Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում անցկացվեց «Ադրբեջանում քննադատական ձայների լռեցումը» թեմայով բանավեճ։ Համանուն զեկույցի հեղինակը Քրիստոֆ Լաքրոյն է։ Բանավեճից հետո Վեհաժողովը 68 «կողմ» և 8 «դեմ» ձայների հարաբերակցությամբ բանաձևն ընդունեց։
Զեկույցում Վեհաժողովը քննադատում է Ադրբեջանի՝ հետևողականորեն քննադատական ձայների լռեցման քաղաքականությունը․ «2023-ից ի վեր Ադրբեջանը հետևողականորեն սաստկացնում է քննադատական ձայները լռեցնելու իր քաղաքականությունը՝ նպատակային ձերբակալությունների, սահմանափակող օրենսդրության և տարբեր ձևերի ճնշումների միջոցով՝ փաստացի ոչնչացնելով անկախ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության այն հատվածը, որը դեռևս շարունակում էր գործել։ Իշխանություններն իրականացրել են ձերբակալությունների մի շարք ալիքներ՝ թիրախավորելով լրագրողների, մարդու իրավունքների պաշտպանների, ժողովրդավարության ջատագովների, հակակոռուպցիոն փորձագետների և քաղաքական այլախոհների։
Քաղաքացիական հասարակության ամենահայտնի և ազդեցիկ ներկայացուցիչներից մի քանիսը շարունակում են մնալ ազատազրկված։ Քննադատական և անկախ լրագրությամբ զբաղվելը դարձել է վտանգավոր գործունեություն՝ ստիպելով որոշ լրագրողների լքել երկիրը, իսկ մյուսներին՝ դիմել ինքնագրաքննության կամ ամբողջությամբ դադարեցնել իրենց մասնագիտական գործունեությունը»։ Զեկույցում մտահոգություն է հնչում, որ Վեհաժողովի հորդորները պաշտոնական Բաքուն չի կատարում․
«Վեհաժողովը բազմիցս և հետևողականորեն ահազանգել է Ադրբեջանում այլախոհությունը լռեցնելու և անկախ ձայները ճնշելու համակարգային քաղաքականության վերաբերյալ։ Ցավոք, այդ կոչերը Բաքվում մնացել են անարձագանք։ Համակարգային, լայնածավալ և մարդու իրավունքների լուրջ խախտումների նկատմամբ աչք փակելը երկարաժամկետ լուծում չէ և չի նպաստի ավելի անվտանգ ու խաղաղ Եվրոպայի կառուցմանը»։
Կարդացեք նաև
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանն էլ բանավեճի ընթացքում հայտարարեց․ «Ադրբեջանում քննադատական ձայները լռեցվում են նաև միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների կազմակերպությունների գործունեության սահմանափակման միջոցով։ Առանձնահատուկ մտահոգիչ է Բաքվում պահվող հայ գերիների իրավիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման վերաբերյալ հաղորդումները։ Անկախ միջազգային մշտադիտարկման բացակայության պայմաններում վտանգի տակ են հայտնվում ոչ միայն կոնկրետ անձանց իրավունքները, այլև պատմական հիշողության, մշակութային արժեքների պահպանությունն ու միջազգային հանրությանը հասանելի տեղեկատվությունը»։
Ըստ Արմեն Գևորգյանի՝ Հարավային Կովկասի ապագային միտված յուրաքանչյուր նոր խաղաղության նախաձեռնություն և յուրաքանչյուր հավակնոտ տեսլական կմնա թերի, քանի դեռ հայ ռազմագերիները շարունակում են պահվել Բաքվում․ «Հայ ռազմագերիների ազատ արձակումը պարզապես մարդասիրական քայլ չէ․ այն ամբողջ խաղաղության գործընթացի անկեղծության կարևոր փորձաքարն է։ Խաղաղության որևէ ճանապարհ չի կարող արժանահավատ լինել, եթե այն հանգեցնում է քաղաքակրթական բարբարոսության Լեռնային Ղարաբաղում»։
Ըստ Արմեն Գևորգյանի՝ դժվար է հավատալ, որ առաջնորդները, որոնք ունակ են ձևավորելու տարածաշրջանների ապագան, ի վիճակի չեն լուծելու մի մարդասիրական խնդիր, որը վերաբերում է սահմանափակ թվով մարդկային կյանքերի․ «Եթե կա բավարար քաղաքական կամք՝ մեծ ռազմավարություններ համաձայնեցնելու համար, ապա պետք է լինի նաև բավարար քաղաքական կամք՝ հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու համար։ Միևնույն ժամանակ, մեր որոշ գործընկերներ պետք է առավելապես մտահոգվեն ոչ թե Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադառնալու հարցով, այլ Ադրբեջանի պատրաստակամությամբ՝ վերադառնալու կազմակերպության հիմնարար սկզբունքներին, արժեքներին և պարտավորություններին։ Հակառակ դեպքում վտանգը մեծ է, որ մենք կարող ենք ականատես լինել ԵԽ-ի աստիճանական և անընդունելի համակերպմանը Ադրբեջանի իշխող վարչակարգի չափանիշներին և ժամանակին իրավացիորեն դատապարտված այսպես կոչված «խավիարային դիվանագիտության» փոխարինմանը «գազային դիվանագիտությամբ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































