Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNRHI) մայիսի 8-ին տարածված հայտարարությամբ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունների և դրանք սահմանող օրենսդրության համապատասխանությանը Մարդու իրավունքների պաշտպանի անկախության չափանիշներին։
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը Հանձնաժողովին լիազորում է քննել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից վարքագծի կանոնների ենթադրյալ խախտումների և շահերի բախման վերաբերյալ դիմումները։ Ըստ հայտարարության՝ Հանձնաժողովի նշված լիազորությունը չպետք է տարածվի Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ՝ հաշվի առնելով վերջինիս անկախության իրավական երաշխիքները:
Հանձնաժողովը մտահոգություն և տարակուսանք է հայտնում ENNRHI-ի հայտարարությամբ արված մի շարք արձանագրումների առնչությամբ՝ հատկապես հաշվի առնելով, որ դրանք կատարվել են՝ առանց խնդրի վերաբերյալ Հանձնաժողովի դիրքորոշումը հայցելու։ Արդյունքում, հայտարարությունը միակողմանի է ներկայացնում օրենսդրական նորմերը և հաշվի չի առնում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ապահովման շահը:
Կարևորելով ՄԻՊ հաստատության անկախությունը՝ Հանձնաժողովն, այնուամենայնիվ, գտնում է, որ ՀՀ օրենսդրությունը չի կարող մեկնաբանվել այնպես, որ որևէ պաշտոնատար անձի պարագայում բարեվարքության համակարգի տարրերի պահպանմանն առնչվող դիմումները ենթակա չլինեն քննության լիազոր մարմնի կողմից և մնան անարձագանք։
Կարդացեք նաև
Հանձնաժողովը՝ որպես ինքնավար մարմին, իրականացնում է կոռուպցիայի կանխարգելման իր մանդատից բխող լիազորությունները՝ հետևելով իր իրավասության ներքո գտնվող բոլոր պաշտոնատար անձանց, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարեվարքության համակարգի տարրերի պահպանմանը։
Ըստ այդմ՝ Հանձնաժողովի կողմից վարույթի իրականացումը որևէ պարագայում չի կարող դիտվել որպես որևէ պաշտոնատար անձի նկատմամբ ճնշում կամ վերջինիս աշխատանքին միջամտություն։ Ավելին, վարքագծի կանոնների առերևույթ խախտումները և շահերի բախման իրավիճակները քննելու՝ Հանձնաժողովի լիազորության և Հանձնաժողովի քննությանը ենթակա պաշտոնատար անձանց շրջանակի նախատեսումը բխում է հակակոռուպցիոն միջազգային լավագույն չափանիշներից։
Միաժամանակ, Հանձնաժողովը վերահաստատում է իր պատրաստակամությունն այլ շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ քննարկելու ոլորտային օրենսդրության կատարելագործման հնարավորությունները»,- ասվում է հայտարարությունում։


















































