Լրահոս
Օրվա լրահոսը

«Երդման նոր տեքստում Պետությունը կա, իսկ Մարդը …». Արշակ Գասպարյան

Սեպտեմբեր 17,2026 11:35 Share
Քրեակատարողական արդարադատության ոլորտի փորձագետ Արշակ Գասպարյանի ֆեյսբուքյան գրառումը.
Կառավարության անդամի երդման նոր տեքստն ընդգծում է Հայաստանի Հանրապետության հարատևությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, պետական շահը և սահմանադրական կարգը։ Միաժամանակ դրանից դուրս են մնացել ժողովուրդը, մարդու արժանապատվությունը, իրավունքներն ու ազատությունները, իրավունքի գերակայությունն ու իշխանության հաշվետվողականությունը։
Եվ սա պարզապես խմբագրական փոփոխություն չէ։ Սա գործադիր իշխանության արժեքային առաջնահերթությունների վերադասավորում է։
Նոր երդումը ներկայացնում է ուժեղ պետության պատկեր, բայց չի սահմանում այդ ուժի սահմանները։ Այն հստակեցնում է, թե ինչ պետք է պաշտպանի Կառավարության անդամը, բայց լռում է այն մասին, թե ում նկատմամբ է նա պատասխանատու և ինչը չի կարող զոհաբերել նույնիսկ պետական շահի անունից։
Քրեական արդարադատության և բանտային համակարգերի փորձը ցույց է տալիս՝ մարդու իրավունքները միշտ չէ, որ բացահայտորեն հանվում են օրենքներից։ Դրանք հաճախ պարզապես կորցնում են իրենց իրական նշանակությունը, երբ պետական նպատակները հռչակվում են առաջնային, իսկ մարդու իրավունքները դիտվում են որպես այդ նպատակները սպասարկող, իսկ երբեմն նաև` շրջանցելի պահանջներ։
Կառավարության անդամի երդումը պետք է արտահայտի ոչ միայն հավատարմություն պետությանը, այլև պետության սահմանադրական պարտավորությունը մարդու նկատմամբ։
Իմ կարծիքով, Կառավարության անդամի երդումը պետք է հստակ արձանագրեր, որ պաշտոն ստանձնող անձը պարտավորվում է.
1. ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին և հանրային շահին,
2. պաշտպանել պետության օրինական շահերը,
3. հարգել և պաշտպանել մարդու արժանապատվությունը, իրավունքներն ու ազատությունները,
4. գործել իրավունքի գերակայության հիման վրա,
5. ամրապնդել ժողովրդավարական սահմանադրական կարգը,
6. պատասխանատվությամբ գործել ներկա և ապագա սերունդների համար։
Պետական շահը լեգիտիմ է միայն այն դեպքում, երբ ծառայում է ժողովրդին, սահմանափակված է մարդու իրավունքներով և իրականացվում է իրավունքի գերակայության պայմաններում։
Առանց այս բանաձևի, ենթադրվող պետականակենտրոնությունը կարող է շատ արագ վերածվել ոչ թե ուժեղ պետականության, այլ իրավունքով չսահմանափակված պետական իշխանության։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930