Քրեակատարողական արդարադատության ոլորտի փորձագետ Արշակ Գասպարյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Շատ հնարավոր եմ համարում, որ Հայաստանի առջև իսկապես առկա են արտաքին ազդեցության, ապօրինի ֆինանսավորման, քաղաքական ներթափանցման և պետության ռազմավարական որոշումների վրա ներգործելու լուրջ վտանգներ։ Հնարավոր է նաև, որ այդ ազդեցության ցանցերը տարիների ընթացքում այնքան են խորացել պետական, տնտեսական և հանրային համակարգերում, որ դրանց չեզոքացումը պահանջում է վճռական գործողություններ։ Հիրավի էլ, իրավական պետությունը պարտավոր է պաշտպանվել, և ժողովրդավարությունը պետությունից չի պահանջում ո՛չ անգործություն, ո՛չ էլ պարզ միամտություն։
Սակայն սպառնալիքի իրական լինելը դեռևս չի օրինականացնում դրա դեմ ընտրված ցանկացած ու ամենախիստ միջոցները։ Ընդհակառակը՝ որքան ավելի զգայուն է գործը ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության տեսակետից, այնքան ավելի բարձր պետք է լինեն ապացույցների, դատավարական երաշխիքների և անկախ վերահսկողության պահանջները։
Տարիքային հոգեբանության լեզվով, հասունությունը ոչ միայն ինքնուրույն որոշում կայացնելու, ընտրություն կատարելու, այլև այդ երկուսի արդյունքում հնարավոր հետևանքների համար պատասխանատվություն ստանձնելու կարողությունն է։ Մինչդեռ «երեխայատիպ» վարքագիծը ցանկանում է ունենալ ընտրելու և պահանջելու բոլոր իրավունքները՝ պատասխանատվությունը մշտապես վերագրելով ուրիշին։ Այդ տրամաբանությամբ մեր անհաջողությունների պատճառը միշտ նախկին իշխանությունն է, Ռուսաստանը, արտաքին ուժերը, ներքին գործակալները կամ հասարակության «չհասկացող» հատվածը։ Անգամ եթե այս գործոններից յուրաքանչյուրը մասամբ իրական է, միևնույն է՝ դրանց անվերջ վերարտադրությունը կարող է իշխանությանը և հասարակությանը ազատել սեփական որոշումների արդյունքները քննադատաբար գնահատելու պարտականությունից։
Կարդացեք նաև
Տառապած կամ այդպիսի զգացում ունեցող հասարակության համար բնական է արդարության պահանջը։ Սակայն երկարատև անարդարությունը կարող է ձևավորել նաև յուրատեսակ «մեղադրական դոմինանտ»՝ հոգեբանական և քաղաքական վիճակ, երբ ամբողջ հանրային ուշադրությունը կենտրոնանում է մեղավորին պատժելու, բարոյազրկելու, ունեզրկելու ու նվաստացնելու վրա։ Այդ վիճակում արդարությունը աստիճանաբար շփոթվում է վրեժի, իսկ պետական արդյունավետությունը՝ որևէ մեկին ազատությունից զրկելու կարողության հետ։
Այդպիսի հասարակությունը կարող է ժամանակավոր հուզական բավարարում ստանալ նախկինում իրեն կեղեքած կամ այդպիսին ներկայացվող անձանց նվաստացումից ու բանտարկությունից։ Սակայն այդ բավարարումը չի ստեղծում անկախ դատարան, մասնագիտական պետական ծառայություն, անվտանգ էներգետիկ համակարգ կամ կենսունակ տնտեսություն։ Այն չի վերականգնում պատճառված վնասը և չի կանխում նույն չարաշահումների կրկնությունը։ Ավելին՝ վրեժի շուրջ կազմակերպված քաղաքականությունը հասարակությանը պահում է հենց զոհի կարգավիճակում, որովհետև նրա ինքնությունը շարունակում է կախված մնալ իրեն վնասած անձից կամ ուժից։
