Քրեակատարողական արդարադատության ոլորտի փորձագետ Արշակ Գասպարյանի ֆեյսբուքյան գրառումը
Երիտասարդ կյանքիս կեսից ավելին՝ այս պահին ավելի, քան 24 տարի, զբաղվում եմ պատժային համակարգերի բարեփոխումներով։
ՀՀ և բազմաթիվ այլ երկրներում խորհրդատվություն եմ տալիս այն մասին, թե ինչպես կառուցել մարդակենտրոն քրեական արդարադատության և պատժային համակարգեր։ Համակարգեր, որտեղ հավատում են, որ հանցանք կատարած անձը կարող է վերադառնալ համայնք և ապրել հանցազերծ կյանքով, որտեղ մարդուն պետք է պատրաստել թե պատիժը կրելուն, և թե պատժից ազատվելուց հետո «նորմալ» կյանք վերադառնալուն։
Միջազգային բանտային ստանդարտների լեզվով ասած՝ ազատությունից զրկված կամ պրոբացիայի հսկողության տակ գտնվող անձի նկատմամբ պետք է գործի «պատիժ + 0» սկզբունքը/բանաձևը։ Այսինքն, ազատությունից զրկումը ինքնին արդեն պատիժն է, և դրան չպետք է ավելացվեն նոր, ոչ իրավաչափ կամ ոչ անհրաժեշտ սահմանափակումներ։ Մարդու իրավունքներն ու ազատությունները պետք է հարգվեն նաև բանտում, նաև պրոբացիայում՝ պատիժ կրելու ողջ ընթացքում։
Բայց պետք է ազնվորեն խոստովանեմ, որ անգամ ես՝ իմ ամբողջ մասնագիտական մարդակենտրոնությամբ, և վստահ եմ՝ նաև միջազգային դաշտում աշխատող իմ շատ գործընկերներ, հազիվ թե կարողանայինք այնքան հեռուն գնալ, որքան այսօր գնում է Հայաստանի ներկայիս իշխանությունը։
Կարդացեք նաև
ԱԺ-ում քննարկվող ընտրական օրենսդրության փոփոխություններով առաջարկվում է ընտրելու իրավունքը կապել Հայաստանի Հանրապետությունում նախորդող ժամանակահատվածում փաստացի գտնվելու ցենզի հետ, նվազագույնը 366 օր։
Եվ այստեղ է սկսվում բանտային համակարգի «իրական նորարարությունը»։
Եթե այս տրամաբանությունն ընդունվի, ապա կստացվի, որ Հայաստանի ամենակայուն, ամենաստուգելի, ամենահաշվառելի և ամենաանվիճելի, կոնստանտ ընտրողներից կարող են դառնալ ազատությունից զրկված և նույնիսկ պրոբացիայի հաշվառման տակ գտնվող անձինք։ Հատկապես նրանք, ովքեր դատապարտվել են ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների համար և, ինչպես հասկանում ենք, վերջին մեկ կամ երկու տարվա ընթացքում հաստատապես գտնվել են Հայաստանի Հանրապետությունում, ավելին՝ 24/7 ռեժիմով պետության հսկողության տակ։ Ի տարբերություն հազարավոր ազատ քաղաքացիների, նա հաստատ չի վիճարկի իր՝ Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու հանգամանքը։
Այսինքն՝ պետությունները տարիներ շարունակ պայքարում են ազատությունից զրկված անձանց սոցիալական վերաինտեգրման, համայնք վերադարձնելու, նրանց քաղաքացիական կապերը պահպանելու ուղղությամբ, բայց արի ու տես, որ իրական սոցիալական-իրավական ինտեգրման ամենաարդյունավետ մեխանիզմը կարող է շատ ավելի պարզ լինել․ պարզապես սահմանել այնպիսի ընտրական ցենզ, որի արդյունքում, բանտում գտնվող քաղաքացին դառնում է բնակության չափանիշին ամենալավ համապատասխանող ընտրողը։
Սա արդեն ոչ թե մարդակենտրոն արդարադատություն է, այլ պենիտենցիար ժողովրդավարության մի նոր ու նմանը չունեցող մոդել, անգլախոսները կասեին «Մոմենտում»։
Եթե այս բարեփոխումը կոչենք ցնցող, շատ քիչ բան ասած կլինենք։ Եթե կոչենք առաջադեմ՝ կարող է նույնիսկ խիստ չափավոր հնչել։ Իսկ եթե կոչենք պատմական, գուցե պատմությունն էլ նեղանա։
Տարիներ շարունակ մենք պնդում ենք, որ պետք է դատապարտյալին պատրաստված ու պատշաճ վերադարձնել հասարակություն։ Հիմա, կարծես, պետությունն ասում է՝ չէ, եկեք հասարակությանը կամաց-կամաց, ընտրական իմաստով, մոտեցնենք բանտին։ Որովհետև բանտում ամեն ինչ շատ պարզ է․ մարդը տեղում է, հաշվառված է, չի բացակայում, չի արտագաղթում, չի ուշանում, չի փախչում ընտրական ցենզից։
Մի խոսքով՝ իդեալական ռեզիդենտ ընտրող։
Իհարկե, հեգնանքն ու հումորը մի կողմ, բայց խնդիրը շատ ավելի լուրջ է։
Ընտրելու իրավունքը վարչական-քաղաքական հարմարության հարց չէ։ Դա սահմանադրական իրավունք է։ Եվ այդ իրավունքի ցանկացած լրացուցիչ սահմանափակում պետք է գնահատվի ոչ թե պահի քաղաքական տրամաբանությամբ, այլ սահմանադրականության, իրավաչափ նպատակի, անհրաժեշտության և համաչափության չափանիշներով։
Այլապես կարող ենք հասնել մի իրավիճակի, որտեղ, ժողովրդավարության տեսանկյունից, ամենահուսալին դառնում է ոչ թե ազատ քաղաքացին, այլ այն քաղաքացին, ում տեղաշարժը պետությունն արդեն սահմանափակել էր (ով, կարող է մեզանից շատ ավելի ազատ լինել, բայց սա ուրիշ հարթության հարց է)։
Այսինքն՝ փակ դռների հետևում գտնվող մարդը։
Գոնե նա հաստատ տեղում է եղել ․․․


















































