Երևանում ավարտվեց Digitec 2026-ը՝ AI-ի շուրջ համաշխարհային քննարկումները բերելով Հայաստան
Նոյեմբերի 22-ին Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում ավարտվեց տարածաշրջանի գլխավոր AI իրադարձությունը՝ Digitec 2026-ը, որը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։ «Աշխարհի նոր AI հանգույցը» խորագրի ներքո անցկացված 21-րդ Digitec-ը երեք օր շարունակ համախմբեց տեխնոլոգիական առաջնորդների, կառավարությունների ներկայացուցիչների, ներդրողների, հիմնադիրների և ինժեներների Եվրոպայից, ԱՄՆ-ից, Կենտրոնական Ասիայից և Մերձավոր Արևելքից՝ քննարկելու արհեստական բանականության տնտեսությունն ու Հայաստանի դերն այդ էկոհամակարգում։
Digitec համաժողովը, որի տոմսերը սպառվել էին մեկնարկից դեռ մեկ օր առաջ, ընթացավ երեք դահլիճում՝ զուգահեռ սեսիաներով։ DigiConf գլխավոր բեմում ելույթներով, զրույցներով և պանելային քննարկումներով հանդես եկան NVIDIA-ի, Dell Technologies-ի, Mozilla-ի, AWS-ի, Microchip-ի, Revolut-ի, Agile Robots-ի և այլ առաջատար ընկերությունների բարձրաստիճան ղեկավարներ։ Համաժողովի առանցքային իրադարձություններից էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի զրույցը՝ AI հանգույց դառնալու Հայաստանի հնարավորությունների շուրջ։ Անդրադառնալով Հայաստանում ԱԲ-ի զարգացմանն ու կիրառման ընդլայնմանը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց Կառավարության քաղաքական նպատակն ու դիրքորոշումը․ «Մեր նպատակը չի լինելու մարդկանց փոխարինել արհեստական բանականությամբ։ Մեր նպատակն է օգտագործել արհեստական բանականությունը, որպեսզի մարդկանց աշխատանքը, աշխատանքային ջանքերն էլ ավելի արդյունավետ դառնան»։
Կարդացեք նաև
Համաժողովն ամփոփվեց Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սատյարթիի տպավորիչ ելույթով՝ «կարեկից արհեստական բանականության» մասին, որը մարդակենտրոն հայացքով եզրափակեց AI-ի շուրջ տեխնոլոգիական և բիզնես քննարկումների երեք օրը։ Զուգահեռաբար DigiHub և DigiTalk դահլիճներում անցկացվեցին տեխնիկական սեսիաներ և վարպետության դասեր NVIDIA-ի, OpenAI-ի, Krisp-ի և OpenTalks.AI համայնքի մասնակցությամբ, ինչպես նաև ստարտափների ներկայացումներ (pitching) և AI-ի գործնական կիրառությանը նվիրված քննարկումներ ու շնորհանդեսներ։
Digitec ցուցահանդեսին մասնակցում էր ավելի քան 150 ընկերություն ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից՝ տեխնոլոգիական, կրթական տեխնոլոգիաների, ֆինտեխ և այլ ոլորտներից, ինչպես նաև Վրաստանի, Շվեդիայի, Սլովակիայի, Ղազախստանի և այլ երկրների ազգային տաղավարներ։ Startup Alley գոտում ներկայացված էր վաղ փուլի 64 ստարտափ, այդ թվում՝ GreenTech Academy ինկուբացիոն ծրագրի 12 մասնակից թիմ։ Ցուցահանդեսն ունեցավ տասնյակ հազարավոր այցելուներ, որոնք տեղում ծանոթացան նորագույն տեխնոլոգիաներին ու արտադրանքներին։ DigiTalk դահլիճում կայացավ նաև «ԱրմՌոբոտիքս» ինքնավար ռոբոտաշինության ազգային առաջնության եզրափակիչը, որն ԱՏՁՄ-ն կազմակերպում է արդեն 18 տարի։ Ռեկորդային 180 հայտերից ընտրված լավագույն թիմերը մրցեցին այս տարվա՝ «Խելացի ռոբոտներ ԱԲ գործարանում» թեմայով ստեղծված ռոբոտներով։
