Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք կանք» ծրագիրը մեկնարկեց համայնքային հյուրախաղերի շարքը՝ Գյումրիից

Հունիս 03,2026 17:58 Share

Մայիսի 31-ին Գյումրու մարզամշակութային կենտրոնում կայացավ «Մենք կանք» մշակութային միջոցառումը, որով մեկնարկեց «Մենք կանք» ծրագրի համայնքային հյուրախաղերի շարքը։

Նախաձեռնության հեղինակն ու կազմակերպիչը «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն է, որը 2023 թվականի նոյեմբերին ստեղծվել է Արցախի բռնի հայաթափումից հետո՝ նպատակ ունենալով պահպանել և շարունակել արցախյան մշակութային կյանքը, աջակցել պետական և ստեղծագործական համույթների գործունեությանը, ինչպես նաև ապահովել Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության փոխանցումն ու հանրահռչակումը։

Այսօր կազմակերպությունը միավորում է արցախյան մի շարք պետական և ինքնագործ մշակութային համույթներ, որոնք, չնայած տեղահանության հետևանքով առաջացած բազմաթիվ դժվարություններին, շարունակում են ստեղծագործել, ելույթ ունենալ և ներկայացնել արցախյան մշակույթը Հայաստանում և միջազգային հարթակներում։

«Մենք կանք» նախաձեռնությունը սկիզբ է առել 2023 թվականի դեկտեմբերի 10-ին, երբ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպվեց առաջին «Մենք կանք» համերգը։ Այն դարձավ արցախյան մշակութային համույթների առաջին մեծ համախմբումը տեղահանությունից հետո և կարևոր ուղերձ հանրությանը՝ արցախյան մշակույթը շարունակում է ապրել, ստեղծագործել և պահպանել իր ներկայությունը։

Ծրագրի զարգացման հաջորդ կարևոր հանգրվանը 2026 թվականի հունվարի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպված «Մենք կանք» կրթամշակութային մեծ միջոցառումն էր։ Այս անգամ նախաձեռնությունը ներկայացվեց նոր ձևաչափով՝ համախմբելով ոչ միայն արցախյան, այլև հայաստանյան մշակութային ուժերին։

Միջոցառմանը մասնակցեցին արցախյան պետական համույթները, Հայաստանի տարբեր ստեղծագործական խմբեր, մշակութային կոլեկտիվներ և սիրված անհատ կատարողներ՝ վերահաստատելով, որ արցախյան մշակույթը համահայկական մշակութային ժառանգության անբաժանելի մասն է։

Հունվարի 18-ի միջոցառման կարևոր բաղադրիչներից էր նաև ցուցահանդեսային հատվածը, որտեղ ներկայացվել էին արցախցիների ստեղծագործական աշխատանքները, ձեռարվեստի նմուշները, արվեստի գործերը և մշակութային հիշողություն կրող տարբեր արժեքներ։ Ցուցահանդեսը փաստում էր, որ մշակույթը միայն երգն ու պարը չեն. այն նաև ստեղծագործ մարդու միտքն է, արվեստագետի հայացքը, վարպետի ձեռքը և ժողովրդի հավաքական հիշողությունը։

Հանրային մեծ արձագանքը, հազարավոր այցելուների մասնակցությունը, ստացված բազմաթիվ արձագանքներն ու առաջարկները հիմք դարձան ծրագրի շարունակական զարգացման համար։ Այդպիսով «Մենք կանք»-ը վերածվեց ոչ թե մեկանգամյա միջոցառման, այլ երկարաժամկետ մշակութային շարժման։

Համայնքային հյուրախաղերի ծրագրի առաջին կանգառը դարձավ Գյումրին։

Մայիսի 31-ին Գյումրու Մարզամշակութային կենտրոնում կայացած միջոցառման ընթացքում ներկայացվեց արցախցիների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես, որին հաջորդեց համերգային ծրագիրը՝ արցախյան մշակութային համույթների և անհատ կատարողների մասնակցությամբ։

Գյումրու հանդիսատեսը ջերմ ընդունեց միջոցառումը։ Համերգի ընթացքում ներկայացվեցին արցախյան երգարվեստի, ազգային պարի և երաժշտական մշակույթի լավագույն նմուշները՝ ստեղծելով մշակութային երկխոսության և համախմբման յուրահատուկ մթնոլորտ։

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի համար «Մենք կանք» ծրագիրը միայն համերգների շարք չէ։ Այն մշակութային պահպանության, հանրահռչակման և փոխանցման հարթակ է, որի նպատակն է պահպանել արցախյան մշակույթի կենսունակությունը, աջակցել մշակութային խմբերի գործունեությանը և ապահովել նրանց շարունակական ներկայությունը հանրային կյանքում։

Առաջիկայում «Մենք կանք» ծրագիրը կշարունակվի Հայաստանի տարբեր համայնքներում և Հայաստանի սահմաններից դուրս՝ նոր մշակութային հանդիպումներով, համագործակցություններով և նախաձեռնություններով։

«Մենք կանք» ծրագիրը շարունակում է իր ճանապարհը՝ պահպանելով, ներկայացնելով և սերունդներին փոխանցելով արցախյան մշակույթի կենդանի ժառանգությունը։

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930