«Նախընտրական այս ողջ գործընթացի մեջ պատահական որևէ բան չէր կարող լինել։ Մանավանդ այնպիսի գործչի առումով, որը բավականին ակտիվ է, ունի կոշտ բառապաշար»,- Քննչական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և առավոտից սկսված մյուս ձերբակալություններին։
Տիգրան Աբրահամյանը համոզված է՝ այդ ամենը ընտրական տրամաբանության շրջանակներում իշխանությունների կազմակերպածն է և նկատեց, որ երեկվա Հանրային հեռուստաընկերության բանավեճի ժամանակ անգամ Նիկոլ Փաշինյանը ձերբակալությունների և կալանավորումների հրահանգներ էր տալիս․ «Իշխող ուժի ղեկավարը, որն ունի նաև վարչապետի կարգավիճակ, ուղիղ եթերներով, գրառումներով ուղղորդում է իրավապահ և դատական համակարգերին՝ գործել այնպես, ինչպես իր քաղաքական կամքն է պահանջում։ Քանի Փաշինյանի և ՔՊ-ի այդ խմբակի գոյությունը կա՝ ապօրինություններն ու անօրինականությունները լինելու են ՀՀ-ի հետ ասոցացվող առաջին գործիքներից։ Իշխանությունը պարզ ձևով ասել է, որ ամեն ինչ անելու է իր վերարտադրությունն ապահովելու համար՝ կլինեն դրանք բռնություններ, ճնշումներ, կալանավորումներ, իրեն դա որևէ ձևով չի հետաքրքրում, իր համար կա նպատակ, և այդ տեսանկյունից դրան հասնելու համար որևէ բանի առաջ կանգ չի առնելու»։
Նա նաև հայտարարեց՝ այս ձերբակալությունները եզակի չեն լինելու, այս պահին էլ լրահոսը լցվում է նոր ձերբակալությունների մասին տեղեկություններով, իսկ օդանավակայանում Հայաստան ժամանող քաղաքացիներին վարժական հավաքներով սպառնալը ոչ միայն ընտրության եկող քաղաքացիներին վախեցնելն է, այլ իշխանությունների վերաբերմունքն է ՀՀ ԶՈՒ-ի նկատմամբ․ «Զվարթնոց» օդանավակայանում ռազմական ոստիկանության հերթապահությունը նա համարում է բանակի, ԶՈՒ-ի և ծառայության նկատմամբ իշխանության վերաբերմունքը։ Բանակը նրանց համար դիտվում է որպես բանտային ծառայություն»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, այսօր առավոտից պարզ դարձավ, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է։ Նույն գործով ձերբակալվել են նաև Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը, պրոռեկտոր Արթուր Այվազյանը, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, նրա որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված ևս մեկ անձ՝ Հարություն Թադևոսյանը։ ՀՀԿ խորհրդի անդամ Արման Սահակյանը երկու ամսով կալանավորվել է։ Մեղադրանք է առաջադրվել նաև գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին։ Ձերբակալվել է նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

















































