«Ականատես» դիտորդական առաքելությունը մտահոգություն է արտահայտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզում իրականացրած նախընտրական քարոզարշավի շրջանակում Վերին Արտաշատ գյուղում կազմակերպված քաղաքական միջոցառմանը համայնքային և կրթական հաստատությունների ներկայացուցիչների, ինչպես նաև երեխաների ներգրավման վերաբերյալ տեղեկատվությամբ։
📍 Մասնավորապես, ԶԼՄ հրապարակումներում տեղ գտած տվյալների համաձայն՝ Արտաշատի «Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նինել Գաբրիելյանը և նույն ՀՈԱԿ-ի աշխատակից, պարուսույց Տիրուհի Սողոմոնյանը կազմակերպել և մասնակցել են նշված քարոզչական միջոցառմանը, այդ նպատակով ներգրավել են մշակույթի տան սաներին, ցուցումներ են տվել երեխաներին քաղաքական միջոցառմանը մասնակցելու և այն կազմակերպված կերպով ուղեկցելու նպատակով։
📚 Նշվածից բացի՝ տարածված տեսանյութերից հետևում է նաև, որ Վերին Արտաշատի միջնակարգ դպրոցի աշակերտների համար դասապրոցեսը նախատեսվածից շուտ է ավարտվել, որպեսզի նրանք մասնակցեն վարչապետի հետ հանդիպմանը։ Ըստ լրատվամիջոցների՝ միջոցառմանը մասնակցել են նաև դպրոցի ուսուցիչներն ու տնօրենը՝ Շուշանիկ Հախնազարյանը։
⚠️ «Ականատեսը» կրկին արձանագրում է, որ հանրակրթական հաստատությունում դասապրոցեսի խաթարումը քաղաքական միջոցառման մասնակցությունն ապահովելու նպատակով անընդունելի է և կարող է դիտարկվել որպես երեխաների կրթության իրավունքի խախտում։ Հանրակրթական ուսումնական հաստատությունները պետք է զերծ մնան քաղաքական գործընթացներում ներգրավվելուց և ապահովեն կրթական գործընթացի բնականոն իրականացումը։
Կարդացեք նաև
🏛️ Միաժամանակ, մշակույթի տունը հանդիսանում է համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ), և դրա աշխատակիցների համար օրենքով սահմանված է քաղաքական քարոզչության իրականացման արգելք՝ ինչպես աշխատանքային ժամերին, այնպես էլ դրանից դուրս՝ ի պաշտոնե հանդես գալու պարագայում։ Ներկայացված տեղեկություններից առնվազն բխում է, որ մշակույթի տան տնօրենի պաշտոնակատարի և պարուսույցի գործողությունները ուղղված են եղել քաղաքական քարոզչության կազմակերպմանը և իրականացմանը։
❗️ Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ քաղաքական միջոցառմանը ներգրավվել են երեխաներ՝ մշակույթի տան սաներ և դպրոցականներ։ Երեխաների մասնակցությունը քաղաքական քարոզչական միջոցառումներին խնդրահարույց է ինչպես երեխաների իրավունքների պաշտպանության սկզբունքների, այնպես էլ ժողովրդավարական և ընտրական միջազգային չափանիշների տեսանկյունից, ինչին ևս «Ականատես»-ը բազմիցս անդրադարձել է նախկինում։
📌 Կոչ ենք անում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև հանրակրթական, մշակութային և այլ ՀՈԱԿ և ՊՈԱԿ հաստատությունների ղեկավարներին և աշխատակիցներին ձեռնպահ մնալ քաղաքական քարոզչության իրականացման արգելքը խախտող գործողություններից և բացառել երեխաների ներգրավումը քաղաքական միջոցառումներում։
⚖️ «Ականատես» դիտորդական առաքելությունը դիմելու է դատարան՝ մշակույթի տան տնօրենի պաշտոնակատարին և աշխատակցին, ինչպես նաև հնարավոր այլ դերակատարների նկատմամբ՝ նախընտրական քարոզչություն իրականացնելու արգելքը խախտելու համար ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 40․8 հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով։
«Ականատես» դիտորդական առաքելություն


















































