Ռուսաստանում վառելիքի ճգնաժամ է: Պատճառն ուկրաինական անօդաչուների հարձակումներն են նավթավերամշակող օբյեկտների վրա, ինչը երկրով մեկ բենզինի դեֆիցիտ է առաջացրել:
Հունիսի 28-ին ՌԴ նախագահը հայտարարել է, որ սպառողի պաշտպանության համար Ռուսաստանը մտցրել է բենզինի եւ ավիակերոսինի արտահանման լիակատար արգելք, իսկ դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելք սահմանելու հնարավորությունը քննարկվում է:
Հայաստանի համար արգելքը վաղուց է գործում, թեեւ մինչ օրս այն չէր տարածվում ԵԱՏՄ երկրների վրա: Ըստ ՌԴ կառավարության որոշումների, արտահանման արգելքներ են դրված միայն բենզինի եւ ավիակերոսինի վրա:
Ինչեւէ, Հայաստան դիզվառելիքի մուտքը թեեւ ամբողջությամբ չի փակվել, բայց կրճատվել է: Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ գործող էներգետիկ հաշվեկշռով տարեկան նախատեսված է 175 000 տոննա անմաքս դիզվառելիք, որը եթե բաժանում ենք 12 ամսվա, ստանում ենք ամսական մոտ 14 500 տոննա ռուսական դիզվառելիք: Մինչդեռ այսօր փաստացի Հայաստան է հասնում ամսական ընդամենը 4-5 հազար տոննա:
Կարդացեք նաև
Եթե արգելքը դեռեւս չի տարածվում ԵԱՏՄ երկրների վրա, ապա ինչո՞ւ է Հայաստանի համար բացառություն արվում, ինչո՞ւ են ՌԴ-ից ներկրվող դիզվառելիքի ծավալները շեշտակի նվազել եւ դարձել անկանոն: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում այս հարցի պատասխանը չունեն, բայց որպես հարցի լուծում՝ այլընտրանքային երկիր են գտել՝ Ադրբեջանը:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, կանխատեսելով դիզվառելիքի դեֆիցիտի աղետալի հետեւանքները գյուղատնտեսության վրա, հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ Հայաստանը ռազմավարական նշանակության ապրանքների պահեստարաններ չունի: «Սա շատ նման է այն իրավիճակին, որ դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին ասում են՝ անսպասելի ձյուն եկավ, բա ո՞նց անենք: Նման ճգնաժամային իրավիճակները միանգամից չեն հասունանում, եւ դրանց պետք է պատրաստվել, բայց, որքան ինձ հայտնի է, պետական պահեստարանները չեն ավելացվել: Նույնը վերաբերում է ե՛ւ հեղուկ գազին, ե՛ւ դիզվառելիքին, ե՛ւ ցորենի պաշարների կուտակմանը: Մեր իրավիճակում գտնվող պետությունը չպետք է հույսը դնի կայուն զարգացման վրա, որ ամեն ինչ հարթ կընթանա: Այս խնդիրը պետք է դրվի ու գոնե աստիճանաբար լուծվի, եւ սա նույնն է, որ մենք պետական բյուջեում ամեն տարի տարբեր ծախսեր ենք դնում, բայց կապիտալ ծախսերի վրա ուշադրություն չենք դարձնում, իսկ առանց դրանց լավ գիտեք, որ հեռանկարային զարգացում չի լինելու»: Ի՞նչ կլինի, եթե Պուտինը եւ ՌԴ նախարարները փակեն դիզվառելիքի մուտքը նաեւ ԵԱՏՄ երկրներ, մեզ մոտ ի՞նչ է լինելու` բերքը մնալու է դաշտերո՞ւմ»,- պատասխանում է տնտեսագետը:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































