«Անպայման գնացեք քվեարկության և ընտրեք ցանկացածին՝ բացի դրանից»,- ՔԿ Երևանի տարածքային ստորաբաժանումից դուրս գալով՝ փաստաբան Ռուբեն Մելիքյանը լրագրողներին փոխանցեց առավոտյան ձերբակալված ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ուղերձը։
Իր Ռուբեն Մելիքյանի համոզմամբ էլ՝ հունիսի 7-ին ՀՀ քաղաքացիները պետք է անպայման գնան ընտրության, այս ռեպրեսիաների ալիքը մարդկանց չպետք է ընկճի, սա շատ տրամաբանական իրավիճակ է՝ անտրամաբանական պայմաններում։
«Մեղադրանքը ներկայացվեց, հարցաքննությունն իրականացվեց։ Արմեն Աշոտյանը որևէ ապօրինի բան չի արել, աբսուրդ մեղադրանք է»,-հավելեց Ռուբեն Մելիքյանը։ Խոսքը վերաբերում է 2014-2016 թվականի գործողություններին, որտեղ Արմեն Աշոտյանի մասնակցությունը զրոյական է։ Այս գործի գոյության մասին իրենք իմացել են այսօր։ Իրավաչափության հարցը փաստաբանը չի էլ քննարկում, քանի որ քաղաքական ենթատեքստն ակնհայտ է համարում։
Նաեւ Արմեն Աշոտյանի կալանավորման հարցը կքննարկվի։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Հիշեցնենք, այսօր առավոտից պարզ դարձավ, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է։ Նույն գործով ձերբակալվել են նաև Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը, պրոռեկտոր Արթուր Այվազյանը, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, նրա որդին՝ Արտյոմ Խաչատրյանը։ ՀՀԿ խորհրդի անդամ Արման Սահակյանը երկու ամսով կալանավորվել է։ Մեղադրանք է առաջադրվել նաև գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին։ Ձերբակալվել է նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

















































