«ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում ես չեմ շարունակելու Թուրքիայի հետ բանակցություններում հատուկ ներկայացուցիչը լինել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ի կողմից ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով, որ այստեղ փլվում են այդ առիթով բոլոր դավադրապաշտական տեսությունները։ Նման բաների մասին խոսողներն, ըստ նրա, «օտարերկրյա հրահանգ» են կատարում։ Վստահ է՝ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները խորհրդարանում այս և Թուրքիայում իր հինգ ամիսների կատարած հետազոտությունների մասին հարցեր են տալու, ու թեև ինքը դրանց արդեն անդրադարձել է, չի զլանա՝ կրկին կպատասխանի։
Հարցին՝ ինչո՞ւ են Թուրքիայից արդեն շնորհավորել իրեն, երբ ինքն ընդամենը ԱԺ նախագահի թեկնածու է, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Իսկ ինչի՞ պիտի չշնորհավորեին։ Նույն ձև ես ստացել եմ շնորհավորանք, օրինակ, Ռուսաստանից և այլ տեղերից։ Իմ գործընկերը ինձ գրել, շնորհավորել է։ Կամ, ասենք, ընտրությունների գիշերը Վրաստանի վարչապետը շնորհավորեց վարչապետ Փաշինյանին։ Նկատի ունեմ՝ էդ ապուշությունները, իհարկե, կարելի է ասել, բայց դրանք պիտի հիմք ունենան»։
Հիշեցնենք՝ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն էր շնորհավորել Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվելուց հետո։ Թուրք պաշտոնյան իր շնորհավորանքում նշել էր. «Շնորհավորում եմ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ Հայաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ»։
ԱԺ-ում կադրային փոփոխությունների մասին հարցին էլ պատասխանեց՝ այդ հարցերին կանդրադառնա այն ժամանակ, երբ պատեհ կլինի, այսինքն՝ իր թեկնածությունը կհաստատվի։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































