Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախարարների կոմիտեն պետք է քննարկի Էրդողանի կառավարության այս անընդունելի վարքագիծը»․ Թուրքիայում ընդդիմության դեմ ճնշումների և ժողովրդավարական նահանջի թեմայով քննարկում՝ ԵԽԽՎ-ում

Հունիս 23,2026 21:44 Share

«ԵՄ-ն և շատ այլ կազմակերպություններ խոսել են Թուրքիայում ժողովրդավարության նահանջի մասին։ Այս Վեհաժողովում ևս խոսել ենք այդ մասին»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում անցկացված «Դատական համակարգի գործունեությունը և ընդդիմության դեմ ճնշումները Թուրքիայում» ընթացիկ հարցերի քննարկման ժամանակ հայտարարեց Բյուրոյի ներկայացուցիչ Լորդ Դեյվիդ Բլենչատրան։

Նա նշեց․ «Թուրքիայում ականատես ենք քաղաքական բևեռացման, մինչդեռ ժողովրդավարական դիմակայունություն է անհրաժեշտ։ Պետք է պահանջենք վերջ դնել այն պրակտիկային, երբ ընտրված ղեկավարները փոխարինվում են նշանակովի անձանցով»։

Նա բարձրաձայնեց Թուրքիայի քաղաքականացված դատական համակարգի և հավաքների ու քաղաքական գործունեության իրավունքի իրացման սահմանափակումների մասին․ «Ընդդիմադիր ուժերի գրասենյակների, խաղաղ ցույցերի շրջապատումը հարյուրավոր ոստիկաններով միայն խորացնում է Թուրքիայում ժողովրդավարական ճգնաժամը։ Պետք է ճնշում գործադրենք Թուրքիայի իշխանությունների վրա, որպեսզի վերականգնվի ներքին կուսակցական ինքնավարությունը։ Քաղաքականացված դատավորներն իրենց՝ առանց իրավական հիմնավորման որոշումներով, թույլ են տվել ընտրված պաշտոնյաների՝ իրենց պաշտոնից հեռացումը։ Մենք պահանջում ենք, որ CHP կուսակցությանը թույլատրվի կազմակերպել ևս մեկ ընդհանուր ժողով՝ ընտրելու իրենց սեփական ղեկավարությանը՝ առանց կառավարության և դատարանի միջամտության։ Նաև պետք է պահանջենք, որպեսզի ապաքաղաքականացվի դատավորների նշանակման գործընթացը, ինչը կպաշտպանի դատական համակարգը կառավարության ձեռքին քաղաքական գործիք դառնալուց»։

Լորդ Դեյվիդ Բլենչատրան հորդորեց ԵԽԽՎ անդամ երկրներին բարձրաձայնել Թուրքիայում գոյություն ունեցող խնդիրների մասին, իր բնորոշմամբ՝ ժողովրդավարության նկատմամբ աննախադեպ հարձակման մասին։ Նա մտահոգություն հայտնեց, որ միայն հատուկենտ երկրներ են խոսում այդ խնդիրների մասին՝ պատճառաբանելով, թե Թուրքիան առևտրային գործընկեր է, ՆԱՏՕ-ի դաշնակից է։

Մինչդեռ, ըստ նրա, իհարկե, ոչ թե պետք է պնդել, որ Թուրքիային հեռացնեն ԵԽԽՎ-ից, այլ ճնշում գործադրեն, որպեսզի ժողովրդավարական ինստիտուտները պատշաճ գործեն․ «Սա նշանակում է դատական համակարգն ապաքաղաքականացնել, հարգել ներկուսակցական ինքնավարությունը և ապահովել ազատ կամարտահայտման իրավունքի իրացումը»։

ԵԽԽՎ-ում ծավալված քննարկման ժամանակ որոշ պատվիրակներ էլ հորդորեցին, որ ԵԽ նախարարների կոմիտեն քննարկման արժանացնի Էրդողանի կառավարության այս անընդունելի վարքագիծը։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930