Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտանեկան բռնությունից պաշտպանության իրավական մեխանիզմները չպետք է վերածվեն իրական տուժող անձանց դեմ կիրառվող գործիքի

Հուլիս 01,2026 19:22 Share

Հայաստանում Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան և Ընդդեմ ընտանեկան բռնության աջակցման կենտրոնների կոալիցիան իրենց խորը մտահոգությունն են հայտնում վերջին դատական որոշումներից մեկին՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արտուշ Ավագյանի նախագահությամբ եւ որոշմամբ, ընտանեկան բռնությունից պաշտպանության վերաբերյալ օրենսդրության կիրառման շուրջ ձևավորող անընդունելի դատական պրակտիկային, որը, մեր գնահատմամբ, կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ ընտանեկան բռնությունից պաշտպանության համակարգի արդյունավետության համար։

Մեզ հայտնի դարձած՝ Անի Կոջոյանի դատական գործով պաշտպանական որոշում է կայացվել այնպիսի պայմաններում, երբ, ըստ գործի նյութերի, բացակայում էին օրենքով նախատեսված էական բոլոր նախապայմանները, այդ թվում՝ կանխարգելիչ հաշվառման վերաբերյալ տվյալները, ընտանեկան բռնության անմիջական վտանգը հիմնավորող բավարար փաստական հիմքերը, ինչպես նաև գործով ներկայացված բոլոր էական ապացույցների համակողմանի գնահատումը։ Եթե նման մոտեցումը վերածվի դատական պրակտիկայի, ապա ընտանեկան բռնությունից տուժած անձանց պաշտպանության համար ստեղծված իրավական մեխանիզմները կարող են օգտագործվել ոչ թե իրենց բուն նպատակին համապատասխան, այլ հակառակ՝ հենց այն անձանց նկատմամբ, որոնց պաշտպանության համար դրանք ստեղծվել են (ՀՀ Քաղ. դատ. օր. 234.2 հոդված 2-րդ մաս՝ 4,5 կետեր):

Օրենքը միաժամանակ հստակ սահմանում է այն իրավական և փաստական նախապայմանները, որոնց առկայությամբ միայն կարող է դատարանը քննարկել և կիրառել նման միջոցներ։ Դրանք կոչված են ապահովելու ինչպես իրական տուժողների արդյունավետ պաշտպանությունը, այնպես էլ իրավական որոշումների կանխատեսելիությունն ու օրինականությունը։

«Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նպատակը ընտանեկան բռնությունից տուժած անձանց կյանքի, առողջության, արժանապատվության և անվտանգության պաշտպանությունն է։ Այդ նպատակին են ծառայում նաև պաշտպանական որոշման ինստիտուտն ու օրենքով նախատեսված սահմանափակող միջոցները։

Առանձնահատուկ մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ տվյալ գործով խոսքը վերաբերում է անձի, որի պաշտպանության համար իր նկատմամբ նախկինում արդեն իսկ կիրառվել էր պաշտպանական որոշում՝ որպես ընտանեկան բռնությունից տուժած անձի պաշտպանության միջոց, իսկ այդ պաշտպանական որոշման վերացման իրավաչափությունը հետագայում Բարձրագույն դատական համակարգի կողմից դարձել էր կարգապահական վարույթի առարկա, որի արդյունքում արձանագրվել էր նրա իրավունքների խախտումը։ Նման պայմաններում ընտանեկան բռնությունից պաշտպանության մասին օրենսդրության կիրառումը պետք է իրականացվի առավել բարձր պատասխանատվությամբ, քանի որ յուրաքանչյուր դատական սխալ կարող է ոչ միայն խախտել կոնկրետ անձի իրավունքները, այլև լուրջ հարված հասցնել ընտանեկան բռնությունից պաշտպանության ամբողջ համակարգի նկատմամբ հանրային վստահությանը և նախադեպ դառնալ։

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան և Ընդդեմ ընտանեկան բռնության աջակցման կենտրոնների կոալիցիան ընդգծում են, որ ընտանեկան բռնության վերաբերյալ յուրաքանչյուր գործ պետք է քննվի բացառապես օրենքի պահանջների խիստ պահպանմամբ, բոլոր ապացույցների լիարժեք և անաչառ գնահատմամբ, զգայուն մոտեցմամբ, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշներին համապատասխան։

Կոչ ենք անում ՀՀ բարձրագույն դատական խորհուրդին, ՀՀ արդարադատության նախարարությանը և իրավասու այլ պետական մարմիններին հետևողական լինել, որպեսզի ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձինք նմանատիպ չհիմնավորված որոշումներով կրկնակի զոհականացման չենթարկվեն:

 

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031