Հոգեբան, քրեական արդարադատության և բանտային համակարգի բարեփոխումների միջազգային փորձագետ Արշակ Գասպարյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանի բանտերն այսօր ընդունում են նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, խոշոր գործարարների, քաղաքական առաջնորդների և ազդեցիկ հոգևորականների։
Հարցն այն չէ՝ նրանք մյուսներից ավելի՞ն են, թե ոչ։ Հարցն այն է՝ պատրա՞ստ են արդյոք մեր բանտերը կառավարել այն ռիսկերը, որոնք նրանց անունը, կապերը, ռեսուրսներն ու խոցելիությունը բերում են փակ համակարգ։
Միջազգային բանտային գրականության մեջ նրանց անվանում են «հանրային բարձր պրոֆիլ ունեցող ազատազրկվածներ»՝ նկատի ունենալով մարդկանց, որոնց անունը, նախկին դիրքը, ռեսուրսները կամ ազդեցությունը նրանց պահումը դարձնում են սովորականից ավելի բարդ կառավարչական գործընթաց։
Կարդացեք նաև
Այս մարդիկ մյուս կալանավորվածներից ավելի շատ իրավունքներ կամ պարտականություններ չունեն և չպետք է ունենան։ Բայց դրանից չի հետևում, որ նրանց կառավարումը մասնագիտական առումով ոչնչով չի տարբերվում։
Տարբերությունը հայտնի անունը չէ։ Տարբերությունը ռիսկերի կառուցվածքն ու հնարավոր սխալի գինն է։
Այսպիսի կալանավորվածը կարող է ունենալ ֆինանսական ռեսուրսներ, քաղաքական կամ գործարար կապեր, կազմակերպված աջակիցներ, հանրային խոսքի հնարավորություն և մարդկանց վրա ազդելու երկարամյա փորձ։ Նույն պահին նա կարող է լինել հնարավոր շորթման, նվաստացման, բռնության, տեղեկատվության արտահոսքի, բանտային ենթամշակույթի ճնշման կամ խորհրդանշական հաշվեհարդարի գրավիչ թիրախ։ Նրա նկատմամբ սովորական թվացող միջադեպը կարող է ժամերի ընթացքում վերածվել քաղաքական ճգնաժամի, միջազգային արձագանքի, մարդու իրավունքների խախտման վերաբերյալ վարույթի կամ պետության հեղինակային ծանր վնասի։
Այս իմաստով, ընտրված խուցը լոկ քնելու տարածք չէ։ Այն փակ սոցիալական միջավայր է, որտեղ արագ ձևավորվում են ուժ, վախ, պարտք, կախվածություն, հեղինակություն և ազդեցություն։ Սխալ խցային համատեղությունը կարող է ընդամենը մի քանի ժամում ստեղծել հարաբերություններ, որոնց իրական բնույթը վարչակազմը կնկատի միայն բռնությունից, շորթումից, ենթարկումից, արտահոսքից կամ այլ ծանր միջադեպից հետո։
Հայաստանի օրենսդրական կարգավորումը կալանավորված անձանց տեղաբաշխումը դեռևս չի կառուցում անհատական ռիսկերի, խոցելիությունների և խցային համատեղելիության գնահատման ամբողջական ու պարտադիր համակարգի վրա։ Այն հիմնականում սահմանում է, թե որ ֆորմալ կատեգորիաներին չի կարելի միասին պահել։ Սակայն նույն սեռի, տարիքի և իրավական կարգավիճակի երկու անձանց համատեղ պահումը կարող է լինել կամ լիովին անվտանգ, կամ ծայրահեղ վտանգավոր։ Դա կատեգորիան չի որոշում։ Դա պետք է որոշի մասնագիտական գնահատումը։
Բանտի ղեկավարը պետք է կարողանա հիմնավորել տեղաբաշխման որոշումը։ Պատասխանատու հերթապահը պետք է իմանա՝ ինչ փոփոխությունների հետևել։ Տեսչական անձնակազմը պետք է կարողանա հասկանալ՝ ինչ է տեղի ունենում փակ դռան հետևում, ինչին չներքաշվել և երբ ու ում զեկուցել։ Սա է դինամիկ անվտանգությունը՝ ոչ միայն պատերը, փականներն ու տեսախցիկները վերահսկելը, այլ մարդկանց, հարաբերությունների և փոփոխվող վտանգների կառավարումը։
