«Թե՛ ՔՊ-ի օրակարգը, թե՛ իրեն աջակցողների օրակարգը մենք չենք սպասարկելու: Մենք ունենք մեր ճանապարհը, գնալու ենք մեր ճանապարհով: Դրա համար սկսում ենք կոնկրետ քայլեր, որոնց արդյունքը, հուսով եմ, կլինի բարեհաջող»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Ինչ վերաբերում է հանրահավաքներին, չպետք է ունենանք ինչ-որ իլյուզիաներ: Պետք է անենք ճիշտ քայլեր, բայց հանրահավաքները պետք է վերջանան արդյունքով: Եթե տեսնենք, որ այդ հանրահավաքը ցանկացած օր, օրինակ՝ վաղը, զգանք, որ հանրահավաք ենք անում ու վերջացնում ենք այս ադրբեջանաթուրքական կինոն, ուրեմն կանենք: Եթե զգանք, որ մեկ ամիս է պահանջվելու դրա համար, կանենք մեկ ամիս հետո: Մենք ամեն օր պայքարելու ենք դրա համար, ոչ մի ազդեցություն մեզ վրա չի կարող լինել ո՛չ ներսից, ո՛չ դրսից: Բայց մենք պայքարելու ենք այս ստեղծված մեխանիզմի դեմ: Դուք կարող եք մոռանալ Նիկոլ Փաշինյան մարդուն, խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին չէ, մեր երկիրը պլանավորված կործանման տանելու մասին է»,- ասաց Կարապետյանը:
Aravot.am-ը Սամվել Կարապետյանից հետաքրքրվեց՝ հաշվի առնելով, որ ԱԱԾ-ն, քննչական կոմիտեները, կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ), դատարանները, Սահմանադրական դատարանը բոլորը Փաշինյանի գրպանում են, արդյո՞ք բացառում եք, որ ԿԸՀ-ն կհայտարարի, որ չեղարկում է ընտրությունների արդյունքները ընդդիմության մասով ու կհաստատի այն արդյունքը, որը ՔՊ-ն է գրանցել, ու ՔՊ-ն 100 տոկոսանոց ձայն կունենա:
Կարդացեք նաև
Ի պատասխան՝ Սամվել Կարապետյանն ասաց. «Մենք պարտավոր ենք գնալ օրինական ճանապարհով: Եթե նույն կենտրոնական ընտրական հանձնաժողով չդիմեինք, նույն Փաշինյանը կարող էր ասել՝ ինչո՞ւ եք այսքան մարդ հավաքել, հանգիստ դիմում էիք, ԿԸՀ-ն չեղյալ կհամարեր ընտրության արդյունքները, կհայտարարեր երկրորդ փուլ: Իրավունք չունեինք չդիմել ԿԸՀ: Երբ Արամ Սարգսյանը դիմեց ԿԸՀ՝ մեզ ընտրապայքարից դուրս հանելու համար, երևի Հայաստանում ոչ մի մարդ չկար, որ կմտածեր, որ ԿԸՀ-ն այդպիսի որոշում կկայացնի ու ընտրապայքարի մեջ կթողնի, բայց կայացրին: Պետք է գնալ օրինական ճանապարհով ու փորձել օրինական բոլոր մեթոդները»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































