Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորին ծաղրուծանակի առարկա են դարձնում, և ցավը նաև այն է, որ ոմանք իրենց նույնացնում են մեր ժողովրդի հետ»․ Թաթուլ Մանասերյան

Հուլիս 19,2026 14:21 Share
Tatul Manaseryan

«Ես կարող եմ համարձակորեն պնդել, որ սա միակ դեպքը չէ, և ապագայում անպայման շարունակություն է ունենալու։ Ընդամենը սա հետևանք է պարկեշտության դեֆիցիտի՝ մեր պետության և կառավարության կողմից դրսևորված, և երկակի խաղերի, ինչը հանգեցրեց այն իրավիճակին, որ այո՛, մեզնից պահանջեցին կողմնորոշվել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը՝ խոսելով հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում առկա խնդիրների մասին, որոնց արդյունքում դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ, մասնավորապես՝ ՌԴ, հայկական արտահանումը խիստ սահմանափակումների տակ է հայտնվել։

Այսօր էլ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը հուլիսի 10-ից 12 ամսով կասեցրել է հայկական երկու սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը։ Ասել է թե՝ «ԱՐՄՏԵՍՏ» ՍՊԸ-ի և «ԱՐՄ-ՏԵՍՏ» ՍՊԸ-ի կողմից սերտիֆիկացված ապրանքատեսակների արտահանումը կասեցվելու է։

Ըստ մեր զրուցակցի՝ մենք, իբրև պետություն, պետք է հասկանանք՝ եթե բարեկամ երկրների հետ չենք շարունակում համարժեք ձևով հարաբերությունները, չենք գիտակցում մեր երկրի առաջընթացի համար դրանց կարևորությունը, այն երկրների դերակատարությունը, որոնց հետ տարիների ընթացքում իսկապես դժվարությամբ կայացել է համագործակցությունը, ապա այսպիսի իրավիճակները եզակի չեն լինելու։

Ուկրաինական պատերազմի համատեքստում Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերություններում Արևմուտքին հաճոյանալու կեցվածքը Թաթուլ Մանասերյանը գավառամտություն է որակում։ Նկատում է՝ Թուրքիան, որը բնավ չի կարելի համարել զարգացած ու արդյունաբերական երկիր կամ առաջատար երկիր, ուղղակի տարածաշրջանային լուրջ խաղացող է դարձել․ «Արևմուտքի մասը կազմելով, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասը կազմելով՝ Թուրքիան կարողացավ ՌԴ-ի հետ առևտուրը 26 միլիարդ դոլարից հասցնել ավելի քան 50 միլիարդ դոլարի։ Տնտեսական դիվանագիտությունը շատ լավ դաս կարող է լինել հարևան Հայաստանի համար, թե ինչպես կարելի է, առանց Արևմուտքի երեսպաշտության և առանց Ռուսաստանին արհեստական թշնամի դարձնելու, շարունակել հարաբերությունները ծառայեցնել սեփական նպատակներին։ Ռուսաստանը դրա մասին ուղղակի չի ասում, և որևէ պետություն չի ասում, բայց ժողովրդական խոսքն ասում է՝ «Դուզ խոսքը էշին են ասում», իսկ մարդն ինքը պետք է հասկանա։ Այս պարագայում Հայաստանը ներկայացնող անձինք բավական ծանր վիճակի մեջ են մատնել ամբողջ պետությանը և ազգաբնակչությանը, և ցավալին այն է, որ անգամ եթե որևէ հրաշքով մի օր վաղ արթնանանք, և այս ռեժիմը չլինի, բավական լուրջ աշխատանք պիտի տարվի բարոյական, տնտեսական, քաղաքական և այլ վնասները փոխհատուցելու կամ վերականգնելու համար»։

Օրերս նաև պարզ դարձավ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունել է հանրաքվե անցկացնելու մասին հայտը։ Առաջիկայում չի բացառվում, որ հանրաքվե կազմակերպվի՝ Հայաստանը մնա՞ ԵԱՏՄ-ում, թե՞ գնա ԵՄ։ Սրա քաղաքական հետևանքը կարող է լինել Հայաստանում մեծ հակառուսականության ֆոնին։

«Բարբաջանյանները, Շիրինյանները, Խզմալյանները և երկրի առաջին դեմքը՝ կառավարության ղեկավարը, այդքան մեծ-մեծ խոսելու ժամանակ պետք է հասկանան, որ գալու է իրավիճակ, երբ իրենք ստիպված պիտի լինեն հասկանալու, թե ինչ իրավիճակում են հայտնվել։ Ներողություն, ես երբեք էդպիսի բառեր չեմ օգտագործում, բայց Հայաստանին խոստացած գումարը Եվրամիության կողմից «թուլափայ» է։ Հայաստանի միայն արտահանումը, արդեն իջեցված տեմպերով, 700 միլիոն դոլարից ավելի է։ Սա այն վնասն է, որը կրում են արտահանողները, և ոչ միայն գյուղմթերք արտահանողները. ցանկը գնալով ավելանալու է։ Եվ երբ Եվրամիությունը 50 միլիոն է խոստանում, հետո 2,5 միլիոն է ասում՝ այսօր-վաղը կտամ, արժանապատվություն պետք է ունենալ որպես պետություն, որպեսզի նման կանանց, որոնք իրենց երկրներում չունեն բավարար հեղինակություն (նկատի ունի եվրոչինովնիկներ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Կայա Կալասին.- Ն. Գ.), թույլ չտան Հայաստանի բնակչությանը այդպես ծաղրուծանակի ենթարկել։ Եվ վերջում էլ, բնականաբար, հանրաքվեին պետք է «այո» ասեն, որովհետև այլընտրանք չունեն, որովհետև տկարամիտները չգիտեն, թե տնտեսությունն ինչպես պետք է կառավարել։ Բազմազանեցում ասվածը միայն Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև երկընտրանքը չէ։ Դա նաև արաբական երկրներն են, դա հարևան Վրաստանն է, դա հարևան Իրանն է, բազմաթիվ այլ երկրներ են, որոնց հետ հարաբերվելու շնորհք է պետք ունենալ։ Բացի գիտելիքից, նաև մարդկային ներքին բարեկրթություն է պետք, իսկ այս մարդիկ չունեն դա․ գավառամտությունից մինչև խիստ ծայրահեղ՝ իրենց կարծիքով, շատ «շուստրի» են, բոլորին կարողացել են խորամանկել… Ո՛չ, վերջում բոլորին ծաղրուծանակի առարկան են դառնում։ Ցավը նաև այն է, որ ոմանք իրենց նույնացնում են մեր ժողովրդի հետ»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031