Լրահոս
Օրվա լրահոսը

Լրատվամիջոցներն աննախադեպ հետաքրքրություն են ցուցաբերել 2026թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նկատմամբ

Հունիս 12,2026 18:35 Share

Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն. մեդիայի հզորացման նոր փուլ» ծրագրի շրջանակներում իրականացված Երևանի մամուլի ակումբի` Հայաստանյան ԶԼՄ-ներում 2026թ. հունիսի 7-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ մամուլի հաղորդագրությունը։

2026թ. հունիսի 12-ին Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց Հայաստանի հեռարձակող ԶԼՄ-ներում ՀՀ Ազգային ժողովի 2026թ. հունիսի 7-ի ընտրությունների պաշտոնական քարոզարշավի լուսաբանման մշտադիտարկման արդյունքները։ Ծրագիրն իրականացվել է «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն. մեդիայի հզորացման նոր փուլ» ծրագրի շրջանակներում։

Մշտադիտարկումն ընդգրկել է 10 հեռուստաալիք. հանրային մուլտիպլեքսից՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության Առաջին ալիք, Առաջինի լրատվական ալիք, «Արմենիա», «Կենտրոն», «Շանթ», «5-րդ ալիք» և «Ֆրի Նյուզ» (հանրային մուլտիպլեքսում ներառված ալիքները, ըստ ՀՀ օրենսդրության, որոշակի պարտավորություններ ունեն ընտրությունների հավասարակշռված լուսաբանման առումով), ինչպես նաև «Ազատություն TV», «ՍիվիլՆեթ», «Ֆակտոր TV» հեռուստաալիքները, որոնք ևս ազդեցություն ունեն լսարանի քաղաքական կողմնորոշումների վրա։

Դիտարկվել են նշված հեռարձակողների հետևյալ հաղորդումները.

Հայաստանի հանրային հեռուստաընկերության Առաջին ալիք – «Լուրերի» հիմնական թողարկում, «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ», «Մեծ բանավեճ», «Հանրային քննարկում», «Հայաստանն ընտրում է»։

Առաջինի լրատվական ալիք – «Հարցազրույց Աննա Դանիելյանի հետ», «Բաց հարթակ»։

«Արմենիա» – «Ժամ» լրատվական ծրագրի հիմնական թողարկում, «Ընտրության ժամը»։

«Կենտրոն» – «Էպիկենտրոնի» հիմնական թողարկում, «Կարևոր թեմա», «Հիմնահարց»։

«Շանթ» – «Հորիզոն» լրատվական ծրագրի հիմնական թողարկում, «Հեռանկար», «Հեռանկար բանավեճ»։

«5-րդ ալիք» – «Հայլուր» լրատվական ծրագրի հիմնական թողարկում, «Հարցազրույց»։

«Ֆրի Նյուզ» – «Ազատ լուրեր» լրատվական ծրագրի հիմնական թողարկում, «Ազատ զրույց»։

«Ազատություն TV» – լրատվական հիմնական թողարկում, «Բանավեճ»։

«ՍիվիլՆեթ» – հարցազրույցներ, «Դիտանկյուն»։

«Ֆակտոր TV» – հարցազրույցներ (օրական երկու հարցազրույց) և բանավեճ-քննարկումներ։

Հաշվարկվել են կուսակցությունների/դաշինքների վերաբերյալ անդրադարձների քանակը, անդրադարձների բնույթը՝ նշանային բնութագրիչներով, էթիկայի խախտումները (վիրավորանք, սպառնալիք, հայհոյախոսություն, անձնական կյանքին անհարկի միջամտություն)։ Ընդ որում, տարբերակվել են տվյալ լրատվամիջոցում տեղ գտած էթիկայի խախտման աղբյուրները (քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ընտրությունների մասին արտահայտվող այլ անձինք, լրագրողներ/հաղորդավարներ)։ Արձանագրվել են այն դեպքերը, երբ բանավիճային հաղորդումների, հարցազրույցների ընթացքում լրագրողները/հաղորդավարները հյուրերին պարբերաբար հորդորել են զերծ մնալ վիրավորանքներից ու անհարգալից վերաբերմունքից։

