ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լեւոն Զուրաբյանը քվեարկեց Երեւանի Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում տեղակայված 9/24 ընտրատեղամասում։
«Կարծում եմ, որ կարողացանք հասցնել մեր ժողովրդին այն, որ խոսքը գնում է ճակատագրական ընտրության մասին… Ես նոր քվեարկեցի եւ քվեարկեցի նրա համար, որ խելագար Հայաստանը փոխարինենք խելամիտ Հայաստանով: Ես քվեարկեցի նրա համար, որ գերտերությունները Հայաստանում չպատերազմեն, Հայաստանը չվերածեն ավերակների: Եվ եթե մրցակցում են, մրցակցեն ազդեցության եւ ներդրումների համար, քվեարկեցի, որ Հայաստանը դառնա տրանզիտային հանգույց, որը կկապի, որպես երկիր-կամուրջ, ոչ միայն Արեւմուտքը Արեւելքին, այլեւ Հյուսիսը Հարավին։
Ես քվեարկեցի այն Հայաստանի համար, որը կդառնա տեխնոլոգիական դրախտ, ինչը թույլ կտա Հայաստանին տեղավորվել տնտեսապես զարգացած երկրների բարձունքում եւ արմատախիլ կանի աղքատությունը, այն Հայաստանի համար, որում արմատախիլ է արված թմրամոլության եւ խաղամոլության խրախուսման պետական այսօրվա համակարգը։
Ես քվեարկել եմ մի Հայաստանի համար, որտեղ վերջապես կհարգվեն ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, կաշխատի Սահմանադրությունը, օրենքները, հոգեւորականներին եւ քաղաքական ընդդիմախոսներին չեն հետապնդի, չեն նետի բանտերը… քվեարկել եմ մի երկրի համար, որտեղ երկրի ղեկավարը խուլիգան չի, այլ պարկեշտ մարդ է, որը հարգում է օրենքը: Եվ վերջապես քվեարկեցի մի երկրի համար, որտեղ հարգվում է մեր ինքնությունը, պատմամշակութային արժեքները, չեն փորձում մեր միջից հանել մեր հայությունը…»,- ի թիվս այլնի, լրագրողների հետ զրույցում ասաց Լեւոն Զուրաբյանը։
Կարդացեք նաև
Անդրադառնալով խուզարկություններին ու ձերբակալություններին՝ ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն նշեց. «Մեմ են չէ՞ դարձրել, որ ռեժիմը խուճապի մեջ է, դա լավագույն դրսեւորումն է: Եթե դու քվեարկության օրը զբաղված ես ընդդիմախոսների բանտարկություններով, խուզարկություններով, ձերբակալություններով, ընդ որում, դա մեկ հոգու մասին չէ, այլ զանգվածային բնույթ է կրում… Դա ի՞նչ է նշանակում, խուճապն էլ ոնց է լինում… Ես սա մեզ համար մարտահրավեր է, որովհետեւ հայ ժողովուրդն այսօր կանգնած է մի խնդրի առաջ, որ պետք է ապահովի սեփական երկիրը կառավարելու իր իրավունքը։
Իսկ Նիկոլ Փաշինյանի կողմից սա մարտահրավեր է, որ ինքը նետում է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, եւ, ըստ էության, ուզում է բացել բռնապետության դուռը: Բռնաճնշումները, ձերբակալությունները քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ վկայում են այն մասին, որ կանգնած ենք շատ լուրջ վտանգի առաջ, հայ ժողովրդի կամքը պետք է լինի աներկբա, մենք պետք է թույլ չտանք, որ Հայաստանում բուն դնի բռնապետությունը»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































