Կալանքի տակ գտնվող «Մայր Հայաստան» կուսացկության նախագահ, ԲՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի դեմ՝ պահանջելով հերքել իր վերաբերյալ զրպարտություն և վիրավորանք պարունակող հայտարարությունները, հրապարակայնորեն ներողություն խնդրել և փոխհատուցել պատճառված ոչ գույքային վնասը։
Հայցադիմումի համաձայն՝ վեճի առարկա են դարձել 2026 թվականի մայիսի 31-ին մի շարք քաղաքական ուժերի մասնակցությամբ անցկացված «Քաղաքական ուժերի ծրագրերը խաղաղության և անվտանգության վերաբերյալ. Մեծ բանավեճ» խորագրով հեռուստաբանավեճի ընթացքում Վահագն Ալեքսանյանի կողմից հնչեցված արտահայտությունները։
Հայցվորի պնդմամբ՝ պատասխանողը Անդրանիկ Թևանյանին վերագրել է պետական գաղտնիքներ հրապարակելու, Հայաստանի Հանրապետությունը 622 հազար ԱՄՆ դոլարի դիմաց «վաճառելու», պետական դավաճանություն, լրտեսություն և գործակալական գործունեություն իրականացնելու վերաբերյալ հայտարարություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են զրպարտություն։ Բացի այդ, հայցադիմումում նշվում է, որ Անդրանիկ Թևանյանին «լրտես», «գործակալ», «դավաճան», «հայրենիքը փողի դիմաց վաճառող» անվանելը, ինչպես նաև նրա վերաբերյալ «պետք է նստի, փտի բանտում» և «անցկացնի բանտի ծակում» արտահայտությունները վիրավորական բնույթ ունեն և արատավորում են Թևանյանի պատիվն ու արժանապատվությունը։
Այս հիմքով Անդրանիկ Թևանյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել Վահագն Ալեքսանյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր և տեսաուղերձի միջոցով հրապարակել հերքում, որով կհայտարարվի, որ Անդրանիկ Թևանյանի հասցեին հնչեցված վերոնշյալ փաստացի տվյալները չեն համապատասխանում իրականությանը և սուտ են։
Կարդացեք նաև
Հայցով նաև պահանջվում է պարտավորեցնել Վահագն Ալեքսանյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել Անդրանիկ Թևանյանից՝ գրավոր և տեսաուղերձի ձևաչափով՝ ներողություն հայտնելով նրա պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտությունների համար։ Ըստ հայցի՝ թե՛ հերքման, թե՛ ներողության հրապարակումները պետք է ապահովվեն Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում, Հանրային հեռուստաընկերության պաշտոնական կայքում և «Առաջին լրատվական ալիք» YouTube ալիքում՝ նույն կարևորությամբ և ներկայացման ձևաչափով,ինչով տարածվել են վիճարկվող հայտարարությունները։
Հայցվորը դատարանից պահանջում է Վահագն Ալեքսանյանից հօգուտ իրեն բռնագանձել 6 միլիոն ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում, 3 միլիոն ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում, ինչպես նաև դատական ծախսերը, այդ թվում՝ արդեն վճարված 310 հազար ՀՀ դրամ պետական տուրքը և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը, որի հաշվարկը կներկայացվի լրացուցիչ։ Այսպիսով, հայցով պահանջվող ոչ գույքային վնասի փոխհատուցման ընդհանուր չափը կազմում է 9 միլիոն ՀՀ դրամ՝ չհաշված դատական ծախսերը։
Նշենք, որ ավելի վաղ Անդրանիկ Թևանյանը զրպարտության հիմքով դատական հայց էր ներկայացրել նաև Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի դեմ՝ վիճարկելով վերջինիս՝ մայիսի 23-ին հրապարակված տեսանյութում հնչեցված «պետական դավաճանություն գործած», «լրտեսություն արած», «պետական գաղտնիքները գումարով ծախած» և «գործակալական ցանցի անդամ» լինելու վերաբերյալ հայտարարությունները։ Այդ հայցով ևս Թևանյանը պահանջում է հրապարակային հերքում, ներողություն և 6 միլիոն դրամի չափով փոխհատուցում։
Այս հայցադիմումը ևս ընդունվել է վարույթ։
«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ


















