Ուստի հարցն այսօր շատ կոնկրետ է․ ինչի՞ հիման վրա է Քրեակատարողական ծառայությունը որոշում, թե հանրային բարձր պրոֆիլ ունեցող անձը որ հիմնարկում, որ խցում և ում հետ պետք է պահվի։ Ո՞վ է միաժամանակ գնահատում նրա հնարավոր ազդեցությունն ու նրա սեփական խոցելիությունը։ Ո՞վ է վերանայում այդ գնահատումը, երբ փոխվում են վարքը, կապերը կամ խցային հարաբերությունները։ Եվ ո՞վ է անձնական պատասխանատվություն կրում, եթե այդ որոշումը կայացվել է բանավոր հանձնարարությամբ, լոկ ազատ մահճակալի առկայությամբ կամ վարչական հարմարությամբ։
Այս պահանջն առավել հրատապ է համակարգում տեղի ունեցած սերնդափոխության պայմաններում։ Ծառայության ղեկավարությունից մինչև ՔԿՀ աշխատակից այսօր ներգրավված են բազմաթիվ երիտասարդ ծառայողներ։ Սա կարող է դառնալ իրական բարեփոխման տեսական հնարավորություն։ Նոր սերունդը կարող է ավելի քիչ կապված լինել հին բանտային ենթամշակույթի, ռազմականացված կառավարման և ոչ պաշտոնական հարաբերությունների հետ։
Բայց երիտասարդ ծառայողը կարող է դեմ առ դեմ կանգնել մարդու, որի անունը տարիներով լսել է հեռուստատեսությամբ և որի կապերից կարող են զգուշանալ անգամ պետական համակարգի ներսում։ Նրանից պահանջվում է չհիանալ, չվախենալ, վրեժ չլուծել, արտոնություն չտալ, չներքաշվել անձնական հարաբերության մեջ և միաժամանակ ժամանակին ճանաչել ճնշումը, մանիպուլյացիան կամ վտանգը։ Այս ամենը միայն համազգեստով և կարգապահական հրահանգով չի տրվում։ Այն պահանջում է հատուկ գիտելիք, իրավիճակային վարժանք, փորձառու մենթոր և հստակ պրոտոկելներ։
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի խնդիրն այդ պրոտոկոլը մասնագիտական կարողության վերածելն է՝ ղեկավարից մինչև անմիջական աշխատանք իրականացնող աշխատակից։ Պատրաստվածությունը չափվում է ոչ թե անցկացված դասընթացների և մասնակիցների թվով, այլ ճիշտ ընտրված խցով, կանխված միջադեպով, ազդեցությունից պաշտպանված ծառայողով և հիմնավորված ու ժամանակին վերանայված որոշմամբ։
Բարձր հանրային պրոֆիլ ունեցող ազատազրկվածները հատուկ բանտ չեն պահանջում։ Նրանք պահանջում են այնպիսի բանտ, որը գիտի՝ ում է ընդունում, ինչ պետք է գնահատի և ինչպես պետք է կառավարի իր որոշումների հետևանքները։
Այդ պատճառով հարցը «ի՞նչ տարբերություն մյուսներից» չէ։ Հարցն այն է՝ պատրա՞ստ է արդյոք Հայաստանի քրեակատարողական համակարգը կառավարել այս տարբերության ռիսկերը՝ առանց արտոնության, վրեժի, վախի և ինքնախաբեության։
Բանտի իրական որակը երևում է ոչ թե այն պահին, երբ հայտնի մարդուն ներս են տանում, այլ հաջորդ առավոտ՝ երբ պետք է որոշել՝ որ դուռը բացել, ում հետ պահել, ինչ նկատել և ինչպես կանխել այն, ինչ ծանր միջադեպից հետո բոլորը փորձելու են ներկայացնել որպես անկանխատեսելի։


















