2026թ. մայիսի 8-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում դիտարկվել է 1,636 նյութ։ Կուսակցություններին/դաշինքներին անդրադարձների ընդհանուր թիվը 3,025 է, որից 1,155-ը՝ այս կամ այն կուսակցությանը/դաշինքին ամբողջությամբ նվիրված նյութերի ընդհանուր քանակն է, 1,821-ը՝ կուսակցություններին/դաշինքներին մասնակի նվիրված նյութերի ընդհանուր քանակը, իսկ 49-ը՝ բոլոր կուսակցությունների/դաշինքների հիշատակումների ընդհանուր քանակը։ Ընդհանուր առմամբ՝ եղել է 183 դրական, 730 բացասական և 2,112 չեզոք անդրադարձ (տե՛ս կից աղյուսակները)։

Կուսակցությունների/դաշինքների մասին արտահայտություններում/տեսադրվագներում էթիկայի խախտումների ընդհանուր քանակը 156 է, որից 145-ի աղբյուրը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներն են, իսկ 11-ինը՝ այլ անձինք։

Կազմվել և վերլուծության է ենթարկվել լրատվամիջոցների «հյուր տաղավարում»/հարցազրույց ձևաչափի հաղորդումների մասնակիցների առանձին ցուցակ։

Մշտադիտարկման արդյունքում ի հայտ եկած հիմնական խնդիրները

  • Պաշտոնական քարոզարշավի կարճ ժամանակահատվածը (մայիսի 8-ից հունիսի 5-ը), որի արդյունքում ռեսուրսներով առավել ապահովված կուսակցությունները կարողացել են շատ ավելի վաղ, երբ չեն գործում համապատասխան կարգավորումները, նախընտրական ակտիվություն զարգացնել ու գերիշխող ազդեցություն ունենալ ընտրողի վրա։ Հնարավոր լուծում կարող է լինել պաշտոնական նախընտրական քարոզչության ժամանակահատվածից դուրս քաղաքական քարոզչություն իրականացնելու արգելքը՝ գոնե հանրային մուլտիպլեքսում ներառված և, միգուցե, հեղինակազորված հեռարձակողների համար, կամ էլ պաշտոնական քարոզարշավի ժամանակահատվածի երկարաձգումը։
  • «Լռության օրվա» կանոնների խախտումը՝ որպես տեխնոլոգիական զարգացման արդյունքում առաջացած հաղորդակցային միջավայրի փոփոխման հետևանք։ Հաճախ խախտման այդպիսի դեպքերին ամենևին չի հաջորդում որևէ իրավական պատասխանատվություն։ Հնարավոր լուծում կարող է լինել «լռության օր» ինստիտուտի վերացումը կամ խախտումների դեպքում պատասխանատվության ենթարկելու ընթացակարգի վերանայումը՝ ժամանակի իրողություններին համապատասխան։
  • Խիստ բևեռացված հռետորաբանությունը։ Հնարավոր լուծումներն այս դեպքում առնչվում են ոչ թե լրատվամիջոցների գործունեությանը, այլ՝ քաղաքական ուժերի փոխհարաբերություններին, քաղաքական մթնոլորտում իրականացվելիք փոփոխություններին։

Պետք է նշել, որ լրատվամիջոցներն աննախադեպ հետաքրքրություն են ցուցաբերել 2026թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նկատմամբ (դրա ապացույցը քարոզարշավին ու քաղաքական ուժերին նվիրված նյութերի ընդհանուր քանակն է՝ 1,636)։ (Այստեղ և հետայսու՝ տե՛ս աղյուսակները)։

Ինչ վերաբերում է կուսակցություններին/դաշինքներին անդրադարձների քանակին, առավելագույն ուշադրության է արժանացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (1,057 անդրադարձ, բոլոր անդրադարձների 35%-ը)։

Պետք է նշել, որ ՔՊ-ի վերաբերյալ անդրադարձների առատությունը պայմանավորվում է նաև նրանով, որ քարոզարշավի ընթացքում այդ կուսակցությանը պարբերաբար անդրադառնում էին գրեթե բոլոր քաղաքական ուժերը։

Նվազագույն ուշադրության են արժանացել «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը (28 անդրադարձ, բոլոր անդրադարձների մոտ 1%-ը) և «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը (26 անդրադարձ, բոլոր անդրադարձների մոտ 1%-ը)։ «Ալյանսի» անդրադարձների սակավությունը պայմանավորված է նաև նրանով, որ կուսակցությունը ինչ-որ պահից դուրս է եկել ընտրապայքարից, չի մասնակցել ընտրություններին, և նրա լուսաբանումը դիտարկվել է մինչև 2026թ. մայիսի 27-ը։

