Ցանկացած ժողովրդավարական հասարակարգում ընտրությունները քաղաքական լեգիտիմություն ձևավորելու և երկրի կառավարումը ստանձնելու ժամանակավոր միջոց են, այլ ոչ թե սեփական հայրենակիցներին վերջնականապես տրոհելու կամ նրանց նկատմամբ «հաղթանակ տանելու» պատերազմի դաշտ։ Սակայն Հայաստանի ներկայիս քաղաքական իրականության մեջ գործող իշխանության, ի դեմս Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների, հռետորաբանությունը վաղուց դուրս է եկել քաղաքական կոռեկտության և մրցակցության բոլոր հնարավոր կանոններից։ Վերջին շրջանի բարձրագոչ հայտարարությունները, թե «պատերազմի եռագլուխ կոալիցիան ջախջախված է», և դրանց ուղեկցող տարատեսակ վիրավորական ու պիտակավորող արտահայտությունները ոչ միայն չեն նպաստում ներքաղաքական կայունությանը, այլև ուղղակիորեն հարվածում են պետականության հիմքերին՝ հանրությանը պահելով հարատև ներքին պատերազմի հոգեբանական հարթության մեջ։
Քաղաքական հաղթանակի էյֆորիան և սեփական անփոխարինելիության պատրանքը հաճախ ստիպում են մոռանալ մաթեմատիկական ու քաղաքագիտական պարզ ճշմարտությունները, որոնք արտացոլված են հենց ընտրական թվերի մեջ։ Երբ բնակչության շուրջ քառասուն տոկոսը իր ձայնը վստահում է ընդգծված ընդդիմադիր ուժերին, դա նշանակում է, որ հասարակության գրեթե կեսը բացահայտորեն մերժում է գործող կուրսը և կիսում այլընտրանքային մոտեցումներ։ Այսպիսի պայմաններում ընդդիմությանը «ջախջախված» որակելը կամ նրանց հասցեին հեգնանքով ու թշնամանքով խոսելը նշանակում է թիրախավորել, նվաստացնել և քաղաքականապես լուսանցք մղել սեփական երկրի հարյուր հազարավոր քաղաքացիների։ Սա կառավարման մանդատի էության սխալ ընկալում է, քանի որ ընտրություններում հաղթելը չի նշանակում ստանալ բացարձակ սեփականության իրավունք պետության և նրա ժողովրդի նկատմամբ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։


















































