«Փաստորեն, Արթուր Օսիպյանին բերման են ենթարկել՝ դեռ անհասկանալի հիմնավորումներով։
Ճիշտն ասած՝ Արցախում Օսիպյանի գործունեության վերաբերյալ լուրջ վերապահումներ ունեի։ Այս շիկացած մթնոլորտում Փաշինյանի հետ նպատակուղղված կերպով բանավեճի գնալու իմաստը ևս չեմ հասկանում, բայց դրա մեջ քրեորեն պատժելի որևէ արարք չկար։
Այդ առումով պետք է արձանագրել, որ 2018-ից հետո նա Արցախի գրեթե բոլոր ղեկավարներին շատ ավելի կոշտ բառապաշարով քննադատում էր, և ես չեմ հիշում, որ նրան երբևէ բերման ենթարկեին կամ քրեորեն հետապնդեին այդ ժամանակահատվածում։ Դրա հիմնական պատճառը, ի դեպ, հենց 2018-ի հեղափոխությունն էր, որը լրջորեն սահմանափակել էր Արցախի իշխանությունների ռեպրեսիվ գործիքակազմը։
Բայց արի ու տես, որ ժողովրդավարության բաստիոնում այսօր Փաշինյանի հետ հրապարակային բանավեճը/վեճը հանգեցնում է այսպիսի հետևանքների։
Սա Հայաստանում իշխանության կենտրոնացման, նեղ քաղաքական նպատակներով իրավապահ համակարգի գործիքայնացման, զսպումների և հակակշիռների մեխանիզմների բացակայության և ժողովրդավարական շոշափելի հետընթացի հետևանք է։ Ու, ցավոք սրտի, այս միտումները միայն սրվելու են ընտրություններից հետո»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը։


















































