանանալու օրվան։
Ուսանողուհիների մկրտության կնքահայրությունը ստանձնեցին Հռոմի երիտասարդները, որոնք վերջին շրջանում նույնպես ակտիվ մասնակցություն են դրսևորում Հռոմի համայնքային կյանքում և Սուրբ Պատարագների ընթացքում սպասավորում են խորանի վրա։
Հինգ ուսանողուհիների մկրտության առիթով, իրենց ընկերները և տեղի հայ համայնքի երիտասարդները մեծ ոգևորությամբ և ուրախությամբ համախմբվեցին տոնակատարության սիրո սեղանի շուրջ՝ Քահանայապետական Russicum քոլեջի բացօթյա սրահում, որը նաև դարձավ շուրջ 50 երիտասարդների անդրանիկ հավաքը։
Խնջույքի սկզբին Սրբազան Հայրը նախ իր շնորհակալությունը հայտնեց հոգևոր հովիվներ՝ Հայր Աթանասին աբղ․ Սարգսյանին և Հայր Պսակին վրդ․ Թեբիրջյանին, ինչպես նաև Տիկնանց միության անդամներ Լուսինե Աբրամյանին և Նաիրա Քերոբյանին՝ կազմակերպչական ջանքերի, հոգատար ծառայության և երիտասարդներին համախմբելու գործում ունեցած նվիրումի համար։
Այնուհետ, դիմելով մասնավորապես տոնական սեղանի շուրջ միատեղված երիտասարդներին, Սրբազան Հայրը հորդորեց լինել միասնական, միմյանց հանդեպ սիրով և հոգատարությամբ լցված, պահպանել հայ քրիստոնյայի իրենց ինքնությունն ու հավատքը՝ նույնիսկ հայրենիքից հեռու ապրելու պայմաններում։ Նա ընդգծեց, որ երիտասարդներն են մեր ժողովրդի, երկրի և Եկեղեցու ապագան, և նաև նրանց միասնության, հավատարմության ու ազգային ոգու շնորհիվ է, որ հայ համայնքները կարող են ամուր մնալ աշխարհի տարբեր անկյուններում։
Սրբազանը երիտասարդներին կոչ արեց երբեք չկորցնել հույսը, քանի որ նույնիսկ դժվարությունների և անորոշությունների ժամանակ հավատքն ու հույսը մարդուն օգնում են ամուր մնալ, շարունակել արարել և բարին սփռել շրջապատում։ Նա նաև քաջալերեց երիտասարդներին ակտիվ մասնակցություն բերել երկրի բարեկարգման գործնթացին, ինչպես նաև համայնքային և եկեղեցական կյանքին, լինել միմյանց աջակից և իրենց վարքով ու օրինակով վկայել քրիստոնեական արժեքները։
Երեկոյի ընթացքում կատարվեցին հայկական երգեր և ազգագրական պարեր, որոնք տոնական հավաքին հաղորդեցին ազգային շունչ և առանձնակի ոգևորություն։
ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՐԲ ԱԹՈՌՈՒՄ



















