Ընդհանրապես, հաղորդումներում կոնկրետ կուսակցությունների/դաշինքների ներգրավվածությունը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից են կուսակցությունների/դաշինքների ակտիվությունը, լրատվամիջոցների քաղաքական կողմնորոշումները (առավել ցցուն օրինակ են «5-րդ ալիքը» ու «Ֆրի Նյուզը»), հասարակության հետաքրքրվածությունն այս կամ այն ուժի նկատմամբ (այս մոտեցումը կարելի է ընդունելի համարել հանրային մուլտիպլեքսում չներառված լրատվամիջոցների դեպքում), ինչպես նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչների՝ հաղորդումներին մասնակցելու պատրաստակամության բացակայությունը (այս գործոնը դրսևորվել է դիտարկած համարյա բոլոր հեռարձակողների դեպքում, բացառությամբ Հ1-ի)։

Ինչ վերաբերում է նշանային բնութագրիչներով անդրադարձներին (դրական, բացասական, չեզոք), արձանագրվել է հետևյալ պատկերը։

Ամենից շատ դրական անդրադարձ ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (59 անդրադարձ, բոլոր դրական անդրադարձների 32%-ը)։ Այդ կուսակցությունը նաև ամենաշատ բացասական անդրադարձներն է ստացել (400, բոլոր բացասական անդրադարձների 55%-ը)։ Դրական անդրադարձների թվով երկրորդ տեղում «Հայաստան» կուսակցությունների դաշինքն է (43, բոլոր դրական անդրադարձների 23%-ը), իսկ բացասական անդրադարձների թվով՝ «Ուժեղ Հայաստանը» (137, բոլոր բացասական անդրադարձների 19%-ը)։

Նշանային բնութագրիչներով ամենից շատ անդրադարձ դիտարկվել է «5-րդ ալիքի» եթերում՝ 57 դրական անդրադարձ, բոլոր դրական անդրադարձների 31%-ը, և 191 բացասական անդրադարձ, բոլոր բացասական անդրադարձների 26%-ը։

Հանրայինի Առաջին ալիքի եթերում բոլորից շատ են բացասական անդրադարձները՝ 173 (բոլոր բացասական անդրադարձների 23%-ը), իսկ դրական անդրադարձները ընդամենը 17-ն են (բոլոր դրական անդրադարձների 9%-ը)։

Ամենաքիչ նշանային բնութագրիչներ արձանագրվել են «ՍիվիլՆեթի» եթերում՝ 0 դրական և 17 բացասական անդրադարձ (բոլոր բացասական անդրադարձների 2%-ը)։

Ինչ վերաբերում է էթիկական խախտումներին, ապա կարող ենք նկատել, որ ամենից շատ խախտում արձանագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը վերաբերող արտահայտություններում/տեսադրվագներում։ Խախտումների քանակը 66 է, որը կազմում է խախտումների ընդհանուր թվի 42%-ը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն առնչվող խախտումները 32-ն են (ընդհանուրի 20%-ը)։ Նրանց հաջորդում են «Հայաստան» դաշինքը (30 խախտում, ընդհանուրի 19%-ը) և «Ուժեղ Հայաստան» դաշինքը (24 խախտում, ընդհանուրի 15%-ը)։ Ապա խախտումների թիվը կտրուկ նվազում է. «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն (3 խախտում, ընդհանուրի մոտ 2%-ը), «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (1 խախտում, ընդհանուրի 0.6%-ը)։ Մնացած կուսակցությունների նկատմամբ խախտումներ չեն արձանագրվել։

Ամենից շատ էթիկական խախտումներ արձանագրվել են «Ազատություն TV»-ի եթերում (44 խախտում, խախտումների ընդհանուր թվի 28%-ը)։ Ինչպես արդեն նշվել է, բոլոր խախտումները քաղաքական ուժերի կողմից արված արտահայտությունների վերարտադրման արդյունք են։ Նրան հաջորդում է «5-րդ ալիքը» (42 խախտում, խախտումների ընդհանուր թվի 26%-ը)։

Ամենաքիչ խախտումներ դիտարկվել են «Շանթի» եթերում (1 խախտում, ընդհանուրի 0.6%-ը)։

Հիշատակված դեպքերում հեռարձակողները, որպես կանոն, պատասխանատվություն չեն կարող կրել էթիկայի խախտումների համար, քանի որ խախտումները ոչ թե լրագրողների, այլ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչների կամ այլ անձանց կողմից արված արտահայտությունների վերարտադրման արդյունք են։

Հետազոտությունն անցկացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Երևանի մամուլի ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930