Ինչպես խորհրդարանի ամբիոնից հայտարարում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե Ադրբեջանի, թե այլ երկրների, այսպես ասած, միջազգային դերակատարների մոտ անհանգստություն կարող է առաջանալ, որ Հայաստանում կես միլիոն մարդ ձայն է տվել արցախյան շարժումը սկսելուն, ձայն է տվել ծովից ծովին: Այլ կերպ ասած, ըստ Նիկոլ Փաշինյանի տրամաբանության, Ադրբեջանն ու աշխարհը մտահոգ են լինելու, որ Հայաստանում կա կես միլիոն «ռեւանշիստ»: Սա է նրա խոսքի իմաստը: Ու նա հայտարարում է, թե դրա համար էր ասում, որ, եթե ինքը չունենա սահմանադրական մեծամասնություն, կլինի պատերազմ:
Իհարկե, ակնառու է, որ Նիկոլ Փաշինյանը նենգափոխում է իրականությունը: Նրա հանրային ելույթների պարագայում սա արդեն օրգանական երեւույթ է: Հայաստանում ավելի քան կես միլիոն քաղաքացի ընդդիմությանը ձայն է տվել ոչ թե ռեւանշի, այլ՝ վերականգնման համար. արժանապատվության վերականգնման, ազգային ու պետական ինքնության կառուցվածքի վերականգնման, պետական ու հանրային հարաբերություններում հանդուրժողությունը վերականգնելու համար, տնտեսական հեռանկարների եւ դիվանագիտական կարողությունների վերականգնման համար, ու այդ ամենի հանրագումարում՝ առավել որակյալ ու հավասարակշռված խաղաղության ձեւավորման համար:
Դրա պարզ վկայությունն այն է, որ Հայաստանի ընդդիմադիր ուժերը, առավել եւս ընդդիմության առաջատար ուժերը՝ որոնց գնացել է ընտրողների ձայների առյուծի բաժինը, իրենց նախընտրական խոսույթում որեւէ կերպ չեն շոշափել ռեւանշի, ծովից ծովի բովանդակություն: Ավելին, նրանք պարբերաբար շեշտադրել են խաղաղության, առկա իրողությունները հաշվի առնելու, Հայաստանի միջազգային պարտավորությունների նկատմամբ պատասխանատու լինելու հանգամանքը: Հանրությունը ձայն է տվել այդ ամենին, ձայն է տվել ոչ թե ռեւանշին, այլ ավելի արդյունավետ կառավարման, եւ պետական ներքին ու արտաքին առավել կոմպետենտ քաղաքականության հեռանկարին:
Այդ պարագայում, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետն ավելի քան կես միլիոն մարդու հռչակում է ռեւանշիստ, ու հայտարարում, թե դա Ադրբեջանի ու միջազգային հանրության համար լեգիտիմ մտահոգության առիթ է կամ հիմք, դրանով նա ոչ միայն խորացնում է ներհասարակական բեւեռացվածությունն ու անհանդուրժողությունը՝ արդեն ավանդաբար, այլ նաեւ հրավիրում է Հայաստանի դեմ պատերազմի: Նիկոլ Փաշինյանը Հայաստանի խորհրդարանի ընտրության, այսինքն՝ ՀՀ ինքնիշխան քաղաքացիների ընտրության արդյունքը փաստացի հայտարարում է Հայաստանի դեմ պատերազմի լեգիտիմ առիթ:
Կարդացեք նաև
Իսկ այդ պարագայում, երբ բարձր ամբիոնից ու բարձր մակարդակով հռչակվում է «լեգիտիմ առիթը», մեղմ ասած, բացառելի չէ, որ հաջորդիվ՝ պատերազմը դառնա նաեւ կոնկրետ գործիք՝ Հայաստանին ադրբեջանական օրակարգի անարգել պարտադրման համար:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ


















































