2021 թվականին նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը, հղում անելով Համաշխարհային բանկի տվյալներին, աղմկահարույց հայտարարություն էր արել՝ պնդելով, որ 2018 թվականին Ադրբեջանից Հայաստան փոխանցվել է շուրջ 211 միլիոն ԱՄՆ դոլար։ Տարիներ շարունակ այդ թիվը շրջանառվում էր հանրային դաշտում՝ առաջացնելով բազմաթիվ հարցեր, սակայն որևէ պետական կառույց մինչ այժմ հստակ պարզաբանում չէր ներկայացրել։
«Ժողովուրդ» օրաթերթը, հաշվի առնելով թեմայի հանրային կարևորությունը, նախ դիմել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին՝ պարզելու, թե արդյոք ԱԱԾ-ն ուսումնասիրե՞լ է այդ տեղեկությունները, և արդյոք գոյություն ունեն տվյալներ Ադրբեջանից Հայաստան իրականացված նման ծավալի ֆինանսական հոսքերի վերաբերյալ։
Միաժամանակ, ԱԱԾ-ն առաջարկել էր անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու նպատակով դիմել ՀՀ Կենտրոնական բանկ։
ԿԲ-ի պատասխանը, ըստ էության, ամբողջությամբ փոխում է տարիներ շարունակ քննարկված պատմության ընկալումը։
Կարդացեք նաև
Կենտրոնական բանկը նախ նշել է, որ Համաշխարհային բանկի կողմից հրապարակված տվյալները «միայն հանդիսանում են փորձագիտական գնահատականներ՝ հիմնված միգրանտների վերաբերյալ տվյալների վրա»։
ԿԲ-ի պարզաբանմամբ՝ հաշվարկների հիմքում դրված են ոչ թե փաստացի դրամական փոխանցումները, այլ միգրացիոն վիճակագրությունը։
«Մասնավորապես, ըստ ՀԲ-ի տվյալների, Հայաստանում Ադրբեջանից եկած 87 հազար միգրանտ է առկա, իսկ Ադրբեջանում՝ Հայաստանից գնացած 146 հազար միգրանտ։ Նշենք, որ վերջիններս հանդիսանում են տեղափոխվածներ, այլ ոչ թե փոխանցում ստացող և/կամ իրականացնող ֆիզիկական անձինք»,– հայտնել են ԿԲ-ից։
Ավելին, Կենտրոնական բանկը բացատրում է, որ Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ հաշվարկվում են միգրանտների ենթադրյալ եկամուտներն ու ծախսերը, ինչից հետո կատարվում է ընդհանուր գնահատում այն մասին, թե ինչ ծավալի դրամական միջոցներ կարող էին փոխանցվել նրանց ծագման երկրներ։
«Ելնելով միգրանտների թվաքանակներից և եկամուտների ու ծախսերի գնահատականներից՝ ՀԲ փորձագետների կողմից եզրակացություն է արվում, որ բոլոր միգրանտները փոխանցում են իրականացնում իրենց մայր երկիր»,– նշված է ԿԲ-ի պատասխանում։
Սակայն ամենակարևոր արձանագրումը, թերևս, հետևյալն է.
«Այս փոխանցումները փաստացի կատարված դրամական փոխանցումներ չեն, այլ հաշվարկված են ՀՀ-ից Ադրբեջան և Ադրբեջանից ՀՀ տեղափոխված անձանց թվաքանակի հիման վրա»։
Այսինքն՝ խոսքը ոչ թե բանկային համակարգով կամ այլ ֆինանսական ուղիներով արձանագրված իրական գործարքների, այլ բացառապես միջազգային կազմակերպության կողմից կիրառված վիճակագրական մոդելի մասին է։
Ավելին, Կենտրոնական բանկը հստակ արձանագրել է.
«Համաձայն ՀՀ պաշտոնական վիճակագրության՝ ՀՀ և Ադրբեջանի սուբյեկտների միջև դրամական փոխանցումներ չեն իրականացվում»։
Փաստորեն, պետական երկու կառույցների պատասխաններից պարզ է դառնում, որ տարիներ շարունակ քննարկումների առարկա դարձած 211 միլիոն դոլարի ցուցանիշը չի հանդիսանում իրական փոխանցումների վերաբերյալ պաշտոնական տվյալ։ ԱԱԾ-ն նման տեղեկություն չունի, իսկ ԿԲ-ն փաստում է, որ խոսքը Համաշխարհային բանկի մոդելային գնահատականի մասին է, որը հաշվարկվել է միգրացիոն տվյալների հիման վրա և չի արտացոլում փաստացի իրականացված դրամական փոխանցումներ։
Ավելին, ԿԲ-ից նաև հայտնեցին, որ 2022-ի նույն աղբյուրներում նույն տվյալների դիմաց գրված է 0։ Եվ 2018 թվականից հետո տվյալները մշակվել են, և 2022 թվականին, ինչպես արդեն նշվեց, նման տվյալներ առկա չեն։ Ինչ վերաբերում է 2022 թվականից հետո տվյալներին, ապա այդ տարվանից հետո նման հրապարակումներ այլևս չեն արվել։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































