«Մի հատ սենսացիոն լուր ունենք․ թող ընդդիմությունը տրաքվի, մեկ դույլ օղի ենք խմել»,- Նորատուսում, երբ քարոզարշավի շրջանակում այցելած ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն օգտվում էր հյուրասիրությունից, սեղանի շուրջ այսպես դիմեցին նրան մի քանի նորատուսցիներ։
Մեկ ուրիշ նորատուսցի էլ հարցրեց․ «Որ ընտրվեք, համաներում կանե՞ք»։ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Եղբայր, համաներում չէ, բայց պայմանական վաղաժամկետներով հնարավորինս շատ մարդ կազատվի»։ Ի պատասխան Փաշինյանին իր ազատազրկված հոր համար դիմած երիտասարդն ասաց․ «Բայց էդ պայմանական վաղաժամկետով ոչ բոլորն են կարողանում երկրորդ շանս ստանալ դուրս գալու համար»։
Փաշինյանն էլ արձագանքեց․ «Համաներումով ազատվածների 60 տոկոսը առաջիկա վեց ամսվա ընթացքում հետ է գնում քրեակատարողական հիմնարկ։ Գալիս են, գողություն են անում, մեկին ծեծում, մյուսին սպանում են։ Համաներումով մարդկանց բաց ենք թողնում, երկրում կրիմինալ վիճակի աճ է գրանցվում։
Իսկ պայմանական վաղաժամկետի դեպքում մարդու հետ նստում, խոսում ենք, հասկանում՝ այդ մարդը նորից կանի՞ հանցագործություն, թե՞ ոչ։ Ես էլ եմ համաներումով դուրս եկել։ Բայց նաև ես գիտեմ, որ համաներումով ազատվածների 60 տոկոսը վեց ամիս հետո էլի բանտում է հայտնվում։ Ես որ նստած եմ եղել Կոշում, մարդիկ են եղել՝ համաներումով դուրս են եկել, Աշտարակում ձերբակալվել են, էլի հետ են եկել Կոշ քրեակատարողական հիմնարկ։ Դրա համար ասում ենք՝ եկեք՝ մարդկանց տարբերակված բաց թողնենք»։
Կարդացեք նաև
Մյուսներն էլ հորդորեցին, որ Փաշինյանն օգտվի սիգից պատրաստված տեսականիից ու խնդրեցին․ «Եթե հնարավոր է՝ էս ձկան վիճակը բարդ է․ այլընտրանքային շուկաների հետ կապված խնդիրը լուծեք։ ՌԴ-ն որ փակել է, խնդիրներ ունենք սիգի արտահանման հետ կապված»։
Նիկոլ Փաշինյանն էլ, սիգից պատրաստված կերակրատեսակները համտեսելով, ասաց․ «Կլուծենք, չմտածեք»։
Ի պատասխան նորատուսցին ասաց․ «Չենք էլ մտածում, մենք ձեր կողքը միշտ կանգնած ենք։ Չպիտի մեզ հետ փորձեն ուժի լեզվով կամ ուլտիմատումի լեզվով խոսեն։ Ես սիգի ամենամեծ արտահանողներից մեկն եմ, բաց ինձ չի հետաքրքրում իրենց ասածը»։
Մեկն էլ Նիկոլ Փաշինյանին հորդորեց․ «Էնքան պիտի ձգեք, որ բոլտերը կտրվեն, հերիք եղավ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































