Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդական իրավունքի վերականգնման նոր մոդել է առաջարկվում

Հունիս 12,2026 17:12 Share

Կառավարությունն առաջարկում է օրենսդրական հավասարակշռված լուծում, որով նախատեսվում է վարորդական իրավունքից զրկված անձանց համար այդ իրավունքի վերականգնման նոր մոդել: «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 12-ի նիստում:

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ ներկայում վարորդական իրավունքից զրկված անձինք կարողանում են այդ իրավունքը վերականգնել բացառապես տեսական եւ գործնական քննությունները վերահանձնելու ճանապարհով: Միջազգային պրակտիկան այս առումով ավելի լավ կարգավորումներ է նախատեսում:

Վարորդական իրավունքից զրկվելու դեպքում անձը հստակ ժամանակահատվածում չի կարող վարել տրանսպորտային միջոց: Որպես կանոն` այդ ժամանակահատվածը մեկ տարի է, սակայն կան բացառիկ դեպքեր, երբ այն երկու տարի է: Կառավարության առաջարկով այդ ժամկետը լրանալուց հետո նախատեսվում է սահմանել 50 հազար դրամի չափով պետական տուրք, որի վճարման պայմաններում անձի վարորդական իրավունքը կվերականգնվի ինքնաշխատ (ավտոմատ) եղանակով: Վերականգնումից հետո անձին մեկ տարվա կտրվածքով տրվելու են սահմանափակ թվով միավորներ` 6 բալ: «Սա կարվի այն նպատակով, որպեսզի վստահ լինենք, որ այս սեղմ բալային համակարգի շրջանակում անձը վերանայել է իր վարքագիծը եւ պատշաճ ձեւով պատրաստ է վերադառնալ երթեւեկություն: Եթե 6 բալի շրջանակում անձը որեւէ խնդիր չի հարուցում (այսինքն՝ բալերը չեն սպառվում կամ նա կրկին չի զրկվում վարորդական իրավունքից), ապա դրան հաջորդող տարվա ընթացքում ստանում է ստանդարտ 13 բալ ընդհանուր միավորը, ինչպես մեր մյուս քաղաքացիները»,- մանրամասնել է Արփինե Սարգսյանը:

Կառավարությունն առաջարկում է նաեւ սահմանել անցումային դրույթ, որով 2020 թվականի հունվարի 1-ից հետո զրկված անձինք եւս միայն մեկ անգամ կկարողանան վերականգնել իրենց վարելու իրավունքը` համապատասխան պետական տուրքի վճարմամբ եւ 13 միավորի փոխարեն 6 տուգանային միավորի հատկացմամբ` վերականգնումից հաշված մեկ տարի ժամկետով փորձաշրջանի պայմաններով:

Արփինե Սարգսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին եւ պարզաբանումներ ներկայացրել առաջարկվող կարգավորումների վերաբերյալ:

ՀՀ ներքին գործերի նախարարն առաջարկել է հարցը քննարկել 24-ժամյա ռեժիմով:

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930