«44-օրյա պատերազմի մանրամասնությունները ցույց են տալիս հայկական պետական կառույցների բոլոր դժվարությունները, բացթողումները, թուլությունները, ուժեղ կետերը։ Եվ պետք է ուսումնասիրել ու հասկանալ, թե այս պետությունն ինչպես պետք է բարեփոխվի»,- Aravot.am-ի դիտարկմանը՝ նկատեցիք, որ այդպես էլ անկախ ուսումնասիրություն չեղավ 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ, և հարցին՝ ի՞նչն էր պատճառը, իր խմբագրմամբ «The 44-Day War: Armenia, Azerbaijan, and the Struggle for Nagorno-Karabakh» գրքի վերաբերյալ՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում կազմակերպված քննարկումից հետո այսպես պատասխանեց Ժնևի համալսարանի դասախոս, լրագրող Վիգեն Չըթըրյանը։
Գիրքը նաև թարգմանվել է հայերեն։
«Կոտրված վահան» ժողովածուն 44-օրյա պատերազմի բազմաշերտ վերլուծություն է։ Այն միավորում է 2020 թվականի Արցախյան պատերազմին, նախորդած դիվանագիտական գործընթացներին, աշխարհաքաղաքական շահերի բախմանը և ռազմական բարեփոխումների բացակայությանը նվիրված 16 խորքային հոդվածներ։ Հայ և օտարերկրացի 17 հեղինակներ վերլուծում են Հայաստանի պարտության պատճառները, հասարակական ու ներքաղաքական զարգացումները Հայաստանում և Ադրբեջանում, ինչպես նաև տարածաշրջանային ուժերի դերակատարումը։ Գիրքը գիտական և վերլուծական կարևոր աղբյուր է պատերազմի պատճառահետևանքային կապերը հասկանալու համար։ Հետազոտական աշխատանքներն իրականացվել են «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությամբ։
Ըստ Վիգեն Չըթըրյանի՝ պատերազմի և պարտության հետևանքը պետք է լիներ ոչ թե ներքին քաղաքական խլրտումների աղբյուր, այլ պետք է ուժ դառնար, որ մենք, հայկական քաղաքական էլիտան, որոշեինք՝ լավ, ունեցանք պարտություն, բայց այսուհետ ունենալու ենք ուժեղ պետություն․ «Եթե այդպիսի որոշում կայացվեր, ուրեմն պատերազմն ուսումնասիրելը կդառնար ամենակարևոր գործիքներից մեկը, որ իմանանք՝ ոնց պետք է այս պետությունը բարեփոխվի։ Պետություն, որը 1994-ին հաղթանակ ուներ, բերեց պարտություն 2020-ին։ Պետք է հասկանալ՝ լավ, դրանից հետո ո՞նց պետք է դառնալ արդյունավետ գործող պետություն, որ նման պարտություն չունենաս։ Ես չեմ ասում, որ այդ պատասխանը միայն բանակաշինությունն է, նաև պետք է մտածել քաղաքական համակարգի, դիվանագիտության, տնտեսության, այլ ռեսուրսների կառավարման ուղղությամբ։ Բազում դասեր կան, որ ցանկացած լուրջ պետություն դրանց վրա կաշխատեր»։
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ինքն այն դասն է քաղել, որ պետք է փակել ղարաբաղյան հակամարտության էջը, որպեսզի խաղաղ ապրենք, և հարցին՝ դա ճի՞շտ ճանապարհ եք համարում, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց․ «Դժվար հարց է, և դրա պատասխանը տարբեր մակարդակներում է։ Կարող է դրանցից մեկը լինել փորձագիտական պատասխանը, որն իմ բնագավառն է, որ կարող են տալ մի քանի հնարավորություններ»։
Հետաքրքրվեցինք՝ որպես փորձագետ Ձեր կարծիքն է հետաքրքիր, նա արձագանքեց․ «Չեմ կարող ասել․ այդ թեման չեմ ուսումնասիրել՝ արդյոք պետք էր փակել, թե մի քիչ պատուհան բաց թողնել, կամ իշխանությունը փակեր, բայց ընդդիմությունը բաց թողներ։ Ես այդ պատասխանը չունեմ։ Ամեն մի տարբերակ ունի առավելություններ և ռիսկեր։ Որևէ որոշում, որ կայացնում ես, քեզ տալիս է լուծում, բայց նոր խնդիրներ է առաջացնում։ Ի վերջո, քաղաքական որոշում պետք է կայացվի, և այդ որոշումը մեկ անձ չպետք է կայացնի, այլ ազգովի պետք է որոշել՝ ավելի լավ է այդ էջը թերթե՞լ, թե՝ տարբեր ձևերով այդ հարցը բարձրացնել։ Այդ բոլորը տեղի չունեցավ ոչ փորձագիտական մակարդակով, ոչ էլ համաժողովրդական քննարկում ունեցանք այդ հարցի շուրջ։ Ունեցանք բևեռացում՝ դավաճան, դավաճան, հետո էջը թերթենք և անցնենք ապագային։ Կարծում եմ՝ դա ամենալավ ձևը չէր։ Կարելի էր ունենալ իսկական անկախ հետաքննող հանձնաժողով, որը կտար անկախ փորձագիտական գնահատական, թե ինչն էր, որ չաշխատեց մեր քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, ռազմական, ժողովրդագրական բնագավառներում, և ինչ կարելի էր այդ հարցերի շուրջ անել ապագայի ուղղությամբ»։
Քննարկման ընթացքում հետաքրքրվեցինք՝ ի՞նչ եք կարծում խաղաղության օրակարգի մասին, որն այժմ ՀՀ իշխանություններն առաջ են մղում․ դա իրատեսակա՞ն է։
Վիգեն Չըթըրյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ իշխանությունները դեռ շատ վաղ են հասկացել, որ Հայաստանը չի կարող շարունակել Ղարաբաղի համար պայքարը։ Նրանք սա հասկացել են դեռ այն ժամանակ, երբ Ղարաբաղը բնակեցված էր հայերով, և ռուսական զորքն այնտեղ էր։ Նրանք հասկացել էին, որ Ղարաբաղը դուրս է Հայաստանի անվտանգային շրջանից 2020-ի նոյեմբերից հետո, և 2022-ի սեպտեմբերի հարձակումներից հետո Հայաստանը հասկացավ, որ իմաստ չունի պայքարել Ադրբեջանի ռազմական հարձակումների դեմ, այդ հարցում չունի դաշնակիցներ։
Ուստի խաղաղության օրակարգը դարձավ իրատեսական, թե՝ ոչ, չգիտեմ, բայց դարձավ անհրաժեշտություն։ Հայաստանը չէր կարող շարունակել այդ պայքարը, քանի որ չուներ ռազմական միջոցներ։ Հայաստանում խնդիրն այն է, որ առաջնորդները չեն խոսում հանրության հետ բացահայտ կերպով, թե ինչ է տեղի ունեցել պատերազմի ժամանակ, որոնք են կորուստները, ինչը կլիներ պայքարը շարունակելու, ռազմական սրացման գինը։ Քաղաքականության մեջ պետք է հնարավորություններ ստեղծես։ ՀՀ իշխանությունները փորձեր են անում․ գնում են ԵՄ, ԵՄ-ն քաղաքացիական դիտորդական առաքելություն է ուղարկում ՀՀ։ Արդյոք խաղաղությունն Ադրբեջանի հետ իրատեսական է, թե՝ ոչ, չգիտեմ, բայց դա անհրաժեշտություն է Հայաստանի համար»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