Այս պատճառով հատկապես մտահոգիչ է, երբ ձերբակալությունն ու կալանքը հանրային խոսքում ներկայացվում են որպես պետության վճռականության, ինքնիշխանության կամ արտաքին ճնշմանը դիմակայելու ապացույց։ Կալանքը պատիժ չէ, արտաքին քաղաքական ուղերձ չէ և հասարակության հուզական բավարարման միջոց չէ։ Այն բացառիկ դատավարական սահմանափակում է, որը կարող է կիրառվել միայն անհատականացված և դատարանի կողմից ստուգված ռիսկերի հիման վրա։
Եթե որևէ մեկը կատարել է հանցագործություն, նրա պատասխանատվությունը պետք է ապացուցվի օրենքով սահմանված կարգով։ Բայց անձի կապերը, քաղաքական հայացքները, նախկին պաշտոնը կամ որևէ երկրի նկատմամբ համակրանքը չեն կարող փոխարինել կոնկրետ արարքին, հանցակազմին և օրինական ապացույցին։ «Գործակալ», «ցանցի անդամ» կամ «պետության թշնամի» քաղաքական բնորոշումները քրեական պատասխանատվության հիմքեր չեն։
Հասուն իշխանությունն իր ուժը չի ապացուցում մարդկանց բանտ նստեցնելով։ Այն ուժեղ է այնքանով, որքանով կարողանում է բացահայտել ապօրինի ֆինանսական հոսքերը, պաշտպանել պետական գաղտնիքը, նվազեցնել տնտեսական կախվածությունները, իրականացնել որակյալ քննություն և դատարանում ապացուցել անհատական մեղավորությունը՝ միաժամանակ հանդուրժելով քննադատությունը և սահմանափակելով սեփական իշխանությունը։
Նույն պահանջը վերաբերում է հասարակությանը։ Հասուն քաղաքացին իշխանությունից չի պահանջում պարզապես «ինձ կեղեքածին կեղեքիր կամ բանտարկիր»։ Նա պահանջում է, որ նույն օրենքը, նույն ապացուցողական շեմը և նույն դատավարական երաշխիքները կիրառվեն բոլորի նկատմամբ՝ անկախ քաղաքական պատկանելությունից։ Որովհետև ընտրովի արդարադատությունը արդար չի դառնում միայն այն պատճառով, որ այս անգամ պատժվում են մեզ համար անցանկալի մարդիկ։
Կոչս միգուցե դժվար իրագործելի, բայց անհրաժեշտ պահանջ է՝ փոխել իշխանության իրականացման եղանակը։ Դադարել արդարացնել ներկան անցյալի չարաշահումներով, արտաքին կախվածությունը չփոխարինել ներքին կամայականությամբ և ինքնիշխանությունը չնույնացնել հարկադրանքի ցուցադրության հետ։
Վերջապես, այստեղ կա նաև ակնհայտ հակասություն։
Եթե հանրային տիրույթում սավառնող մոտեցումների համաձայն, Հայաստանը ցանկանում է հեռանալ ռուսական քաղաքական և կառավարչական ազդեցությունից, ապա մարդկանց բանտով վախեցնելը, կալանքը հանրային դաստիարակության գործիք դարձնելը, մեղավորությունը քաղաքական ամբիոնից կանխորոշելը և իրավունքը պետական նպատակահարմարությանը ստորադասելը ոչ թե հեռացում են այդ համակարգից, այլ ուղիղ դրա ներքին վերարտադրությունը։
Հնարավոր չէ մի երկրի քաղաքական-տնտեսական-ռազմական ազդեցությունից «ազատագրվելու» փորձ անել՝ կիրառելով իշխանության իրացման հենց այդ երկրի մեթոդաբանությունը։
Իրական ազատագրումը սկսվում է այն ժամանակ, երբ պետությունը հրաժարվում է վախով կառավարելուց, հասարակությունը՝ վրեժով արդարություն պահանջելուց, իսկ իշխանությունն ու քաղաքացին միասին ընդունում են, որ հասուն ընտրությունը ոչ միայն իրավունք է, այլև դրա հետևանքների համար պատասխանատվություն»։


















