Այս տարվա նոր ձևաչափերից էր EU4Innovation East ծրագրի աջակցությամբ գործող B2B գոտին, որտեղ երեք օր շարունակ անցկացվեցին գործարար հանդիպումներ ընկերությունների, միությունների և պետական կառույցների ներկայացուցիչների միջև։ ԵՄ-ից, Մերձավոր Արևելքից, Մոլդովայից, Վրաստանից, Սլովակիայից, Շվեդիայից, Հունաստանից և Ղազախստանից ժամանած պատվիրակություններն ու առանձին ընկերություններ հանդիպեցին հնարավոր գործընկերների հետ՝ քննարկելով համագործակցության հեռանկարները։
Digitec-ի առիթով Երևանում գտնվող համաշխարհային տեխնոլոգիական առաջնորդների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունեցավ գործարար նախաճաշ, որը նախաձեռնել էին Enterprise Armenia-ն և ԱՏՁՄ-ն։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի տնտեսական զարգացման ուղղությունները, տեխնոլոգիական ոլորտում աճի և ներդրումների հնարավորությունները, կրթության և աշխատուժի զարգացման, ինչպես նաև իրավական ու կարգավորող դաշտի բարելավման հարցերը՝ ընդգծելով պետական և մասնավոր հատվածների միջև շարունակական երկխոսության կարևորությունը։
Digitec-ը դարձավ նաև կարևոր հայտարարությունների հարթակ։ Միջոցառման ընթացքում գործարկվեց Հայաստանի ստարտափ էկոհամակարգի թվային հարթակը (armenia.dealroom.app), որը ստեղծել են Dealroom-ը, Civitta-ն և ԱՏՁՄ-ն՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Expertise France-ի կողմից իրականացվող EU4Innovation East ծրագրի շրջանակում։ Հարթակը մեկ բաց միջավայրում համախմբում է Հայաստանի ստարտափների, ներդրողների և նորարարական գործունեության տվյալները՝ աշխարհի ավելի քան 100 էկոհամակարգերում կիրառվող միասնական մեթոդաբանությամբ։ Գործարկումից հետո ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը և Dealroom-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ հարթակը ոլորտային քաղաքականության մշակման նպատակով օգտագործելու և դրա երկարաժամկետ կայունությունն ապահովելու վերաբերյալ։
Firebird-ը և ԱՏՁՄ-ն հայտարարեցին Հրազդանում Firebird x UATE AI Hub կրթական և նորարարական կենտրոնի ստեղծման մասին, որը ԱՏՁՄ-ի «Արմաթ» ճարտարագիտական կրթության ցանցի հիմքի վրա երիտասարդների համար ճանապարհ կբացի դպրոցական աշխատանոցից դեպի մասնագիտական կայացում և սեփական տեխնոլոգիական նախաձեռնություններ։ Երեք օրերի ընթացքում ընկերությունների և կազմակերպությունների միջև հայտարարվեց նաև մի շարք նոր գործընկերությունների հաստատման և հուշագրերի ստորագրման մասին։
«21 տարի առաջ Digitec-ը մեկնարկեց որպես փոքր ցուցահանդես։ Այս տարի այն ապացուցեց, որ Հայաստանը կարող է ոչ միայն հյուրընկալել AI-ի շուրջ համաշխարհային քննարկումները, այլև մասնակցել դրանց ձևավորմանը»,- նշեց ԱՏՁՄ նախագահ Արմեն Քոչարյանը։ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանը հավելեց․ «Digitec 2026-ը ցույց տվեց, որ «Աշխարհի նոր AI հանգույցը» պարզապես կարգախոս չէ։ Հնարավորության պահն արդեն հասունացել է, և մեր խնդիրն այժմ այս երեք օրվա քննարկումները Հայաստանի տեխնոլոգիական համայնքի համար երկարաժամկետ հնարավորությունների վերածելն է»։
Digitec 2026-ի գլխավոր հովանավորներն էին NVIDIA-ն, Firebird-ը և Krisp-ը, ռազմավարական հովանավորները՝ Picsart-ը, Netris-ը և Team Group-ը։ Միջոցառումն անցկացվեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կենտրոնական բանկի աջակցությամբ։ Ինստիտուցիոնալ գործընկերներն էին PMI Science-ը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը (ISAA), EU4Innovation East ծրագիրը և GIZ-ը։





















































