Նախագծի ընդունմամբ ակնկալվում է աշխատողների սոցիալական երաշխիքների ընդլայնում եւ աշխատանքի ու ընտանեկան կյանքի հավասարակշռության բարելավում, աշխատավայրերում ուշացումների եւ դրանով պայմանավորված կարգապահական վեճերի նվազում, երեխաներ ունեցող աշխատողների սոցիալական պաշտպանության ուժեղացում: ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում նախատեսող օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը:
Առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգիրքը լրացնել նոր` «ծնողական ժամ» հոդվածով, որից կարող է օգտվել խնամքին մինչեւ տասներկու տարեկան երեխա ունեցող, ինչպես նաեւ մինչեւ տասնութ տարեկան՝ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող աշխատողը (ծնողը, խնամատար ծնողը կամ որդեգրողը կամ խնամակալը)՝ դիմումի հիման վրա:
Մինչեւ երկու երեխա ունեցող ծնողին տրվում է օրական առավելագույնը կես ժամ, երեք եւ ավելի երեխա ունեցող ծնողին` 1 ժամ, իսկ մինչեւ 18 տարեկան ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողին, անկախ երեխաների թվից, օրական առավելագույնը 1 ժամ բացակայելու հնարավորություն:
Տարբեր կամ միեւնույն գործատուի մոտ աշխատող երկու ծնողներն էլ կարող են օգտվել ծնողական ժամից:
Կարդացեք նաև
Ըստ զեկուցողի՝ «ծնողական ժամը» ներառվում է աշխատաժամանակում, եւ այդ ժամանակահատվածում պահպանվում է աշխատողի աշխատատեղը եւ հիմնական աշխատավարձը: Ընթացակարգային մի շարք հարցեր կարող են կարգավորվել գործատու եւ աշխատող հարաբերությունների շրջանակում:
Փոփոխությունները միտված են բարձրացնելու աշխատողների սոցիալական պաշտպանությունը եւ աշխատանքի արդյունավետությունը:
Օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 11-ի արտահերթ նիստում եւ ստացել դրական եզրակացություն:
ԱԺ


















































