ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս, այդ թվում նաեւ քվեարկության նախօրեին տված հարցազրույցում հավաստիացրել է. «Ձեռներս կկտրեմ, Հայաստանի քաղաքացու մի քվեաթերթիկի անգամ չեմ կպնի»։ Նա պնդել էր, թե չի կարող լինել ընտրությունների արդյունքների կեղծում եւ ըստ այդմ էլ՝ բացառված են նաեւ հետընտրական գործընթացները։
«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում անդրադառնալով այս պնդմանը՝ «Միասնության թևեր» կուսակցության ցուցակի 9-րդ համար Անուշ Սեդրակյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը մինչև այս պահը չի արել քաղաքական որեւէ պնդում կամ արտահայտություն
ա/ որի ուղիղ հակառակը ինքն չի ասել որոշ ժամանակ անց՝ լինի Արցախ, ընտրություններ, Հայաստանի կողմնորոշում, արտաքին կողմնորոշում… բ/ որը սուտ դուրս եկած չլինի»։
Անուշ Սեդրակյանը հավելեց. «Նա իր ոչ մի խոստում, ոչ մի համակարգային կամ ոչ համակարգային պնդում չի իրականացրել, բացի, ինձ թվում է, մեկից, որը շուտով կիրականացնի՝ «բոլորին փռելու եմ»։ Եվ իսկապես՝ բոլորին փռելու է ու գիտե՞ք ինչի՝ այստեղ հոգեբանական կռվան եմ տեսնում»։ Վերջին խնդիրը, նրա բացատրությամբ՝ այս է, որ սիրո գագաթին հայտնված ուժին թվում էր, թե դա շարունակական է, մինչդեռ հիմա հասկանում են, որ չսիրված են։
Համանման փաստարկ հնչեցրել էր նաեւ հաղորդման մյուս հյուրը՝ «Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակի 5-րդ համար Միքայել Նահապետյանը, որի խոստովանությանը՝ «Առաջին անգամ ընտրությունների արդյունքում ես ինձ, որպես Նիկոլ Փաշինյանին չսիրող մարդ, մենակ չեմ զգում» առարկեցինք, թե նախնական տվյալներով՝ ՔՊ-ն 720 հազարից քիչ ավելի քվե է ստացել։ Սակայն Միքայել Նահապետյանը հակադարձեց, թե տեսել է՝ ինչպես է ձեւավորվել այդ թիվը. «Այդ մարդը հստակ գիտի, թե իր 720 000 ձայնի կառուցվածքն ո՛րն է, և հետևաբար՝ իր իրական լեգիտիմությունն ինչքան է: Այդտեղից էլ գալիս են իր այս հիստերիաները և ռեպրեսիվ ուղի բռնելու հայտարարությունները»։
Կարդացեք նաև
Եվ քիչ անց դարձյալ կրկնեց. «Ես ասում եմ՝ ընտրությունների հաջորդ առավոտը իմ կյանքի լավագույն առավոտներից մեկն է եղել: Ես առհասարակ տխուր չեմ եղել, որովհետև առաջին անգամ է, որ ես չեմ արթնացել մի միջավայրում, որ ժողովուրդը այլ բան է ուզում, ես ուրիշ («Նույն զգացումն է»,- արձագանքեց Անուշ Սեդրակյանը.-Ա. Ի.)։ Ես տեսել եմ, որ եթե որ եթե նույնիսկ նույնական չեն իմ ու հանրության մեծ մասի պատկերացումները, գոնե Նիկոլ Փաշինյանի պատկերացումների պես էլ չեն»։
Ի շարս այլ հարցերի՝ հաղորդման ընթացքում անդրադարձ եղավ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը. «Ես գիտեմ մի բան՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 100 տոկոս օրգանիկ քվե, մյուս ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե»:
Անուշ Սեդրակյանն ասաց. «Նրանք չեն ուզում ընդունել, որ Հայաստանում կան մարդիկ, և այդ մարդիկ շատ են, որոնք նրանց անկեղծ չեն սիրում, չեն ընդունում, դեմ են ընկնում: Եվ այդ մարդիկ ոչ ռուսամետ են, այդ մարդիկ ոչ կաշառված են, այդ մարդիկ ոչ անգրագետ են՝ ոմանց նման կամ կիսագրագետ: Այդ բոլոր մարդկանց գոյությունը նրանց բկին ոսկոր է և ֆիզիկապես և հոգեբանորեն, և նրանք ամեն ինչ անում են, որպեսզի տեղադրեն այն նարատիվը, որ սրանք բոլորը կաշառված ձայներ են»։
«Մենք խոսում ենք մի մարդու մասին, որն ասել է՝ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» չստանա սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին լինելու է աղետաբեր պատերազմ։ Դա է այդ մարդու լրջությունը: Այս երկրի ամենակարևոր հարցերից մեկն իր համար 200 դրամանոց բան է,- մասնավորապես այսպես արձագանքեց հայտարարությանը Միքայել Նահապետյանը։- Ինքն այդպիսի մարդ է, ինքը բառերի և դրանց պատասխանատվության համար որևէ ամոթի զգացում չունի ու իմաստ էլ չկա այդ խոսակցության մեջ մտնելու: Ես ասում եմ՝ այս բոլորը հետևանքն է նրա, որ այդ մարդը առաջին անգամ տեսել է, որ ինքը էլ «մեր սրտի վարչապետ» տիտղոսին չի կարող հավակնել»։
Հիշեցնենք, որ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը նախնական տվյալներով ստացել է 21 477 ձայն, որը վերահաշվարկից հետո նվազեց 244-ով։ Իսկ «Միասնության թևեր» կուսակցությունն էլ նախնական տվյալներով ստացել է 33 644 ձայն, որը վերահաշվարկից հետո նվազեց 56-ով։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը կոչ էր արել իշխանությանը երկրորդ փուլ անել՝ առանց ձայներ փոշիացնողների. «Եթե ինքն այդքան վստահ է, որ հաղթել է, կարող ենք մի հատ էլ ապացուցենք երկրորդ փուլով, քանի որ ինքը բոլոր դեպքերում այսքան ապօրինություններից հետո չի կարող լինել լեգիտիմ իշխանություն»։
Անուշ Սեդրակյանը կանխատեսեց, թե այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը միանշանակ չի անցնի. «Բայց իշխանությունը երբևէ չի գնա դրան, հազիվ են մոբիլիզացրել… Չէ, դա անհնար տարբերակ է, դա չի աշխատի, իշխանությունը հիանալի գիտի, որ ինքը այդ ձայները չունի, ու երբեք չի տա այդ հնարավորությունը»։
Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ


















































